news.am: Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի ճանապարհների անհապաղ և միաժամանակ բացման մեր կոչը՝ ապահովելու անհրաժեշտ մարդասիրական պարագաների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին, ինչպես որ պետքարտուղարն արել է իր հայտարարություններում, չձեռնարկել գործողություններ, որոնք մեծացնում են լարվածությունը կամ շեղում այդ նպատակից:
Բացի այդ՝ մենք մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն և հետևաբար չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի ունեցան վերջերս»,- նշել է նա։
Միլլերի խոսքով Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված հարցերն ուղղակի երկխոսության միջոցով լուծելու համար, և այդ պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հետևողականորեն ներգրավված են այս գործընթացում, և «իրենց հետևողական մասնակցությունը շարունակական է լինելու»։
Հարցին, թե արդյո՞ք Պետքարտուղարությունը զոհաբերում է մարդու իրավունքները հանուն խաղաղության բանակցությունների, Միլլերը պատասխանել է. «Ես հենց նոր պարզ հասկացրի, որ մենք ցանկանում ենք, որ երկու ճանապարհները վերաբացվեն՝ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու համար: Պետքարտուղարը, ինչպես նաև Պետքարտուղարության այլ ներկայացուցիչներ հանգստյան օրերին այդ հարցը հստակ պարզաբանել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին: Այնպես որ, ես ընդհանրապես համաձայն չեմ այդ բնութագրման հետ»:
Հարցին, թե Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ Բլինքենը հիշատակե՞լ է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ կոնկրետ տվյալներ չունի։
«Այդ կոչերը վերաբերել են տեղում ստեղծված ճգնաժամային իրավիճակին և այն կարգավորելու փորձերին»,- նշել է նա։