uic.am: Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է կիրառում։
Չախոյանը, մասնավորապես, կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ վարչական շրջաններից մեկում երևանցիների հետ հանդիպման մասնակիցների թվում արձանագրել էր քաղաքապետարանին և համայնքապետարաններին ենթակա կրթական, մշակութային և այլ հաստատություններից աշխատակիցների ներգրավում՝ թվով մոտ 780 հոգի։
Տեսանյութի հրապարակումներին հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերքումը։ Կուսակցության՝ սեպտեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, թե իրենք բացառում են «ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»։
«Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու, որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի»,– մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս հայտարարությունն ամբողջությամբ արտատպել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի կայքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», սակայն, մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված՝ մեղադրանք պարունակող տեսանյութերին, որոնք, ի դեպ, լայնորեն տարածվել էին սոցիալական մեդիայում։
Մենք մշտադիտարկեցինք նաև հեռուստաընկերության «Լուրերի»՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումներն ու պարզեցինք, որ դրանք ևս չեն լուսաբանել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ՔՊ-ին ուղղված՝ մեղադրանքներ պարունակող տեսանյութը։
Սեպտեմբերի 12-ին հեռուստաընկերության «Հարցազրույցի» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ կուսակցությունը «չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է կուսակցության էությանը և արժեքներին»։
Ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա այդ մասին փաստող տեսանյութ, Փաշինյանը ասել է, թե «յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության»։
«Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք կունենա օրենքով սահմանված կարգով գնահատական։ Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է»,- ասել է Փաշինյանը։
Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակում է հերքում մի թեմայի՝ իրադարձության, միջադեպի վերաբերյալ, որը չի լուսաբանվել իր եթերում, լրատվական ալիքի կայքում կամ որևէ այլ ռեսուրսի միջոցով։
comment.count (0)