Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ շրջեցին վարչական շրջաններում
17:49 - 26 օգոստոսի, 2023

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ շրջեցին վարչական շրջաններում

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ քարոզարշավի ժամանակ շրջեցին քաղաքի վարչական շրջաններում։ 

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Մալաթիա-Սեբաստիայում էր։ Տիգրան Ավինյանը սուտ որակեց մեղադրանքները, թե «իրեն է ծառայեցնում ոստիկանությանը, թաղայիններին՝  քարոզարշավի մասնակիցներ հավաքելու համար»։

«Մեզ բոլոր վարչական շրջաններում շատ դրական են ընդունում»,- ասաց Ավինյանը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նուբարաշենում էր։ Կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանն ասաց` ուզում են ներդնել 24-ժամյա կառավարման համակարգ կամ «գիշերային քաղաքապետի» ինստիտուտ․ «Մենք կկարողանանք 24 ժամ շարունակ Երևան քաղաքի բնակիչներին մատուցել որակյալ ծառայություններ»։

«Հանրապետություն» կուսակցությունը Նոր Նորքում էր։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց՝ իրենք համարում են, որ Հայաստանը պիտի դառնա եվրոպական, արևմտյան ընտանիքի անդամ, սկսի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և դուրս գա ՀԱՊԿ-ից։

«ԵԱՏՄ-ն էն տնտեսական կառույցը չէ, որում հնարավոր է զարգացում ունենալ իր հին տեխնոլոգիաներով և կոռումպացված համակարգով։ Մենք պիտի ստորագրենք ասոցացման համաձայնագիր և մաս դառնանք եվրոպական շուկայի։ Մենք տեսնում ենք, որ տնտեսության նման զարգացումն է, որ Երևանի բյուջեին լրացուցիչ մուտքեր կապահովի»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստանը» Հույսի Ավան Թաղամասում էր։ Կուսակցության առաջին համար Դավիթ Խաժակյանը բնակիչների հետ խոսեց թաղամասի խնդիրների մասին։

«Մայր Հայաստան» դաշինքն Էրեբունի վարչական շրջանում էր։ Դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանն ասաց, որ իրենք ընտրություններին մասնակցում են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ծրագրով։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գլխավոր հնարավորություններից մեկը Երևանի ավագանու ընտրություններում Երևանում իշխանափոխություն իրականացնելն է»,- նշեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել