Դատարանի որոշմամբ «Ազատազէն»-ը բաց հրաձգարան գործարկելու ժամանակավոր իրավունք է ստացել
17:28 - 22 օգոստոսի, 2023

Դատարանի որոշմամբ «Ազատազէն»-ը բաց հրաձգարան գործարկելու ժամանակավոր իրավունք է ստացել

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը ժամանակավորապես իրավունք է ստացել իրականացնելու բաց հրաձգարանի գործարկման համար նախատեսված լիցենզիայով գործունեություն։ Որոշումը կայացրել է ՀՀ վարչական դատարանը դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ՝ բավարարելով «Ազատազէն»-ի միջնորդությունը։

Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն հրաձգարան գործարկելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել Ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալին։ Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը՝ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Գ․ Ազիզյանը մերժել էր լիցենզիայի տրամադրումը՝ այն պատճառաբանությամբ, որ դրանցում բացակայում է հրաձգության հրահանգչի որակավորման վկայականը, աշխատանքային պայմանագրի պատճեններ։

Պահանջվող փաստաթղթերը եւ ընդհանրապես լիցենզիա ստանալու կարգը ՀՀ-ում սահմանված է Կառավարության 2023 թ․-ի մայիսի 11-ի որոշմամբ, իսկ հրահանգիչների ուսուցումն ու որակավորումը կարգավորվում է ՆԳՆ համապատասխան հրամանով։ Ըստ այդմ, հրահանգչի որակավորումը կազմակերպում եւ իրականացնում է ՆԳՆ ոստիկանությունը, որակավորումը ստուգում է հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման հանձնաժողովը։ Թեեւ այս հրամանն ուժի մեջ է, սակայն դրա գործնական կիրառելիությունը դեռեւս ապահովված չէ։

Սրանով պայմանավորված՝ «Ազատազէն»-ը դատական հայց էր ներկայացրել ՆԳՆ ոստիկանության դեմ՝ խնդրելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա։

Հայցադիմումին կից «Ազատազէն»-ը միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց՝ ժամանակավորապես՝ մինչեւ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը թույլատրել հրաձգարանի գործարկումը՝ նշելով, որ պայմանական հայցը բավարարվելու դեպքում ոստիկանությունը հավանաբար այն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, ինչը կասեցնելու է դատական ակտի կատարումը, եւ հայցվորի իրավունքները մնալու են խախտված։

Միաժամանակ «Ազատազէն»-ն ընդգծել էր, որ ՀՀ-ում գործում են հրաձգարաններ, որոնք չունեն համապատասխան որակավորված հրահանգիչներ, ուստի առկա չէ որեւէ ռիսկ, ընդհակառակը, առկա է կամայականության սկզբունքի խախտում․ «Ազատազէնի հրահանգիչները հանդիսանում են միջազգային որակավորում ունեցող հրահանգիչներ, որոնք տարբեր պետական մարմինների աշխատակիցների համար իրականացնում են նույն դասընթացներն, ինչ «Ազատազէն»-ում։ Ավելին՝ բոլորը ծառայել են ՀՀ զինված ուժերում, մասնակցել են պատերազմների (բացառությամբ 90-ականների), կրթել եւ շարունակում են կրթել պահեստազորի անդամներին»,- ասված էր միջնորդության մեջ։

Նախագահող դատավորը որոշման մեջ նշել է, որ ուսումնասիրելով միջնորդությունը, գործում առկա ապացույցներն ու օրենքով սահմանված հիմքերը՝ Դատարանի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ հայցվորի պահանջը ժամանակավոր չբավարարելու դեպքում առնվազն չի ապահովվի նրա ենթադրյալ խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացման ամբողջական արդյունավետությունը․ «Մինչդեռ, Դատարանի գնահատմամբ, հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորությունը նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան` ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից` կան ռիսկեր, որոնք իմաստազրկում են անձի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ հանգեցնելով դատական ակտի կատարման ցածր հավանականության (դժվարացման)»,-ասված է որոշման մեջ։

Վերոգրյալի հիման վրա Դատարանը որոշել է, որ սույն գործով ենթակա է կիրառման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հայցի ապահովման միջոցը, այսինքն՝ պետք է ժամանակավորապես բավարարել հայցվոր կազմակերպության պահանջը։

Նշենք, որ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ բողոքարկման ենթակա չէ:

 

Լուսանկարը՝ «Ազատազէն»-ի ֆեյսբուքյան էջից

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված լրացումների եւ փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ

Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել