Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության գործով ձերբակալվել է 61-ամյա համաքաղաքացին. ՔԿ
15:39 - 25 օգոստոսի, 2023

Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության գործով ձերբակալվել է 61-ամյա համաքաղաքացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները:

2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել նույն քաղաքի 46-ամյա բնակիչը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս  նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ` իր և մասնակիցներից մեկի՝ 61-ամյա համաքաղաքացու միջև առաջացած վիճաբանության ընթացքում:  Վերջինս  իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել