Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ Էրիկ Գասպարյանն ու Արայիկ Գալստյանը։
Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։
Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։
Իշխան Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին Էրիկ Գասպարյանը միայն լսել է
Էրիկ Գասպարյանը պատմեց, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17-ին, պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող, որը կրակային պարապմունքներ գրեթե չէր անցել։ Սեպտեմբերի 27-ից Էրիկը եղել է Ջրականում, հոկտեմբերի սկզբներին՝ նահանջից հետո՝ տեղափոխվել նախ Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։
Խոսելով Խուռհատ սարում մարտական առաջադրանքի մասին՝ Էրիկն ասաց՝ սար բարձրանալու հրամանն իրենց փոխանցել է իրենց վաշտի հրամանատար, կապիտան Վազգեն Վարդանյանը, որը ողջ ընթացքում հիմնականում իրենց հետ է եղել (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․)։
Տուժողներ Էրիկ Գասպարյանը, Արայիկ Գալստյանը
Իշխան Վահանյանին Էրիկը սարը բարձրանալիս է տեսել, դրանից հետո` մեկ էլ մի անգամ, երբ իջել են՝ սարի ներքեւից սնունդ վերցնելու․ «Հաց բերելիս ինքը մի քանի հոգու հետ կանգնած էր, ծառերով ծածուկ, ավելի հով տեղ էր, չեմ կարող ասել՝ թաքստոց էր թե զուտ հով էր, դրա համար էին էդտեղ նստել, համարյա սարի տակ էր, լանջերին, դրանից հետո իրեն չեմ տեսել, լիքը բաներ են խոսել իր հետ կապված, որ փախել է․․․ Ես դրանք չեմ տեսել, չեմ կարող ասել, իմ իմացածն էն է, որ ինքը էդտեղ էր, հետո էլ էդտեղ չէր, թե ոնց է գնացել, արդեն չգիտեմ»։ Վահանյանի ենթադրյալ վիրավորման մասին էլ Էրիկը ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է։
Տուժողի խոսքով՝ երբ բարձրացել են սարը, ինքը մի քանի նորակոչիկների հետ տեղակայվել է ձախակողմյան հատվածում․ «Մեր կողքը արդեն ձոր էր, մեր հետեւը՝ անտառ, ձախակողմյա հատվածում այլ ստորաբաժանում չի եղել, միայն կողքի թմբի վրա ինչ–որ խումբ կար, դա մի քիչ հեռու էր, ոնց որ մեր սարը ավարտվեր, դա սկսվեր, չէինք իմանում՝ ովքեր են, նույնիսկ մեր կապիտանը սնայպեր էր վերցրել, որ ստուգեր՝ մերոնցական են թե չէ, հետո, որ սկսեցին կրակել, հասկացանք, որ ադրբեջանցիք են»։
Մարտի ժամանակ Էրիկը ռադիոկապ չի տեսել, հրամանները կամ վաշտի հրամանատարից՝ Վազգենը Վարդանյանից է լսել, կամ զինվորներն են իրար փոխանցել․ «Երբ բոյը սկսեց, խուճապահար սաղ փախնում էին, մեկս մեկիս պահելով՝ իջնում էինք սարի տակ․․․ Իրենք արդեն անտառից էին մոտենում մեզ, սարով ֆռացել էին, անտառից էին մոտիկանում՝ թիկունքից, կարելի է ասել․․․ Իջնում ենք, սպասում՝ վաշտը հավաքվի՝ իրար հետ քայլենք, էդ ժամանակ Վազգեն եկավ, ասաց՝ եկեք արագ քայլենք, ո՞ւմ եք սպասում, խառնված էր մի քիչ, էդ եղել է առաջին անգամ, երբ ես իրեն տեսել եմ խառնված, ինքը միշտ եղել է, հա, էլի սթրեսի մեջ, բայց ավելի հանգիստ վիճակում»։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը
Էրիկի խոսքով՝ դրանից հետո բարձրացել են մեկ այլ սար՝ Զանգելանի ուղղությամբ, որտեղ 3-րդ գումարտակն է մարտի եղել, բարձրացել են դադարներով, քանի որ բարձր սար է եղել, իսկ իրենք՝ հոգնած, նստել են, հանգստացել, շարունակել ճանապարհը․ «Ասացին՝ սարի վերեւը 3-րդ գումարտակը բոյ է տալիս, չենք իմանում՝ որ կողմը ինչ է, մի հելեք վերեւ, էնտեղ տեղ չկա թաքնվելու, մենք սարի ներքեւից սպասում էինք, հետո չգիտեմ, թե ով ասաց՝ հետ ենք իջնում, նույն ճանապարհով իջանք, մի հատ ստարշ կար մեր հետ, հետո իմացել եմ, որ Գյումրիից էր, անունն էլ՝ Արտյոմ (խոսքն այն կամավորական քեռու մասին է, որին հիշատակում են գրեթե բոլոր հարցաքննվողները,–հեղ․), ինքն ասաց՝ համբերեք, տեսնենք՝ քանի հոգի ենք, Հարութը (խոսքը սերժանտ Հարութ Ղարախանյանի մասին է, որը զոհվել է,–հեղ․) հաշվեց, 90 եւ ավելի էինք, ստարշը զանգեց Վահանյանին, ասաց՝ զորքդ՝ 100 հոգի նորեկ, էստեղ է, ի՞նչ ես կարողանում անել, նա էլ ասաց՝ չեմ կարող օգնել, ինչ ուզում եք, արեք, ես հոսպիտալում եմ»։
Դրանից հետո, ըստ Էրիկի, այդ կամավորական Արտյոմն իրենց ասել է՝ կա՛մ պիտի այդ 100 հոգով գնան դեպի Հադրութ՝ այնտեղ գտնվող հայերին օգնության, կա՛մ ով ինչ ուզում էր, պիտի աներ։ Զորքը ընտրել է միասին լինելը, ուստի սկսել են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Եվ քանի որ թշնամին արդեն այնտեղ է եղել, ճանապարհին նկատել է նրանց, մարտի բռնվել։ Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու այդ կամավորականը զոհվել են։ Թե կոնկրետ ով է եղել այդ կամավորականը, առ այսօր պարզված չէ։
Էրիկը մինչ օրս չգիտի՝ նահանջի ժամանակ բարձրացած սարը հետ իջնելու հրամանն ով է տվել
Զորքի կիսվելու այս դրվագի վերաբերյալ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր տվեց տուժողին․
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
– Դու ունես վաշտի հրամանատար, որի հետ բարձրացել ես սարը․․․
– Իր հետ չենք բարձրացել, ինքը ուղղակի ասաց՝ բարձրացեք սենց, ու ինքը արագ–արագ քայլեց, որ տեսնի՝ դիմացը ինչ է, մեզ ուղղղորդի, հետո արդեն թե ինքը որ մասում է եղել, ես չգիտեմ։
– Դուք ի վիճակի չե՞ք եղել հետեւել նրան։
– Ինքը ասում էր՝ մի հելեք էստեղ, ապասնի է, չգիտենք՝ 3-րդ գումարտակի կողքերը ինչ կա–ինչ չկա, դրա համար ասաց՝ սարի տակի վրա սպասեք, մենք էլ ահագին զորքով՝ 50 եւ ավելի, սպասում էինք։
– Եվ ճշտե՞ց։
– Հետո արդեն չգիտեմ՝ ինչ եղավ, զինվորները, մեզ փոխանցելով, ասացին՝ հետ իջեք։
– Իսկ հետագայում չե՞ս փորձել տեղեկանալ՝ ոնց եղավ, որ Վազգենը զորքի մի մասի հետ գնաց այդ ուղղությամբ, դուք՝ չէ։
– Դե, որ ասում են՝ հետ եք իջնում, ինձ թվում է՝ սպա կա, որ ասում է՝ էսինչ հրամանը կատարեք, զինվորներն էլ անում են, ես չէի ասի, թե ինչ–որ զինվոր ուղղակի կասեր՝ տղերք, եկեք իջնենք, ու բոլորով հետ իջնեինք․․․ Բայց մինչեւ հիմա էլ ես չեմ իմանանում՝ դա զինվո՞ր է որոշել, շուխուռ գցել, թե՞ ստարշն է ասել․․․ Զինվորներն ասում էին՝ վռոձի Վազգենն է ասել՝ հետ ենք գնում, բայց ես չգիտեմ էլ՝ ինքն է ասել թե ոչ, ինքը հելավ սարի վերեւը ու վերջ, ես իրեն էլ չեմ տեսել․․․ Հիմա որ նայում ենք ավելի սառը, եթե մենք էդ ճամփով փախել, հելել էինք, հետո խի՞ էինք նույն ձեւով հետ իջնում, միտք չկա էդտեղ, ուղղակի էդ ժամանակ խուճապահար ասում են՝ իջնում ենք, ուրեմն՝ ճիշտը էդ է․․․ Էս ամենը հասկանում ես, երբ գալիս ես, խաղաղ ժամանակ է, հանգստանում ես․․․ Հասկանում ես, թե ոնց է եղել, ճիշտը ոնց պիտի լիներ, ու խի տենց չի եղել։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, Գայանե Հովակիմյանը
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց՝ որոշ սպաներ ասում էին՝ այդ հատվածում հրետակոծություն է եղել, դրա համար իրենք չեն կարողացել հետ գալ սպասող անձնակազմի մոտ։ Էրիկը, սակայն, ասաց՝ ինքը նման բան չի տեսել, չի լսել։ Հարցին՝ հիմա, երբ ամեն ինչ ավարտվել է, ինքը կարո՞ղ է ասել՝ ցանկության կամ հրամանատարական նորմալ կազմի դեպքում հնարավոր էր արդյոք պաշտպանությունն ավելի ճիշտ կազմակերպել, նա դրական պատասխան տվեց։ Վերլուծելով կատարվածը՝ Էրիկն ասաց՝ ճիշտ ուղուց շեղվելու, Հադրութ շարժվելու եւ հակառակորդին բախվելու պատճառը եղել է նախեւառաջ սպաների ոչ ճիշտ հրամաններ տալը, հրամաններ չտալը ընդհանրապես եւ խուճապահար վիճակը։
Պատերազմում երկու որդիներին կորցրած Գեղամ Ղազարյանը խնդրեց հայտնել՝ ընդհանուր առմամբ կատարվածը ի՞նչ էր, իրենք ինչի՞ զոհ են ի վերջո․ «Ընդհանուր սպաների կողմից դավաճանություն էր, որ իրենք թողեցին, փախան առանց մեզ հրաման տալու կամ ինչ–որ բան ասելու, առավել եւս, եթե ստարշը ճիշտ է ասել, որ զանգել է Վահանյանին, նա ասել է՝ ինչ ուզում եք, արեք, էդտեղից սկսած՝ մենք կամբատ չենք ունեցել»։
Սխալ ուղղությամբ այդ նահանջի ժամանակ մարտի բռնվելով թշնամու հետ՝ անձնակազմն արդեն ցրվել է։ Էրիկի խոսքով՝ Վանք գյուղի տներում ի սկզբանե 21 հոգով են մնացել, հետագայում՝ բաժանվել 3 խմբի։ Ինքը 8-հոգանոց խմբում է եղել՝ սերժանտ Հարութ Ղարախանյանի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 12-ին գերեվարվել է, 2021 թ․ հունիսին՝ վերադարձել հայրենիք։
Արայիկ Գալստյանի խոսքով՝ շրջափակման միջից իրենք զանգել են օգնության, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել
Հարցաքննված մյուս տուժողն Արայիկ Գալստյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 3 ամսվա զինծառայող։ Արայիկը դժվարացավ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, մեծամասամբ նշեց, որ չի հիշում։ Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին եւս նա ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է, որ վիրավորվել է, նստել մեքենան ու գնացել։ Արայիկը չգիտեր նաեւ, թե նահանջի հրամանն ով է տվել։
Արայիկ Գալստյանը
Դատավարության մասնակիցները նրանից եւս փորձեցին տեղեկանալ, թե ինչպես է ստացել, որ զորքը կիսվել է․
– Կեսը վերեւ էին հելնում, կեսը ներքեւ, ես ներքեւ իջա։
– Դա ո՞նց որոշվեց։
– էդ չեմ հիշում, առանձնացան, ես էլ ներքեւ գնացի։
– Իսկ որ իջնում էիր, գիտեի՞ր, թե որ ուղղությամբ ես գնում։
– Չէ։
– Գիտեի՞ր, որ էդ կողմը հակառակորդն է։
– Չէ, ես տարածքին ծանոթ չեմ եղել։
– Իսկ կամավորականը կամ Հովհաննես Մուրադյանը, ըստ քեզ, գիտեի՞ն։
– Չեմ կարող ասել։
– Դու ի վիճակի եղե՞լ ես լսելու, ընկալելու հրամանները։
– Այո։
Հարցաքննության ավարտին իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ ծնողներին նյարդայնացրեց Վահանյանի՝ նրանց խոսքով արհամարհական հայացքը, նրանք սկսեցին վիրավորել Վահանյանին՝ բղավելով, որ վերջինիս պատճառով ուռուցք են ձեռք բերել, գերեզմաններում գիշերել․․․
Ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Հոկտեմբերի 10-ին Արայիկը վիրավորվել է, շրջափակման մեջ մնացած անձնակազմի հետ մնացել Վանք գյուղի տներում, հետագայում՝ գերեվարվել։ Նրա խոսքով՝ տանից զանգել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, վերջինս ասել է՝ սպասեք, կգանք, բայց ոչ ոք այդպես էլ չի եկել։
Գործով վկա Արսեն Ղուկասյանը (նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին անհետ կորած է մինչ օրս) հայտարարությամբ հանդես եկավ՝ դատարանին տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստից հետո ինքը խոսել է Գարիկ Վարդերեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, տղաների շրջափակման մասին իմանալով, ի՞նչ է արել․ «Բա ես ամսի 11–ին գնացել եմ Թութակներ, տեսել եմ գեներալ Աղաբեկյան Արթուրին եւ Մանուկյան Դավիթին, որոնց տեղեկացրել եմ, որ անտառում ունեմ զինվորներ, որոնց օգնություն է պետք, էնտեղից իրեն ասել են՝ մենք հատուկ օպերացիա ենք պատրաստում, մեզ մի խանգարեք, լքեք տարածքը»,– ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ Վարդերեսյանը պատրաստ է կրկին դատարան ներկայանալ եւ հաստատել իր այս խոսքերը (Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ)։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
comment.count (0)