Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն
17:16 - 31 օգոստոսի, 2023

Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը պահանջում է դատական համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահություն, ինչը առկա պայմաններում բացակայում է։ Ի թիվս մի շարք այլ փաստարկների, իշխանությունները նաեւ այսպես էին հիմնավորում ՀՀ-ում նոր՝ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրերս լրացավ այդ դատարանի գործունեության մեկ տարին, եւ ենթադրվում էր, որ գոնե այդ մեկ տարվա ընթացքում պիտի լուծված լինեին դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որ նախապես լուծում չէին ստացել, սակայն կարեւոր խնդիրներից մեկը, որ առնչվում է վարույթի հրապարակայնությանը, մինչ օրս մնում է առկախված։

Դատարանների նկատմամբ հանրության վստահության համատեքստում հրապարակայնությունն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս հասարակական հսկողության տակ պահել դատարանների աշխատանքը։ Ինչպես ռուս իրավաբան Միխայիլ Դուխովսկին է նշել՝ արդարադատությունը հանրային աշխատանք է եւ իրականացվում է՝ հանրային շահերից ելնելով, իսկ այդպիսի ցանկացած գործունեություն իր էությամբ պետք է լինի հրապարակային՝ հասարակական կարծիքի եւ մամուլի հսկողության ներքո։

Այս տրամաբանությամբ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դռնբաց (բացառությամբ դռնփակ նիստ անցկացնելու՝ օրենքով սահմանված հիմքերի), իսկ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ ենթակա են հրապարակման Դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex.am-ում (այսուհետ՝ նաեւ Համակարգ):

Հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է կոռուպցիոն հանցագործությունները եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը (պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի բռնագանձման հայցերը), թեեւ դռնբաց քննություն իրականացվում է, սակայն հրապարակման ենթակա ողջ տեղեկությունները չեն հրապարակվում: Պատճառը Datalex.am-ում Հակակոռուպցիոն դատարանի ենթաբաժնի շարունակական բացակայությունն է։

Infocom-ը դեռ ամիսներ առաջ՝ մարտին էր անդրադարձել այս խնդրին՝ պատասխանատու կառույցներից փորձելով հասկանալ, թե որն է դրա պատճառը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքի պահանջն ապահովելու համար։ Datalex․am-ը սպասարկող ընկերությունից, լսելով խնդրի մասին, զարմացել էին՝ խոստանալով շտկել այն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենը, խնդիրը պայմանավորել էր տեխնիկական եւ ծրագրային համապատասխան աշխատանքների անհրաժեշտությամբ՝ նշելով, որ իրականացվում են Համակարգում համապատասխան գործիքակազմի նախատեսում եւ քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, որոնցով դրանց ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տեղեկությունները կլինեն հասանելի։ Այսինքն՝ դատարանների գործավարությունն ապահովող համակարգչային ծրագրում նորաստեղծ դատարանը ներդրված էր, տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում էին, սակայն  Datalex.am չէին փոխանցվում եւ չէին հրապարակայնացվում։ 

Ըստ Դեպարտամենտի՝ ծրագրային լուծումները թեստավորման փուլում են

Օգոստոսի 16-ին դարձյալ գրավոր հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել՝ մեր նախորդ հարցումից հետո ի վերջո նախատեսվե՞լ է համապատասխան գործիքակազմ, եւ ստեղծվե՞լ է համապատասխան ենթաբաժին։ Ի պատասխան՝ Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը հայտնել է՝ նախատեսվել է ինչպես գործիքակազմը, այնպես էլ ենթաբաժինը, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Հարցին, թե ինչով է պայմանավորված հապաղումը, կոնկրետ պատասխան չի տրվել։ 

Դատական դեպարտամենտի եւ Համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության միջեւ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, այդ թվում՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ եթե այս աշխատանքները կատարվել են, եւ Ծրագրի բազայից Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Համակարգի սերվեր, ո՞րն է պատճառը, որ դրանք հրապարակային չեն դառնում։ Միաժամանակ նշել ենք, որ հիշյալ պայմանագրերում առկա են Հակակոռուպցիոն դատարանին, նաեւ դրա վերադաս ատյաններին վերաբերող այլ դրույթներ եւս, ուստի խնդրել ենք հայտնել՝ եթե դրանցից ոչ մեկը վերաբերելի չէ հրապարակման ենթակա տեղեկությունները Համակարգում հասանելի (հրապարակային) դարձնելուն ուղղված կոնկրետ ծրագրային աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառաբանությամբ նույն կամ որեւէ այլ պայմանագրով չեն նախատեսվել հենց այդ աշխատանքները։ Ի պատասխան՝ Դեպարտամենտից կրկնել են, որ հիշյալ պայմանագրերում նախատեսվել են կատարվել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, ներառյալ Ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր․ «Ձեր կողմից նշված տեղեկությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրային լուծումները թեստավորման փուլում են»,- ասված է պատասխանում։

Ըստ Դեպարտամենտի՝ տեղեկությունները ամբողջապես հասանելի դարձնելուն պես Համակարգում ինքնաբերաբար հասանելի են լինելու Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների տեղեկությունները։ Նշենք, որ 2023 թ․ հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանում գործում էին կոռուպցիոն գործեր քննող առանձին դատավորներ), իսկ 2022 թ․ հուլիսի 1-ից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։

Հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներում պետք է ակնկալել հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում, Դեպարտամենտից պատասխանել են հետեւյալը․ «Դատական գործերի հրապարակայնության սկզբունքի հաշվառմամբ՝ Դատական դեպարտամենտը շարունակում է հետեւողականորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում մեկշաբաթյա պարբերականությամբ հրապարակվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարույթներում քննվող դատական գործերի վերաբերյալ տեղեկատվություն»։ Նշենք, սակայն, որ ԲԴԽ կայքում հրապարակվող տեղեկությունները օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չնչին, մեծամասամբ՝ տեխնիկական մասն են միայն։

Datalex-ը սպասարկող ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ծանրաբեռնված են մեկ այլ համակարգի աշխատանքներով

Datalex-ը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության ղեկավար Արմեն Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ մեր բարձրացրած խնդրի ուղղությամբ աշխատանքներ, այո, տարվում են, սակայն շատ մեծ աշխատանք է տարվում մեկ այլ համակարգի հետ կապված, որն էլ խլում է իրենց ողջ ռեսուրսը․  «Չգիտեմ՝ տեղյակ եք թե չէ, շատ մեծ աշխատանք է կատարվում քաղդատավարության հետ կապված, քաղդատավարության մեջ բոլոր քաղաքացիներին տալիս ենք էլեկտրոնային կաբինետներ, եւ դրանով ցանկացած քաղաքացի միանգամից տեսնելու է՝ եթե ինքը ինչ-որ առնչություն ունի ցանկացած գործի հետ,  կարողանալու է դատավարական գործողություններ կատարել կամ դիմելու է փաստաբանի, որպեսզի նա կատարի» (խոսքը Քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների ծրագրի մասին է, որը նախատեսված է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությամբ):

Դիտարկմանը, որ հարցը կոնկրետ Հակակոռուպցիոն դատարանի մասին է, արդյո՞ք դրա վարույթում եղած գործերը Datalex-ում հասանելի դարձնելու խնդիր իրենց առաջ դրված է, Մանուկյանը պատասխանեց․ «Գլոբալ այդ խնդիրը, իհարկե, դրված է, կոնկրետ աշխատանքներ տարվում են, բայց քանի որ քաղդատավարության մասում ժամկետ է սահմանված, եւ առաջնահերթությունը շատ բարձր է դրված, դրա համար․․․ Դա էլ է կատարվում, բայց հիմնական ամբողջ աշխատանքը շեղվել է, գնացել է էս ուղղությամբ, մոտավորապես մեկ տարի է՝ աշխատանքները կատարվում են, կարելի է ասել՝ ավարտական փուլում են, ամբողջ համակարգը կառուցվել է, եւ մեկնարկման ընթացքի մեջ ենք, հենց մեկնարկեցինք, ամբողջ ուժերը դնելու ենք Ձեր ասած ուղղության մեջ»։ Դիտարկմանը, որ ուժերը նոր չպիտի դրվեն, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ տարի է՝ արդեն գործում է, եւ պետք է հասկանալ, թե ինչու է ձգձգվում, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դա գալիս է Արդարադատության նախարարությունից․ «Հարցը հետեւյան է․ մենք մասնավոր ընկերություն ենք, ունենք պայմանագիր, ըստ պայմանագրի՝ պիտի հանձնենք քաղդատավարության համակարգը, բայց նախարարությունը պերեստռախովկա է անում,  ստուգումներ է անում, որպեսզի համոզված լինի, որ ծրագիրը իդեալական է, մեծ ուժեր են դրել, ստուգում են, ստուգում են, այսինքն՝  մենք զբաղված ենք այդ քաղդատավարության ծրագրի ստուգելով, իրենք ստուգում են, մենք ստուգում ենք»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի մասով վերջնաժամկետ չունեն արդյոք։ Այս հարցը ծագում է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ վերոհիշյալ պայմանագրերում սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից եւ գործում են մինչեւ կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, ինչը, իհարկե, անորոշ ձեւակերպում է։ «Անընդհատ այդ հարցը բարձրացվում է, բայց նախարարության կողմից էդպեսի ժամկետ չունենք սահմանված։ Դեպարտամենտը իր կողմից իր աշխատանքները կատարում է, բայց էս մասով հիմնականում նախարարության հետ է մեր շփումը, էդ համակարգերը որ կառուցվում են, որը որից հետո կառուցվի, ոնց կառուցվի, էդ ամեն ինչը նախարարությունն է անում»։ Նկատենք, սակայն, որ վերոհիշյալ պայմանագրերի կողմերը «Մեյսիս Ինֆորմեյշըն Սիսթեմս» ընկերությունն ու Դատական դեպարտամենտն են, եւ դրանցով, ինչպես վերը նշեցինք, հստակ սահմանված է, որ անհրաժեշտ է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցումը Datalex համակարգի սերվեր։ «Մեզ խանգարողն այն է եղել, որ ստուգումներն այնքան շատ են, որ․․․ Ստուգում-ստուգում-ստուգում, առավոտից իրիկուն զբաղված ենք ստուգելով, իսկ էդ մյուս մասով հստակ խնդիր չկա դրված, Դեպարտամենտը, հասկանալով, որ մենք հիմա ստուգումների մեջ ենք․․․ Դրանք էլ վտանագավոր են, էդ քաղդատավարության պայմանագիրը, որ կնքել ենք, կարող է բռնեն, ընդհատեն, մենք մեր աշխատանքը կատարում ենք, իրենք էլ ստուգում են»։

Ի պատասխան հարցին՝ իրենց գնահատմամբ օրինաչա՞փ են այդ ստուգումները, ասաց, որ չափից շատ են։ Հարցին՝ դրա մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնում են Նախարարության մոտ, ասաց․ «Դե, իհարկե, բայց դե, Նախարարությունն է, ամեն ինչ մանրակրկիտ, մինչեւ վերջին տառը ստուգում է, մի տեղ որ շահում ես, մի տեղ կորցնում ես, չէ՞։ Մյուս հարցին՝ արդյո՞ք Դեպարտամենտը դժգոհություն չի հայտնում, որ իրենց ողջ ռեսուրսներն այդ ուղղությամբ են գնում, ասաց․ «Դե, ի՞նչ անի Դատական դեպարտամենտը»։

Թե երբ նոր համակարգը կհանձնվի շահագործման, եւ երբ կանցնեն Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել, նշեց՝ շահագործման հանձնելը միայն իրենցից չէ կախված, այլ փոխկապակցված մյուս կողմերից եւս։ Հարցազրույցի վերջում նա խնդրեց նախքան նյութի հրապարակումը այն ուղարկել իրեն, իսկ երբ մերժեցինք՝ նշելով, որ նախապես նման պայմանավորվածություն չենք ունեցել եւ նման պրակտիկա էլ չունենք, ասաց՝ համարենք, որ այդ դեպքում ոչինչ էլ մեզ չի ասել։ Նշենք, սակայն, որ ողջամիտ չէ զրույցի ինչ–որ պահից պայմաններ առաջ քաշել եւ ետ վերցնել խոսքերը, հատկապես, երբ լրագրողը նախապես տեղեկացրել է պատրաստվող նյութի թեմայի մասին՝ ստանալով ձայնագրման համաձայնություն։

Լրագրողի խոսքով՝ Datalex-ում տեղեկությունների բացակայությունը խոչընդոտում է իր աշխատանքը

Hetq.am լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը մեր զրույցում փաստեց՝ ոլորտով զբաղվող լրագրողները օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում են Datalex-ից, եւ Հակակոռուպցիոն դատարանի գործերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջ բերում․ «Ինչքան էլ ԲԴԽ կայքում հրապարակվում են տեղեկություններ, օրինակ՝ նիստերի վերաբերյալ կամ վերջնական դատական ակտեր, դրանք շատ քիչ ու սահմանափակ են լրագրողի համար տվյալ գործի հետ կապված ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ չեն ապահովում հրապարակայնություն՝ բովանդակային առումով։ Ինչո՞ւ, որովհետեւ կան գործեր, որ անվերջ ձգվում են կամ անհարկի ձգձգվում, եւ մենք չունենք տեղեկություն, թե քանի անգամ է նիստ նշանակվել, ինչ պատճառով է հետաձգվել, մինչդեռ Datalex-ում այլ գործերով որոշակի տեղեկություն հրապարակվում է, օրինակ՝ դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով, կողմի միջնորդությամբ եւ այլն, եւ հետեւաբար, եթե լրագրողը ուզում է խորքային նյութ պատրաստել կոնկրետ թեմայով, զրկված է լինում այդ տեղեկություններից»։ 

Մյուս խնդիրը, ըստ լրագրողի, այն է, որ ԲԴԽ կայքում ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ եւ ինտերակտիվ չէ․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախապես չեմ իմացել, որ նիստը լինելու է երկուշաբթի (ԲԴԽ կայքում ժամանակացույցը, որպես կանոն, հրապարակվում է հենց երկուշաբթի օրերին,-հեղ․), ու չեմ կարողացել գնալ, որովհետեւ նախապես չեմ կարողացել գործերս այնպես դասավորել, որ գնամ, մինչդեռ եթե Datalex-ում լիներ, կտեսնեի, որ օրինակ, մեկ շաբաթ հետո նիստ է լինելու, ու այնպես կդասավորեի գործերս, որ գնայի։ Բացի այդ, ժամանակացույցը ինտերակտիվ չէ, որ կարողանաս դրանից ինչ-որ բան հասկանալ, հենց զուտ այն, որ շաբաթվա կտրվածքով մի անգամ հրապարակվում է ու վերջ, ընթացքում ինչ-որ բան լինում է-չի լինում, փոխվում է-չի փոխվում, հասանելի չի դառնում, մինչդեռ Datalex-ում այդ տեղեկությունները թարմացվում են եւ հնարավոր է տեսնել»։

Հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը ծրագրային եւ տեխնիկական պատճառներով պայմանավորելը, ըստ լրագրողի, ընդունելի չէ․ «Հակակոռուպցիոն դատարանը մեկ օրում չի ստեղծվել, նախագիծ է շրջանառվել, քննարկվել, այսինքն՝ որոշակի ժամանակ է անցել, մինչեւ դա դարձել է օրենք, եւ ստեղծվել են դատարանները, հետեւաբար դա ողջամտորեն կարող է հիմք ստեղծել մեզ մոտ՝ մտածելու, որ այդ աշխատանքները կարող էին մեկնարկել ավելի վաղ»։ Ընդ որում, հարկ է նշել նաեւ, որ դատարանն էլ է իր գործունեությունը ուշ սկսել․ նախատեսված 2021 թ․-ի փոխարեն՝ 2022 թ․ օգոստոսին․

«Բացի այդ, տեխնիկայի դարաշրջան է, մարդիկ այդ ամիսների ընթացքում քաղաքներ են սարքում, մինչդեռ մեզ մոտ մեկ տարի է՝ չեն կարողանում Datalex-ի հարց լուծել, դա, անկեղծ ասած, դպրոցական մակարդակի պատճառաբանություն է, այն, որ երեխան ուշանում է դասից, հազար պատճառաբանություն է բերում, նույն ոճով պարզաբանում են, թե դեռ ընթացքի մեջ է, լավ, ընթացքը վերջ չունի՞, դա էլ է պայմանագրային հարաբերություն, ընկերության հետ ունես պայմանագրային հարաբերություններ, վերջը ե՞րբ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պարզապես չկա խնդիրը արագ լուծելու ցանկություն․ «Խնդիը անլուծելի չէ, տեխնիկական հարց է, եւ նոր համակարգ չպետք է սարքել, Datalex-ը գոյություն ունի, բազային տվյալները կան, դետալային բաներ պիտի ավելացվեն, որ եւս մեկ դատարան կարողանա իր վարույթում եղած գործերով տեղեկությունները հրապարակել, պարզապես չեն ցանկանում հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովել, միայն դա է առաջինն իմ մտքում, թե իրականում ինչ ցանկություններվ են առաջնորդվում, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հրապարակայնության վրա․ որովհետեւ ոչ միայն տեղեկությունների հրապարակումն է խնդրահարույց, այլեւ նույն դատարանի դատավորները, այսինքն՝ կարծես այդ դատարանը ստեղծվել է հենց նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներով ինֆորմացիայի հոսքը հնարավորինս կանխվի»,- նշեց Բալասանյանը՝ մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները պարբերաբար խոչընդոտների են բախվում, երբ դատավորները կողմերից մեկի առարկության դեպքում ամբողջությամբ են արգելում տեսա կամ լուսանկարահանումը, այլ ոչ թե առարկող կողմի մասով, ինչպես այլ դատարաններում է սովորաբար արվում, կամ երբ նիստի մեկնարկից րոպեներ անց ներկայանալու դեպքում ուշացման պատճառաբանությամբ թույլ չեն տալիս լրագրողին նիստի տեսա եւ լուսանկարահանման խնդրանքով դիմել (ըստ օրենքի՝ դրա համար լրագրողը պետք է ստանա դատարանի թույլտվությունը,-հեղ․)․ «Այսինքն՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե տեխնիկական լուծումներն են կամ դրա դժվարությունները, այլ ցանկության բացակայությունը, որ տեղեկությունը հնարավորինս քիչ հրապարակվի»։

Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկից մեկ տարի անց շարունակվում է խախտվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, քանի որ չեն հրապարակայնացվում դատարանի վարույթում եղած գործերի վերաբերյալ հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչը նաեւ գործնական խոչընդոտներ է ստեղծում ոլորտով զբաղվող կամ հետաքրքրվող քաղաքացիների համար, իսկ պատասխանատու կողմերն էլ կամ չեն պարզաբանում հապաղման պատճառները՝ հերթական անգամ նշելով, որ ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են, կամ դա պայմանավորում են աշխատանքային այլ ծանրաբեռնվածությամբ։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել