Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը
17:54 - 06 հունվարի, 2023

Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ դատական նիստին օրերս հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք՝ վարույթը վերաբերում է ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի 62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքներին։ 

Մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, 56-ամյա գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, 37-ամյա փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, 34-ամյա փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։

Նախաքննության ժամանակ 4 մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։ 

Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել նահանջ իրականացնելու իր հրամանի մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ (2003թ․ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս):

Համաձայն մեղադրական եզրակացության՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի մարտական կարգադրությամբ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի հարավային խմբավորման կազմում գործող «Մակարյան» խմբավորման հրամանատարի պաշտոնում։ Նույն օրը՝ կեսօրին՝ մարտական կարգադրությամբ նշված գործողությունները կատարելուց առաջ, նա հեռախոսազրույց է ունեցել Օնիկ Գասպարյանի հետ, որի ժամանակ քննարկել է գործողության պլանավորումը եւ ստացել բանավոր հանձնարարություն՝ մարտական գործողությունը սկսելու վերաբերյալ։ 

Այդ նպատակով Կապան քաղաքում գտնվող N զորամասի հրամանատարի աշխատասենյակում Մակարյանը նույն օրը երեկոյան անցկացրել է խորհրդակցություն՝ ՀՀ ԶՈՒ մի շարք բարձրաստիճան սպաների եւ Կապանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծված ջոկատների հրամանատարների մասնակցությամբ, որի ժամանակ, ըստ մեղադրանքի, բավարարվել է միայն Կովսականում հակառակորդի զրահատեխնիկական եւ ավտոտեխնիկական միջոցների ու կենդանի ուժի կուտակման մասին թերի տեղեկությունների ստացմամբ եւ փաստացի չի պահպանել հիշյալ մարտական կարգադրության 3-րդ կետում նշված դրույթները, ըստ որոնց՝ նախքան մարտական խնդրի կատարումը անհրաժեշտ է եղել համագործակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ՝ նպատակ ունենանալով հետախուզական ԱԹՍ-ների միջոցով ստանալ տեղանքի ուսումնասիրման եւ հակառակորդի խմբավորումների կամ կուտակումների հայտնաբերման վերաբերյալ տվյալներ, որից հետո ընտրել համաչափ ուժեր եւ զինտեխնիկա։

Անդրանիկ Մակարյանը, ըստ մեղադրանքի, հիշյալ խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին եւ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ Աշոտ Ժամհարյանին, հանձնարարել է վերջիններիս ղեկավարությամբ եւ միաժամանակ իր ընդհանուր հրամանատարությամբ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից ընտրել 50 զինծառայողներից բաղկացած 2 խմբեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 12 զինծառայող-հետախույզների։ 

Խորհրդակցության ընթացքում Մակարյանը հիշյալ 2 ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով մեկնել մարտական գործողության վայր՝ Կովսական քաղաքի մերձակա տարածք, եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել ու ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Ըստ հանձնարարականի՝ հրամանատարներից Արսեն Աբգարյանը իր անձնակազմով պետք է նաեւ բնագիծ զբաղեցներ Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում, զեկուցեր այդ մասին եւ սպասեր հետագա հրահանգների։ 

Դրանից բացի Անդրանիկ Մակարյանը հանձնարարական է տվել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցնող պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանին՝ ուղեկցողի միջոցով կազմակերպել Արսեն Աբգարյանի խմբին դեպի «Կիրի հանք» ուղեկցելու հարցը, որից հետո իր ղեկավարության ներքո գտնվող խմբին ուղեկցել «Ներքին-Հանդ» կոչվող տեղամաս։ Սրանով, ըստ մեղադրանքի, Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, որի հետեւանքով Արսեն Աբգարյանի խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով ԱՀ Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի:

Անդրանիկ Մակարյանն այդ մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին եւ նրանից ստացել հանձնարարական՝ Ներքին-Հանդից ենթակա անձնակազմի հետ միասին անհապաղ մեկնել շրջափակման մեջ գտնվող Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու եւ շրջափակումից հանելու համար: Այդ նպատակով Մակարյանն իր տրամադրության տակ գտնվող խումբը բաժանել է 3 մասի՝ հանձնարարելով առջեւից ընթանալ հետախուզական խմբին: Նշված անձնակազմը ժամը 09։30-ի սահմաններում հասել է Մինջեւան տանող ճանապարհի խաչմերուկ, որից հետո Մակարյանը վերջնամասից եկող խմբին հանձնարարել է խաչմերուկում զբաղեցնել բնագիծ՝ նպատակ ունենալով կանխել հակառակորդի հավանական ներթափանցումը ՀՀ տարածք, իսկ ինքը խմբի մնացած 35-40 հոգանոց անձնակազմի հետ միասին շարունակել է ճանապարհը Կովսական քաղաքի ուղղությամբ:

Ժամը 11-ի սահմաններում Մակարյանը ենթակա անձնակազմի հետ միասին հասել է Կովսական քաղաքից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող տեղամաս, որտեղ, ըստ մեղադրանքի, որպես հրամանատար եւ հիշյալ գործողության կատարման անմիջական պատասխանատու, չի պահպանել ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության մի շարք հոդվածների պահանջներ, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, ինչը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական  ուղիները եւ դիվերսիոն-հետախուզական խմբին դիպուկ կրակ բացելով՝ ոչնչացնել։ 

Սա կատարելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Անդրանիկ Մակարյանը տվել է «Նահանջ» հրաման՝ հրաժարվելով օգնության շտապել եւ շրջափակումից դուրս բերել այդ պահին իր գտնվելու վայրից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբի անդամներին։ Արդյունքում, 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության․ խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մակարյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։

Անդրանիկ Մակարյանի պաշտպանը մեր զանգերին չպատասխանեց, սակայն հայտնի է, որ նա դատարանում մեղադրանքը չի ընդունել։

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի արդյունքում ուղեկցողները անձնակազմին սխալ ուղղությամբ են տարել

Վարույթով մյուս մեղադրյալ, պատերազմի ժամանակ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Դրանից բացի նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 375-րդ հոդվածի 4-րդ մաս, 376-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Աբգարյանի մեղադրանքի առաջին դրվագը վերաբերում է Անդրանիկ Մակարյանի անցկացրած հիշյալ խորհրդակցությանը, որին նա, ինչպես արդեն նշվեց, մասնակցել է։ Խորհրդակցության ժամանակ Աբգարյանին հանձնարարվել է ուղեկցողի մատնանշած երթուղու միջոցով կազմակերպել անձնակազմին Կերեն գյուղում ժամանակավորապես տեղակայված ոստիկանական հենակետ հասցնելը, որից հետո իջնել եւ ոտքով շուրջ 2 կմ առաջանալ դեպի Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածք՝ սպասելով հետագա հրահանգներին:

Ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Սյունիք սովխոզի ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։ Արդյունքում, ուղեկցող Արման Նուրիջանյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբին ոստիկանական վերոնշյալ հենակետի մոտ իջեցնելու եւ այնտեղից «Կիրի հանք» կոչվող տարածք ոտքով ուղեկցելու փոխարեն անձնակազմին ուղեկցել է մինչեւ Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ անձնակազմն ընկել է վերը նկարագրված շրջափակման մեջ՝ անհավասար մարտի պայմաններում տալով զոհեր եւ վիրավորներ։

Արսեն Աբգարյանի մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելուն։

Մասնավորապես, Աբգարյանը 2020 թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ N զորամասի 146 զինծառայողների, այդ թվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Գեւորգ Նշանյանի հետ միասին մեկնել է Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի մշտական տեղակայման վայր: Օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Գեւորգ Նշանյանը դիմել է Արսեն Աբգարյանին՝ խնդրելով թույլատրել մեկնել ՀՀ մարզերի դիահերձարաններ՝ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված ազգականի՝ Գեղամ Էդուարդի Մեսրոպյանի դին գտնելու եւ հուղարկավորելու համար։ Արսեն Աբգարյանը, ըստ մեղադրանքի, իր վերադաս ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանին հաճոյանալու եւ նրա վստահությունը շահելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ նույն օրը ենթասպա Գեւորգ Նշանյանին թույլատրել է դուրս գալ զորամասի մշտական տեղակայման վայրից՝ նշված փաստը որեւէ կերպ չհրամանագրելով։ 

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող մայոր Սարգիս Կուլակչյանի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին հանձնարարել է Գեւորգ Նշանյանին հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։

Արսեն Աբգարյանը նույնպես դատարանում մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ նախորդ դատական նիստին վերջինս փոխվել է, եւ այս պահին մեզ հայտնի չէ նոր պաշտպանի անունը։

Սարգիս Կուլակչյանի ցուցումի հետեւանքով, ըստ մեղադրանքի, խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Սարգիս Կուլակչյանի մեղադրանքը վերաբերում է միայն Գեւորգ Նշանյանի դրվագին․ նա մեղադրվում է Արսեն Աբգարյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 38-375-րդ հոդվածի 4-րդ մաս)։

Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարութունյանը Սարգիս Կուլակչյանի ցուցումով 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Գեւորգ Նշանյանին հրամանագրել է որպես զորամասի հիմնական կազմի թվով 16 այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից զորամաս վերադարձած զինծառայողի, որի հետեւանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հոկտեմբերի 7-ի մարտական կարգադրության պահանջները, խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։

Մեր զրույցում Կուլակչյանի պաշտպան Մարտին Մարտիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դատարանում մեղքը չի ընդունել։ Ըստ նրա՝ Կուլակչյանի մեղադրանքը իրավաբանորեն պարզ չէ, այդ թվում՝ այն առումով, թե ինչ եղանակով է նա օժանդակել հրամանատարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարությունյանը պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություն է ներառել ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանի որդու մասին

ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանի մեղադրանքը եւս վերաբերում է միայն Գեւորգ Նշանյանի դրվագին․ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 314-րդ հոդվածի 1-ին մաս)

Համաձայն մեղադրական եզրակացության՝ զորամասի մշտական տեղկայման վայրը լքելուց օրեր անց՝ հոկտեմբերի 16-ին, Էլլադա Հարությունյանը զորամասում հանդիպել է նրան եւ հետաքրքրվել վերադառնալու պատճառների մասին: Այդ ժամանակ պարզել է, որ վերջինս պատերազմական գործողության հետեւանքով զոհված հարազատի դին ՀՀ մարզերի   դիահերձարաններում փնտրելու եւ այն հուղարկավորելու նպատակով զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի թույլտվությամբ է վերադարձել, որի մասին տեղյակ է եղել նաեւ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող, մայոր Սարգիս Կուլակչյանը:

Նույն օրը Էլլադա Հարությունյանը Գեւորգ Նշանյանին որպես ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է մայոր Սարգիս Կուլակչյանին, որը, խոսելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի հետ, Էլլադա Հարությունյանին փոխանցել է վերջինիս հանձնարարությունը, որ պետք է սպասել, որեւէ գործողություն չձեռնարկել։ 

Դրանից մի քանի օր անց էլ՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, մայոր Սարգիս Կուլակչյանը Էլլադա Հարությունյանին հանձնարարել է Գեւորգ Նշանյանին հրամանագրել որպես հիմնական անձնակազմի հետ մարտական ծառայությունից վերադարձած զինծառայողի, որից հետո Հարությունյանը զորամասի հրամանատարի հրամանների հրամանագրքում կատարել է իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում առ այն, որ Գեւորգ Նշանյանը զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։ 

Էլլադա Հարությունյանը եւս առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Մեր զրույցում նա պատմեց, որ դատարանում հայտնել է, որ ինքը որեւէ կեղծիք չի արել․ «Ես տեղյակ չեմ եղել, որ հոկտեմբերի 11-ից Նշանյանը գտնվել է Էջմիածնում, նրան պատահական տեսել եմ հոկտեմբերի 16-ին ու ինձ  ոչ մի հանձնարարական չի տրվել, ինչպես իրենք են ցուցմունքներում ասում, ես ինքս եմ հարց բարձրաձայնել, թե ի՞նչ գործ ունես դու այստեղ կամ սա օրինակա՞ն է, պե՞տք է հաշվառվի թե՞ ոչ»։  Հարությունյանի խոսքով՝ ի պաշտոնե ցուցմունք տալու համար իրեն ստիպել են ընդհուպ մինչեւ զեկուցագիր գրել ու ազատվել  պաշտոնից, որը ինքը արել է․ «Եվ բաժինը հանձնելիս Գեւորգի կողմից տրված ոչ մի զեկուցագիր չի եղել, ըստ որի՝ ինքը զեկուցագրով է Կապանից ներկայացել, ինչը որ Քննչականում իմ առաջ դրվեց, եթե լիներ նման փաստաթուղթ, էդտեղ կլիներ իմ եւ Կուլակչյանի ստորագրությունը, նման փաստաթուղթ մենք չենք տեսել, հիմք չենք ունեցել հրամանագրելու, եթե հրամանագրեի, էլի պատժի կենթարկվեի, որովհետեւ ես պետք է հիմնավորեի դա որպես համալրման բաժնի պետ․․․ Ես ամեն օր տողանները ստուգել եմ, Գեւորգը ներկա չի եղել զորամասում, իսկ հետագայում էլ՝ դեկտեմբեր ամսին, զորամասի հրամանատարի կողմից ստացել է 160 հզ դրամ խրախուսանք մարտական գործողություններին մասնակցելու համար»,– նշեց Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել