Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
ՏԿԵՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու SIDA-ի դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (Հայաստան, RESILAND) ծրագրի մանրամասները։
«Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ ամենատարբեր ժամանակներում Տարածքային կառավարման նախարարությունը Համաշխարհային բանկի հետ բազմաթիվ հաջողված ծրագրեր է իրագործել ջրամատակարարման, համայնքային զարգացման, ճանապարհաշինության և այլ որոտներում։ Նրա խոսքերով՝ ևս մի ծրագրի շուրջ աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս։
ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը նմանատիպ ծրագրեր իրականացրել է այլ երկրներում ևս, որտեղ հաստատապես եղել են լավ լուծումներ և հույս հայտնել, որ այդ երկրների փորձառությունը շատ օգտակար կլինի Հայաստանի համար։
Որքան էլ նախագիծն առնչվում է շրջակա միջավայրին, ՏԿԵ փոխնախարարի խոսքերով, ոչ պակաս կարևոր է այդ միջավայրի կառավարումն ու զարգացումը համայնքային ու մարզային համատեքստում։
Պատվիրակության ղեկավար, առաջադրանքի թիմի ղեկավար և բնապահպան Ֆիսեհա Աբիսան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ներկայացնելով, որ իրենց առաքելության նպատակն է քննարկել ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները, գնահատել ինստիտուցիոնալ կարողությունները։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նախագիծն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։
Վաչե Տերտերյանը և ՀԲ ներկայացուցիչը վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է նախարարության տարծած հաղորդագրության մեջ։
comment.count (0)