hetq.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։
Հայտարարագրերի մասին օրենքի նպատակն է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է: Իսկ հայտարարագիրը թերի լրացնելու, ունեցվածքը թաքցնելու դեպքում պաշտոնյաները ենթարկվում են պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։
Հայտարարագրերը թերի լրացրած պատգամավորները
Հակոբ Արշակյանը 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, իսկ օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Մինչ ԱԺ-ն նա եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախարար։
Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարագրի «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում պետք է նշվի ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում։
«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված է․ «Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։
Այսպիսով, վերոնշյալ օրենքի համաձայն, Հակոբ Արշակյանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չի կարող զբաղեցնել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։
Հակոբ Արշակյանին հարցմամբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։
««Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի մասին իմ հայտարարագրում տեղեկության բացակայությունը կրում է բացառապես տեխնիկական բնույթ։ Հանդիսանալով ՀԿ նախագահ, կազմակերպությունից երբևէ եկամուտ չեմ ստացել, ավելին, ստեղծված օրվանից մինչ օրս այն գործունեություն չի ծավալել։ Այս մասին կնշվի հաջորդ՝ 2023թ․ հայտարարագրում»,- պատասխանեց Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանի այն պնդումը, թե կազմակերպությունը ստեղծման օրվանից մինչ օրս գործունեությունը չի ծավալել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ Վանաձոր և Գյումրի քաղաքների 2016 թվականի ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի, «Ռեալ էլեքշնս» կազմակերպության դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերում։
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կազմակեպությունը իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնի գործադիր մարմնի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը։
ՀԿ-ների հաշվետվությունները կարելի է գտնել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում և ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների բաժնում։ «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի վերաբերյալ այս երկու աղբյուրներում ոչինչ չգտնվեց։
Հայկ Ցիրունյանի հայտարարագրի մասին՝ hetq.am-ում
comment.count (0)