Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2014 թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին:
Պաշտպանն ու ԱԺ պատգամավորը ծաղիկներ են խոնարհել Իրաքում ԴԱԻՇԻ-ի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգելով նրանց հիշատակը:
«2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման երևույթներն այլևս երբեք չպետք է կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերջիններս քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն: Այսօր ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը շրջել է հոգևոր կենտրոնի տարածքով, նրան ներկայացվել են Հայաստանում եզդիական համայնքի պատմությունն ու հայ եղբայրների հետ անցած ուղին:
Պաշտպանը նաև նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:
comment.count (0)