ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց, թե ում առաջարկով եւ ինչ հիմնավորումներով են նրա որոշմամբ նախքան պատերազմն սկսվելը կրճատվել ՀՀ ԶՈՒ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։
Տոնոյանն ասաց, որ այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնա փակ նիստում, բայց նշեց, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին տարբեր կորպուսներում ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ «Դրա հիմնավորումը եղել է ԶՈՒ կոլեգիալ հիմնավորումը, ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումը եւ այլ հատուկ ստորաբաժանումներ ստեղծումը շատ ավելի կարեւոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ափսոսանք է հայտնել, որ իր նշանակումից առաջ այդպիսի որոշում է եղել․ այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ ե՞րբ էր սկսվել այդ զորամասերի կրճատման գործընթացը։ Տոնոյանն ասաց, որ ժամանակաշրջանը եղել է պատերազմի նախորդող ժամանակաշրջանը, ավարտվել ռազմական գործողությունների սկսելուց մեկ տարի առաջ։ Նա ընդգծեց, որ դրանում որեւէ դավադրություն տեսնելու կարիք չկա։
Թե ինչ գնահատական կտա Տոնոյանը ՊՆ-ին եւ ԶՈՒ կառավարման ողջ համակարգին, մասնավորապես իր պաշտոնավարման ընթացքում, նախկին նախարարն ասաց, որ խաղաղ պայմանների համար կառավարման համակարգը գործում էր, թեեւ, ունեցել է իր թերությունները․ «Թերությունները մենք շտկում էինք, բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է, վերաձեւակերպվում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի եւ ծավալի ռազմական գործողություններ վարելու առումով»։
comment.count (0)