Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 %-ը
21:16 - 17 սեպտեմբերի, 2023

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 %-ը

Երևանի ավագանու հերթական ընտրություններն ավարտված են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ բոլոր 475 տեղամասերը 20:00-ին փակվել են, ներկայում ընթանում է քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։

Ընտրություններին մասնակցության ցուցանիշն այս տարի ցածր է նախորդ տարիներից․ նախնական տվյալներով 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553-ը կամ 28,46 %-ը։ 2018-ի ավագանու րտահերթ ընտրություններին, հիշեցնենք, քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 43.65%-ը։

ԿԸՀ նախագահը նաև ներկայացրեց պատկերն՝ ըստ վարչական շրջանների՝

  • Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 83 հազ․ 14 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23 հազ․ 229 ընտրող՝ 27.98%,
  • Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 39 հազ․ 30 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 հազ․ 575 ընտրող՝ 32,22%,
  • Արաբկիր վարչական շրջանում 94 հազ․ 537-ից ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 301 ընտրող՝ 30,99%,
  • Դավթաշենում 33 հազ․ 484-ից քվեարկությանը մասնակցել է 10 հազ․ 709 ընտրող՝ 31,98%,
  • Էրեբունիում 89 հազ․ 206-ից քվեարկությանը մասնակցել է 21 հազ․ 719 ընտրող՝ 24,35%,
  • Կենտրոնում 94 հազ․ 922-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 714 ընտրող՝ 30,25%,
  • Մալաթիա-Սեբաստիայում 106 հազ․ 317-ից քվեարկությանը մասնակցել է 27 հազ․ 490 ընտրող՝ 25,86%,
  • Նոր-Նորքում 97 հազ․ 497-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 889 ընտրող՝ 29,63%,
  • Նորք-Մարաշում 10 հազ․ 667-ից քվեարկությանը մասնակցել է 3314-ը՝ 31,07%,
  • Նուբարաշենում 8065-ից քվեարկությանը մասնակցել է 2250-ը՝ 27,9%,
  • Շենգավիթում 110 հազ․ 780-ից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 357-ը՝ 26,5%,
  • Քանաքեռ-Զեյթունում 56 հազ․ 731-ից քվեարկությանը մասնակցել է 17 հազ․ 6 ընտրող՝ 29,98%:

ԿԸՀ նախագահը նշեց, որ մանսակցության այս ցուցանիշը մայրաքաղաքի համար ամենացածրն է․ «Ես չեմ հիշում նման ցածր ցուցանիշ, բայց կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում․ սա ընտրողների որոշումն է։ Նկատի ունեմ՝ ընտրողն ազատ է, և բոլոր 475 տեղամասերից երեկվանից սկսված է իրական ժամանակում հեռարձակում, այսինքն՝ մարդիկ ազատ պայմաններում քվեարկում են, և ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Կարող եմ որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ ասել, որ ամբողջ աշխարհում ազատ և ժողովրդավարական ընտրություններն ունեն մասնակցության ցածր մակարդակ, որովհետև ինչպես ընտրողին կարող է հետաքրքրել մասնակցելը, կարող է նաև չմասնակցել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել