Թուրքիա-Հայաստան հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել․ Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների նվիրվածությունից |panarmenian.net|
10:56 - 09 սեպտեմբերի, 2023

Թուրքիա-Հայաստան հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել․ Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների նվիրվածությունից |panarmenian.net|

panarmenian.net: Սեպտեմբերի 8-ին թուրքական Էսքիշեհիր քաղաքում Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չի հաջողվել բացել հաշիվը։

Հայաստանի հավաքականից դեպի դարպաս հարվածներով աչքի ընկան Բիչախչյանն ու Սպերցյանը։

Թուրքերը ևս մի քանի անգամ փորձեցին առաջ անցնել հաշվի մեջ, այստեղ էլ աչքի ընկավ դարպասապահ Չանչարևիչը։ Վերջինիս ուղղությամբ խաղի ընթացքում տրիբունայից շիշ նետեցին, ինչը առաջացրեց դարպասապահի բողոքը, որի հետևանքով նա մրցավարից նկատողություն ստացավ։ Երկրպագուների բողոքի առիթն այն էր, թե Չանչարևիչը երկար էր պահում գնդակը մինչ փոխանցում կատարելը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկին գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը, ինչից հետո սկսվեց Թուրքիայի հավաքականի հակահարձակումների շղթան։ Հայաստանի հավաքականը մի քանի անգամ խույս տվեց գոլից, լավ պաշտպանություն կազմակերպեց, սակայն 88-րդ րոպեին թուրքերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում ասել է, որ ֆուտբոլիստներից որևէ մեկն ուրախ չէր, բավարարված չէր հաշվով։

«Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ։ Գոհ եմ տղաների նվիրվածությունից։ Խաղից հետո, երբ մտա հանդերձարան, նրանք տխուր էին, գոհ չէին խաղից, բայց կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, ֆուտբոլիստները վստահում են մարզչական շտաբին ու կատարում են մեր ասածները»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Թուրք երկրպագուները սուլում և աղմկում էին Հայաստանի օրհներգի ժամանակ, նրանք նաև ամբողջ հանդիպման ընթացքում շշեր էին նետում հայ ֆուտբոլիստների ուղղությամբ։

Հայաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ թուրք երկրպագուներին 32,000 դրոշ էր բաժանվել՝ մարզադաշտի նստատեղերի քանակով։ Նախաձեռնությունը իրականացվել էր Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Հավաքականների առաջին հանդիպումը Երևանում ավարտվել էր Թուրքիայի ընտրանու հաղթանակով 1-2 հաշվով։ 4 խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով խմբի 2-3-րդ տեղերն է կիսում Խորվաթիայի ընտրանու հետ, որը նույնքան միավոր ունի 3 հանդիպումից հետո: Խմբի առաջատարը Թուրքիայի հավաքականն է՝ 10 միավորով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել