Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«ՄԵԾԱՐԳՈ
ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ
ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ստեփանակերտ
Մեծարգո Պրն. Իշխանյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:
Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի:
Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:
Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»
comment.count (0)