«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կիրարկման ծանր ընթացքը․ ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով
21:17 - 12 հուլիսի, 2023

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կիրարկման ծանր ընթացքը․ ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով

Վաղը կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ քննարկվելու է նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։


Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին զրկված է զենք ձեռք բերելու իրավունքից

Ինչպես հայտնի է՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը գործում է հունիսի 1-ից։ Օրենքը, ի թիվս այլնի, կարգավորում է ՀՀ քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը։ Այս օրենքը վերջին շրջանում ամենաքննարկված, քննադատված եւ սպասված իրավական ակտերից մեկն է։ Եւ քննադատությունները շարունակվում են նաեւ այսօր։ 

Բանն այն է, որ չնայած այն արդեն գործողության մեջ է, սակայն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում  է, որ առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ: Իսկ օրենքով մինչ այս պահը կարգավորված չէ ռազմամարզական կազմակերպությունների գործունեությունը։ Այլ կերպ ասած՝ նման կազմակերպություններն այս պահին չունեն համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն, չկան քննություն ընդունող մարմիններ։ [Նմանատիպ կազմակերպություններն այժմ գործունեություն են ծավալում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ինչի պատճառով, ըստ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ նախագծի հիմնավորման, «այդտեսակ կազմակերպությունների նկատմամբ պետության կողմից վերահսկողության, փոխգործակցության եւ փոխհամագործակցության համար բավարար հիմքեր ստեղծված չեն»]։

Ինչ փոփոխություններ են նախատեսվում վաղը քննարկվելիք նախագծով

ՀՀ Ներքին գործերի նախարարությունն է պատրաստել  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ դեռեւս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով:

Իսկ օրենքի ողջ տեքստից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ:

Թե կոնկրետ ինչ խմբագրում է արվել քննությունների անցկացման վերաբերյալ հոդվածում, ավելի տեսանելի լինելու համար համեմատենք գործող հոդվածը եւ առաջարկվող փոփոխությունը․

Հոդված 17, մաս 6․ «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ: Քննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք»:

Առաջարկվող փոփոխությունը․ «Բացառությամբ սառը եւ նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություն: Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու թույլտվություն: Պետական մարմինների կողմից քննություն անցկացնելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:»։

Փաստացի, ինչպես նկատում ենք, այս փոփոխությունը ոչ թե լուծում է խնդիրը, այլ խնդրի լուծումը «պատվիրակվում է» պետական լիազոր մարմնին՝ ՆԳՆ-ին։ Միաժամանակ, նախագծում նշված է, որ ՆԳՆ-ն համապատասխան կարգը պետք է սահմանի այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում։ Իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է Օրենքի 1-ին հոդվածում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ Օրենքի դրույթները կտարածվեն նաեւ փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի վրա․ այս պահի դրությամբ oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական եւ ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը եւ դրա հետ կապված հարաբերությունները։

Առաջարկվում է լրացումներ կատարել նաեւ օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում, ինչի արդյունքում այն քաղաքացիները, որոնք ունեն քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ կրելու գործող թույլտվություն, նոր զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն չեն ներկայացնի զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացություն եւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:

Օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում եւս մեկ լրացում է առաջարկվում, համաձայն որի՝ թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար այլեւս կարիք չի լինի ներկայացնել ոչ միայն զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը, այլ նաեւ զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքը։

ՀՀ կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի: 

Ռազմամարզական գործունեության վերաբերյալ օրենքի նախագիծ բերվեց ու հետ կանչվեց

Դեռ նախորդ տարի՝ նոյեմբերի վերջին, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը եւ Քրիստինե Պողոսյանը խորհրդարանին էին ներկայացրել «Ռազմամարզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում էին ՀՀ-ում ռազմամարզական գործունեության կարգավորման առարկան, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության, դրանց կողմից եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում ծագող հարաբերությունների առաձնահատկությունները:

Նախատեսված էր, որ այս օրենքն ուժի մեջ պետք է մտնի ավելի շուտ՝ այս տարվա մարտին, քան Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը, բայց իրավիճակը փոխվեց։ Դեռ ավելին, Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելը որոշ ժամանակով էլ հետաձգվեց, եւ այն ուժի մեջ մտավ հունիսին՝ ապրիլի փոխարեն։ Իսկ ռազմամարզական կազմակերպությունների վերաբերյալ օրենքի այդ նախագիծը, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունվարի 9-ին, բայց նոր նախագիծ այդպես էլ շրջանառության մեջ չի դրվել։

Ի դեպ, հարկ է նշել, որ Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելը միակ, այսպես ասած, ուշացումը չէր։ 2022թ․ հունիսին Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաղորդել էր, որ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է աշնանային նստաշրջան», միեւնույն ժամանակ նշել էր, որ բովանդակային առումով օրենքի վրա աշխատելու կարիք այլեւս չկա: 

ՊՆ-ից վստահեցրել էին՝ ռազմամարզականների մասին օրենքը կլինի ողջամիտ ժամկետում 

Այս տարվա հունիսի վերջին Անվտանգային եւ ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից հանելով եւ նշված կազմակերպություններին որպես իրավունքի սուբյեկտ համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունից զրկելով՝ պետությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անվտանգության եւ ժողովրդավարական բաղադրիչներում։ Կազմակերպությունը կոչ արեց յոթօրյա ժամկետում հստակեցնել ու հայտարարել, թե երբ եւ ինչպես կլուծվի քաղաքացուն առաջին անգամ զենք տրամադրելու այս օրենսդրական բացի խնդիրը եւ կվերականգնվի ՀՀ քաղաքացիների` առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։ Բայց յոթօրյա ժամկետում այս խնդիրը չլուծվեց։

Այսօր այս թեմայով ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ «Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ, Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ խորհրդի անդամ Իշխան Գեւորգյան հայտնեց, որ Պաշտպանության նախարությունում իրենց ասել են, թե «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը ողջամիտ ժամկետում պատրաստ կլինի, բայց չեն հստակեցրել, թե որն է այդ ողջամիտ ժամկետը, միայն ասել են՝ մինչեւ օրենքը։ Այդ ողջամիտ ժամկետը, համենայն դեպս, հանրության սպասելիքներին չի համապատասխանել։ Գեւորգյանը նշեց՝ մինչեւ չհստակեցվի՝ երբ, որտեղ, ինչպես մարդիկ կարող են տալ քննություն՝ զենք ձեռք բերելու համար, իրենք պայքարելու են։

Օրենքի նախագծի հեղինակը պարզաբանում է՝ ինչու են ուշացրել

Այս ասուլիսից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների առաջ ծագած խոչընդոտը ստեղծվել է այն պատճառով, որ ինքն ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չեն կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով․

«Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ եւ լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, եւ առաջիկայում որոշումներ կլինեն նաեւ այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-ի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաեւ համափարպակ առումով»,- գրել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ վաղը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանարության կարգավորման մասին» օրենքում, որոնք այս փուլում միջանկյալ լուծում են լինելու․ «Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու եւ պարզեցնելու ընթացակարգերը»,- վստահեցրել է պատգամավորը։

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ «Ազատազէնի» ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել