Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը
 |1lurer.am|
19:13 - 08 օգոստոսի, 2023

Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի նախագահը տեսանյութ-ուղերձ է հղել, որում դիմում է ՌԴ-ին, ԵԱՀՄ ՄԽ-ին, ՄԱԿ-ին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը:

«ՀՀ-ին հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով:

Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում:

ԼՂ նախագահը հորդորում է նաև դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով:

«Միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական և քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում: Որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ագրեսիվ գործողություններին»,- ասաց ԼՂ նախագահը:

Դիմելով միջազգային դերակատարներին՝ Արայիկ Հարությունյանը հորդորում է ստանձնած պարտավորությունների շրջանակում գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ԼՂ-ում ապրող ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական հանցագործությունը: Մասնավորապես, դիմելով Ռուսաստանի Դաշնությանը՝ Արայիկ Հարությունյանը նախ կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը ԼՂ-ում, ապա հավելել.

«Վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ։ Կոչ եմ անում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ:

Վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ-պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու և Լաչինի միջանցքի անխափան գործառությունը վերականգնելու ուղղությամբ:

Կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին:

Լիահույս եմ, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահ երկրները հետևողականություն կցուցաբերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարդության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման՝ միջազգային մանդատով օժտված մեխանիզմի վերագործարկման ուղղությամբ»,- ասվում է Արայիկ Հարությունյանի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել