«Ակնկալում ենք, որ հետևողական լինեք ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին»․ Նարեկ Այվազյանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության առաջ

 |aravot.am|
16:23 - 07 օգոստոսի, 2023

«Ակնկալում ենք, որ հետևողական լինեք ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին»․ Նարեկ Այվազյանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության առաջ |aravot.am|

aravot.am: «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները դիմում-նամակ հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նրանք նաև ՀՀ ԱԳՆ-ին ներկայացրին դիմում՝ հրատապ կարգով տրամադրել այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, երկրներին։

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանը դեսպանատան դիմաց նշեց․ «Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության՝ հուլիսի 15-ի հայտարարությունը,  ըստ որի՝ Միացյալ Թագավորության կառավարությունը սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը և շարունակական աշխատանքները, և կոչը՝ բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական քաղաքացիական աջակցության քաղաքականացումից, ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ստեփանակերտից Երևան եկող, վիրահատության կարիք ունեցող բուժառու ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգելու  փաստի վրա։ Ակնկալում ենք, որ հետևողական կլինեք ձեր կառավարության ստանձնած մարդասիրական առաքելությանը և ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին և վերադարձնելով Վագիֆ Խաչատրյանին»։

Նարեկ Այվազյանը կրկին հայտարարեց, որ «Բացում» նախաձեռնության նպատակներն են բացել ՀՀ-ի և Արցախի միջև կենսական ճանապարհը մարդկանց ու ռեսուրսների անվտանգ փոխադրման համար, ստեղծել երաշխիքներ ճանապարհի անխափան և անժամկետ աշխատանքի համար, պաշտպանել մարդու համընդհանուր իրավունքները և կանխել ճանապարհի փակման պատճառով առաջացած հումանիտար աղետը։

Նա նշեց, որ պատրաստ են նաև հանդիպել և քննարկել նշված, ինչպես նաև առևանգված քաղաքացիների վերադարձի հետ կապված հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել