44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում
23:55 - 09 հունիսի, 2022

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած

  • Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը:
  • Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին:
  • Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։

#Մանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։

Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։

Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։

Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։

Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։

Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը

Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը: 

Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը

Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։

Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։ 

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։

Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։

Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց

Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։

Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։

Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։

Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը

Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։

Լուսանկարում՝ ժամացույցը

Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը

Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։

Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։

Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը

Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։

Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։

Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել