Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում
18:20 - 13 սեպտեմբերի, 2023

Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին մարտական  առաջադրանքի մեկնելիս ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ, հայտնի է որպես Քիմիկների զորամաս) 62-հոգանոց անձնակազմը զրահաբաճկոններ չի ունեցել, համալրված է եղել միայն АКМ տեսակի ինքնաձիգով, սաղավարտներով եւ քնապարկերով։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում երեկ հայտնեց պատերազմի ժամանակ պահեստազորային Արտակ Անդրեասյանը՝ նշելով, որ իրենց ասել են, թե զրահաբաճկոն այդ պահին չկա։

Անդրեասյանը ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում քննվում են զորամասի 40 զինծառայողների՝ Կովսականի (Զանգելանի) տարածքում շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Գործի շրջանակում, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են նախկին եւ ներկա 4 զինվորական՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։

Տուժողների հարցաքննության մեկնարկից առաջ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներին հորդորեց պահպանել դատական նիստի բնականոն ընթացքը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում դատարանը նրանց նկատմամբ կիրառելու է սանկցիաներ՝ նկատողություն, ապա՝ նիստերի դահլիճից հեռացում։ Նշենք, որ այս գործով նիստերը երբեմն անցնում են լարված մթնոլորտում, զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար նաեւ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դատական նիստերի հաճախակի հետաձգման եւ գործի քննության ձգձգմամբ պատճառով։

Արտակ Անդրեասյանի խոսքով՝ իրենք հրահանգվել են մեկնել «սանրման» աշխատանքների, սակայն ընկել են մարտական գործողությունների մեջ

Արտակ Անդրեասյանը 2006-2008 թթ ժամկետային ծառայություն է անցել Մատաղիսում, եղել է գնդացրորդ, 44-օրյա պատերազմին մասնակցել է պահեստազորի կազմով։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 1-ին մեկնել է Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամաս, այնտեղ մնացել մոտ 10 օր։ Դրանից հետո իրենց տարել են Ագարակ, մի քանի օրից՝ Մեղրի, այնուհետեւ՝ Կապան։ Հենց Կապանում են ստացել Կովսական մեկնելու մարտական առաջադրանքը․ «Գիշերը կամանդիրը (Արսեն Աբգարյանը,-հեղ․) մոտիկացավ, ասաց՝ մեր առաջ առաջադրանք են դրել, որ մոտիկանանք տվյալ տարածքները՝ Զանգելան, ու գյուղերի անուններ ասաց, որ սանրենք, ասաց՝ ով ցանկություն ունի, թող դուրս գա․․․ Լուսադեմ էր, որ զորքը պատրաստ էր, պետք է դուրս գայինք, Անդրանիկ Մակարյանը ժողովի կարգով ասաց՝ պետք է մտնեք, սանրման աշխատանքներ կատարեք, ռազվեդկան աշխատել է, դուք պիտի սանրեք, եթե տներում թաքնված մարդիկ լինեն, դուք ձեր գործողությունները անեք, ու եթե չեմ սխալվում, ասաց՝ մի քանի օրից կմոտիկանան ձեզ, դուք էդտեղից դուրս կգաք»։

Արտակ Անդրեասյանի խոսքով՝ առավոտյան հավաքվել են զորամասի բակում, նստել 3 ավտոբուսների մեջ եւ ճանապարհ ընկել։ Ավտոբուսների առջեւից գնացել է հրամանատար Արսեն Աբգարյանի մեքենան, եղել է նաեւ ուղեկցող մեքենա, որին ինքը «Կիրի հանք» կոչվող տարածքի մոտակայքում է տեսել։ 

Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սամսոն Գալստյանը

Երբ տուժողը մատնանշեց «Կիրի հանք» տեղանունը, հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ դրա հետ կապված մարտական կոնկրետ առաջադրանք, այդ տեղանքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն կամ քննարկում եղե՞լ է։ Տուժողը բացասական պատասխան տվեց։ Մեղադրողը մի քանի անգամ վերաձեւակերպեց իր հարցը, տուժողի պատասխանը, սակայն, չփոխվեց։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է, որ հրամանատար Արսեն Աբգարյանը իր անձնակազմով բնագիծ զբաղեցնի Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում։ Անձնակազմը, սակայն, «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի:

Հարցաքննության ընթացքում տուժողն ասաց, որ ճանապարհին՝ մինչեւ «Կիրի հանք» հասնելը, ոստիկաններ նկատել է, սակայն նրանք իրենց չեն կանգնեցրել, որեւէ գործողություն չեն արել։ Ճանապարհին տեղանքի հետ կապված ճշգրտողական գործողություններ էլ ինքը չի նկատել ո՛չ համածառայակիցներից, ո՛չ սպաներից։ 

Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե իրենց ավտոբուսները ինչու հենց քաղաքի սկզբնամասում կանգնեցին, տուժողը չկարողացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը երրորդ ավտոբուսում է եղել, եւ երբ իրենք հասել են, մյուս երկու ավտոբուսները արդեն այդտեղ կայանած են եղել, ինքն էլ ենթադրել է՝ եթե իջնում են, ուրեմն՝ հասել են։ Ըստ նրա՝ ավտոբուսներից իջնելիս իրավիճակը հանգիստ է եղել․ «Ավտոբուսներից իջնելու պահին, երբ շրջվել ենք դեպի Կապանի կողմ, արդեն տեսանք, որ բլուրի վրա դիրքավորված են, տղաները նկատեցին, որ շուն կա բլուրի վրա, որ շանը իջեցրին, խուճապը գնաց, որ մարդ կա վերեւը․․․ Ու էդ պահից սկսվել է իրենց շարժը․․․ Արսեն Աբգարյանն ասաց՝ թաքնվեք, ու էդ պահին ինքը շոշով վազում էր, դրանից հետո էլ ոչ մեկին չեմ տեսել․․․ էդտեղ թաքնվել ենք, որս որտեղ հասել է, դիրքավորվել է, կրակոցները սկսվել են»,- պատմեց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրենց ավտոբուսները դրանից հետո հեռացել են․ ուր՝ ինքը չգիտեր։ Թե մոտավորապես ինչ քանակությամբ է եղել հակառակորդը, տուժողը չկարողացավ ասել, նշեց միայն՝ մարտը տեւել է մոտ 30 րոպե։

Ըստ տուժողի՝ եթե «Կիրի հանք»-ի տեղանքում իջնեին ավտոբուսներից, հնարավոր էր ինչ-որ բան փոխել 

 Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հարցեր ուղղեց տուժողին․

- Աբգարյանը թաքնվելուց բացի այլ հրաման տվե՞լ է։

- Չեմ տեսել, կարողա առանձին ինչ–որ տեղ․․․ Ասաց՝ դիրքավորվեք, թաքնվեք․․․

- Դիրքավորվելն ի՞նչ է նշանակում եւ ինչո՞վ է տարբերվում թաքնվելուց։

- Դե էդ պահին դիրքավորվել էլի, նույն բանն է, ի՞նչ տարբերություն, թաքնվում ես, որ քո գործողությունն անես։

- Իսկ ասե՞լ է անցեք պաշտպանության։

- Կարողա մի քիչ էն կողմ, կոնկրետ իմ հատվածի վրա ես չեմ լսել։

- Ձեր նախաքննական ցուցմունքը Ձեր ձեռքո՞վ եք գրել։

- Տպել են։

- Տպելուց հետո ընթերցե՞լ եք։

-Այո։

- Աբգարյանը հրաման տվե՞լ է փախչելու, նահանջելու, զենքերը վայր դնելու, դիրքը թողնելու,- հարցրեց պաշտպանը։

- Ինձ՝ չէ,- պատասխանեց տուժողը։

Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը

Վահան Հովհաննիսյանը հարցրեց՝ տուժողը առհասարակ տեղյա՞կ է, թե ինչ քրեական գործով է եկել հարցաքննության։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չի հետաքրքրվել։ Պաշտպանը ասաց՝ ոչ իրավաբանորեն կներկայացնի, որպեսզի եւս մեկ հարցադրում անի․ 

- Եկել եք էն գործով, որ օրինակ, Աբգարյանին մեղադրանք է ներկայացվել, որ իր անփույթ գործողությունների հետեւանքով Դուք գերի եք ընկել։ Հիմա հարցս․ ըստ Ձեզ՝ էդ իրավիճակում Արսեն Աբգարյանը կարո՞ղ էր ինչ–որ բան անել իրավիճակը փրկելու համար, որ չի արել,- հարցրեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։ 

- Չեմ կարող ասել, այ, եթե «Կիրի հանք»-ում իջնեինք, կարողա ինչ–որ բան փոխվեր,- պատասխանեց տուժողը։

- Չէ, չեք իջել, էս իրավիճակում։

- Էս իրավիճակում՝ ինձ թվում է՝ չէ, որովհետեւ շրջափակված էինք․ համ գյուղի մեջ լիքը մարդ կար, համ գյուղի դեմից, համ վերեւից գալիս էին մեր կողմ,- պատասխանեց տուժողը։

Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան

Պաշտպան Վահան Հովհաննիսյանն ու հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարեցին, որ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, ուստի միջնորդեցին հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքից համապատասխան հատվածները։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց միջնորդությունը։

Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը

Նախաքննական ցուցմունքը տուժողը տվել է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Դրանում նա, մասնավորապես, ասել է․ «Զորամասից մենք մեկնել ենք 3 դեղին ավտոբուսներով, մոտ 60 անձնակազմով, մեր խմբի ղեկավարը հանդիսացել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, ավտոբուսների դիմացով երթեւեկել է Միցուբիշի մակնիշի ավտոմեքենա, որն ուղեկցել է մեզ, եւ ցույց տվել ճանապարհը, այդ մեքենայի վարորդը Արման անունով տղա էր։ Ըստ իմ տեղեկությունների՝ մենք պետք է գնայինք «Կիրի հանք»-ի մոտ, սակայն չգիտեմ ինչպես է ստացվել, որ «Կիրի հանք»-ի մոտ չենք կանգնել ու անցել ենք այն՝ մտնելով գյուղի մոտ։ Հասնելով Զանգելանի շրջանի գյուղ, որի անունը չեմ հիշում՝ մեքենաներից իջել ենք՝ դիմացը նկատելով հակառակորդի զորքի մեծ քանակությամբ անձնակազմ, ովքեր, մեզ տեսնելով, սկսել են կրակ արձակել մեր ուղղությամբ․․․ Կրակոցների ընթացքում Աբգարյանը մեզ հրաման տվեց դիրքավորվել եւ անցնել պաշտպանության, միաժամանակ ասաց, որ թաքնվենք անտառում կամ թմբերի տակ»։

Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ ճի՞շտ է հրապարակվածը, նախքան ստորագրելը ինքն այն ընթերցե՞լ էր, ինչին տուժողը դրական պատասխանեց՝ պնդելով նախաքննության ժամանակ իր հայտնած տեղեկությունները, հավելեց՝ հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում, ամեն ինչ ամեն պահի չի հիշում։

Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ կատարված իրադարձություններից հետո ինքն ի վերջո ի՞նչ հետեւության է հանգել, ինչին ի պատասխան տուժողն ասաց, որ ինքը հետեւություն չունի։

Ըստ տուժողի՝ հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն

Շարունակելով իր ցուցմունքը՝ Արտակ Անդրեասյանը պատմեց, որ հարձակումից հետո, երբ տեսել են, որ BMP-ն է իրենց մոտենում, ինքն ու մեկ համածառայակից գնացել են գյուղի 2-րդ փողոցի կողմ․ «2-րդ փողոցից 2 հոգով մտել ենք մի հատ փոքր շինության մեջ, որովհետեւ դիմացից մարդ էր գալիս, եկել, հարձակվել են մեր վրա, 3 հատ գրանատ են գցել, էդտեղ ստացել ենք վիրավորում»։

Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Ամրամ Մակինյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը

- Դուք նռնակ երբեւէ տեսե՞լ եք,- հարցրեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

- Այո։

- Նետե՞լ եք։

- Չէ, զորամասում ուսումնական է եղել։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ հեռավորությունից է հնարավոր գցել, որ հասնի նշանակակետին։

- Մոտիկ պատուհանից գցել են ներս։

- 3 նռնա՞կ։

- Այո, 3 տարբեր պահերի։

- Շինությունը ի՞նչ չափերի էր։

- Մոտ 1–ը 3–ի վրա։

- 1-ը 3-ի վրա տարածությունը Դուք պատկերացնո՞ւմ եք։

- Պատկերացնում եմ։

- Իսկ որ նռնակը գցեն 1-ը 3-ի վրա տարածքի մեջ, Ձեր կարծիքով ի՞նչ հետեւանք կարող էր լինել։

- Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Աստված կարող է մարդուն նենց պահել, որ․․․ Ամենաուժեղ զենքն էլ իրեն պահի․․․- պատասխանեց տուժողը։

Դրանից հետո, ըստ նրա, իր համածառայակիցը փորձել է դուրս գալ, պանելների արանքով հեռանալ, սակայն նկատվել է թշնամու կողմից եւ սպանվել։ Ինքը տեղափոխվել է, գնացել 2-րդ եւ 3-րդ փողոցների արանքը․ «Մոշերի մեջ դիրքավորված եմ եղել, վիրավոր եմ եղել, լսել եմ, որ վիլիս է մոտենում, դրա միջից ոնց որ մարդ իջավ, թե չիջավ, չտեսա, լսեցի, որ դուռը բացվեց, մարդ մոտիկացավ, հայերեն խոսում էր, բայց չէի հասկանում, հետո լսում  էի, որ ասում էր՝ Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք, դրանից հետո սկսում են Ադրբեջանի լեզվով խոսել, հետո վիլիսը շարժվում, գնում է»։

Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց՝ այդ ձայնը իր համածառայակիցներից կամ սպաներից որեւէ մեկի ձայնին ինքը նմանեցրե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխանեց։  Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրն էլ՝ Անահիտ Ադոյանը, ասաց․ 

- Այսինքն՝ դու քո թաքնված տեղից հասկացել ես, որ տղերքին փուռն են տվել, պատրաստակամ տարել հանձնել են։

- էդ ա դուրս գալիս,- պատասխանեց տուժողը։

- Դուրս չի գալիս, տենց ա,- ասաց Ադոյանը։

Տուժողը 20 օր միայնակ թաքնվել է, ապա՝ հայտնաբերվել եւ գերեվարվել

Անդրեասյանը պատմեց, որ այդ դեպքից հետո եւս 3 օր ինքը միայնակ մնացել է փողոցին մոտ՝ մոշերի մեջ թաքնված, ապա 17 օր՝ գյուղի մեջ, որից հետո հայտնաբերվել է տներից մեկում ու գերեվարվել․  «Անընդհատ նայել եմ չորս բոլորս, եղել է պահ, որ ուզել եմ դուրս գալ, ու ինչ–որ բան չի թողել էդ ճանապարհը շարունակել, գիշերը էդտեղ սկսել են կրակոցներ․․․ Ու եղել է մի պահ, որ մեր տղաներից ահագին մարդու հանել, տարել են, մեքենա մոտեցավ, մի հոգի դուրս եկավ, հայերենով ասաց՝ տղե՛րք, դուրս եկեք՝ հանձնվենք, Կարմիր Խաչը մեզ հետ կտանի, մի քանի անգամ կրկնեց, ահագին մարդ դուրս եկավ, մի մեքենա մոտեցավ՝ «Կամազ» կամ «Ուրալ», մեծ մեքենա, ու իրենց շարժից ես հասկանում էի, որ իրենց մտցնում են էդ մեքենայի մեջ, ու էդ տղաներին տարել են»։ Անահիտ Ադոյանը հետաքրքրվեց՝ այդ խոսող մարդը հա՞յ էր թե՞ ադրբեջանցի, սակայն տուժողը չգիտեր, ասաց՝ ոչ մեկին չի նմանեցրել նրա ձայնը։

Անդրեասյանը, թեեւ ունեցել է ջոկի հրամանատար, սակայն նրա անունը չհիշեց, ասաց՝ ինքը միայն Արսեն Աբգարյանին է տեսել ու նրա հրամանները լսել։ Անահիտ Ադոյանը փորձեց նաեւ հասկանալ, թե տուժողն ինչպես է առանց իր ջոկի հրամանատարի գործել․

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

- Դու առանց ջոկի հրամանատար ո՞ւր էիր գնում, բա չասացի՞ր՝ իմ հրամանատարն ուր է։

- Դե ջոկի կեսը մեր հետ է եղել, կեսը՝ չէ։

- Բայց դու ասում ես՝ քո ջոկի հրամանատարը ձեզ հետ եկել է։

- Հա, ես իրեն չեմ տեսել էդ պահին, կամանդիրներից մենակ Արսենին եմ տեսել։

- Հիմա ո՞ւր է քո ջոկի հրամանատարը՝ փախած, հրաշքով փրկված դասալիքների մե՞ջ է, թե՞ անհետ կորած է թե՞ զոհված։

- Չեմ հետաքրքրվել։

- Բա դու ինչո՞վ ես հետաքրքրվել։

- Ինձ ընդհանրապես հետաքրքրիր չէ էդ ամենը։

- Բա դու գիտե՞ս, որ քո ապրելն էլ մեզ հետաքրքիր չէ,- բղավեց տուժողի իրավահաջորդը։

 Դահլիճում իրավիճակը լարվեց, նիստն ընդմիջվեց։

Ավելի ուշ տուժողին հարցեր հղեց նաեւ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հետաքրքրվելով, թե նա ռադիոկապի մասին պատկերացում ունի՞, «Կամո՛, Կամո՛» ասողը ի՞նչ հեռավորության վրա կարող էր խոսել։ Տուժողը, սակայն, չկարողացավ պատասխանել, ասաց՝ ռադիոկապից երբեւէ չի օգտվել: Նա չկարողացավ նաեւ հստակեցնել, թե արձակելով մենահատ կրակոցներ եւ կրակահերթեր՝ իր ինքնաձիգի 4 պահեստատուփերը ինչ ժամանակում է սպառել։

Պաշտպանական կողմը կասկած հայտնեց տուժողի որոշ խոսքերի առնչությամբ, միաժամանակ նիստի վերջում հետաքրքրվեց՝ նա որեւէ մեկից բողոք, դժգոհություն կամ պահանջ ունի՞։

- Չէ, ես բոլորին էլ ասել եմ՝ Աստծո կողմից են դատաստան ստանալու, ով էդ պահին կարող էր մեզ օգնել, բայց չի օգնել, ով ուզում է՝ լինի,- պատասխանեց Արտակ Անդրեասյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը, տուժող Արտակ Անդրեասյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել