hetq.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններն մասնակցող 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ընտրողների ձայների մեծամասնությունը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ստացած ձայները:
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 66 քաղաքացի: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 824 316, որից քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ Անվավեր է ճանաչվել 2763 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը՝ 195 է:
Երեկ ժամը 21:00-ին ԿԸՀ-ն հրապարակել էր 28.46% ընտրողների մասնակցություն: Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ 28.44%-ը արձանագրությունների հիման վրա ճշգրտված թիվն է:
Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%: Այսպիսով նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը:
Ներկայացվածը նախնական արդյունքներ են: Այսօր ժամը 12-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը, և չի բացառվում, որ որոշ ընտրատեղամասերում իրականացվեն վերահաշվարկներ, ինչը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա:
comment.count (0)