Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին
17:36 - 01 սեպտեմբերի, 2023

Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

17:35- Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]

17։15- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]

17։05- Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում։ Այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան]

16։11- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: [ՀՀ ՊՆ]

15։22- Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ]

14:52- Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ]

14:32- Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ]

14:20- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ]

14։10- ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ մասին հրապարակած տեղեկությունը:

13։56- Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: [ՊՆ]

13։33- 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

13։18- Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: [ՊՆ]

12։57- ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: [ՀՀ ՊՆ]

12։43- Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

12։08- Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով: [ՀՀ ՊՆ]

11։29- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ]

11։14- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: [ՀՀ ՊՆ]

10։30- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: [ՀՀ ՊՆ]

10։19- Ադրբեջանի ՊՆ-ն, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել