tert.am: Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե որ փուլում է հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը։
«Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը կամ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, և դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ, կարծեմ, ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ գործընթաց կա։
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշեց․ «դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից»։
Ինչ վերաբերում է ապագայում հնգակողմ հանդիպմանը, ապա Միրզոյանն ասաց, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ գրեթե մշտապես կա։
«Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված, նախնական պայամվորվածություններ կան»,- հավելեց նա։
«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- նշեց Միրզոյանը։
comment.count (0)