Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
 |armeniasputnik.am|
13:50 - 18 սեպտեմբերի, 2023

Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։

Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։

«Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։

Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։

«Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։

Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։

Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։

Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ 

1. ՔՊ - 75․463 (32.57%)
2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)
3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)
4. Հանրապետություն - 26․236 (11.32%)
5. Հանրային ձայն - 22․431 (9.68%)

Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն» - 7։ 

Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել