Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունն Արցախ հասցնելը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով ագրեսիայի համար. պատգամավոր
 |aysor.am|
12:20 - 11 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունն Արցախ հասցնելը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով ագրեսիայի համար. պատգամավոր |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է` Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար: 

«Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ Ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսակական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի  բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, տեղեկացվել է ռուսական կողմին», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու։

Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն. սա եղել  է ռուսական առաջարկը: Աբրահամյանը չի բացառում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

«Երկրորդը հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ ,Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը` դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել