22։ 19- Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
[Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]
23։00- Մենք այսօր Գորիսից Ստեփանակերտ ենք ուղարկել թվով 40 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որ պետք է հասնեն Ստեփանակերտ, բերեն այն մարդկանց, որ սեփական տրանսպորտային միջոցներ չեն ունեցել: Ինչու դա չենք արել երեկ. Ստեփանակերտից Կոռնիձոր մոտ 60 կմ է հեռավորությունը, մեքենաները երեկ անցել են 35 ժամում, եթե ավտոբուսներն ուղարկեինք ավելի շուտ, դրան կհայտնվեին նույն հերթում:
Սպասել ենք` ճանապարհի խցանումը թեթևանա, որ մարդիկ լրացուցիչ սթրես և հոգնածություն չունենան: [ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան] |1lurer.am|
21։57- Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանը իրավիճակի քննարկում կանցկացնի ԵՄ խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների հետ։ Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։ |armeniasputnik.am|
21։33- Երևանից ժամանած ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են։ Նաև մի քանի ավտոբուս ժամանել են Իվանյանի օդանավակայան։ Այնտեղ գտնվող մեր բոլոր հայրենակիցներն արդեն տեղավորվել են և շուտով կճանապարհվեն։
[Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյան]
21։28- Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։
[Արցախի տեղեկատվական շտաբ]
21։06- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբը՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով: Այն կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
[ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուեր] |1lurer.am|
20։25- Ժամը 20։00-ի դրությամբ 76407 բռնի տեղահանված անձ ժամանել է ՀՀ։ Հակարիի կամուրջը հատել է 15914 տրանսպորտային միջոց։ [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]
20։20- 17153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։ Նախորդ օրը այս ցուցանիշը 8036 էր։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում բուժում է ստանում 342 բուժառու։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը նորածին են։
[ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]
20։15- Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: Նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային գործընկերների և կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին: [ՀՀ ԱԳՆ]
20։04- Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել ՀՀ։ Հակարիի կամուրջը նույն ժամի տվյալներով հատել է 15 535 տրանսպորտային միջոց։ 55 240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։ [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]
19։48- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։ «Մենք կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու պատշաճ և արդար դատավարության իրավունքների հարգումը, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ: Պետք է Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն և պաշտպանվեն»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Էլիզաբեթ Թրոսելը։ |armtimes.com|
19։17- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ:
[Նիկոլ Փաշինյան]
19։02- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է ու համոզմունք հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ: Նա նշել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած եւ ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: [ՀՀ ԱԺ]
18։59- ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է․«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի և էթնիկ զտման ֆոնին ևս մեկ բանաձև եմ ներկայացնում, որի արդյունքում, հուսով եմ, Բաքվին ԱՄՆ օգնությունը կդադարեցվի։ Կապ չունի՝ ինչ են ասում մեր դիվանագետները. եթե այդ ռեժիմին շարունակենք գումար տրամադրել, նրանք էլ կշարունակեն բռնությունները»։ |1lurer.am|
18։51- Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ: [ՀՀ ԱԳՆ]
18։49- Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների
հիմնախնդրին: [ԱԽ գրասենյակ]
16։50- ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
16։25- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են Արցախը։ ԼՂ ԱԽ նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն օրերս հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։ [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյան] |azatutyun.am|
16։00- Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից 70 500 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ Նրանցից 50 866-ը արդեն հաշվառված են։ [ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ]
15։30- Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ինքը ապահով և ազատ է: «Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատ ու ապահով եմ: Թեև շարունակում եմ ստանալ բազմաթիվ հանրային, մասնավոր ատելության խոսք, սպառնալիքներ, ես երբեք չեմ ծանուցվել Ադրբեջանի կողմից որևէ հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա, սակայն ես չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - տելեգրամյան ալիքում գրել է Բեգլարյանը։
15։20- «Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու»։ Այս մասին հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ ճշմարտություն է, մեզ համար եղել եւ այսօր մնում է շատ արդիական»,- ասել է Սարգսյանը։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չէ՞, նա պատասխանեց․ «Ինձ համար երբեք այն փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեեւ հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը եւս»։
15։10- Առաջիկայում ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչները Եվլախում կրկին կհանդիպեն։ Այս մասին գրել է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Նշվում է ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա կլինի նախորդ հանդիպումների մասնակից, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը:
13։00- Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Բայրամովը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է «կազմակերպել ՄԱԿ-ի կառույցների այցը Ղարաբաղի շրջան՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ»։ Նա նաև ասել է, թե «չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղության գործընթացը»։
12։50- Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
12։44- Արցախից Հայաստան տեղափոխված 7 բուժառու մահացել է. 6-ը պայթյունի հետևանքով տուժած անձինք էին, իսկ մեկը վիրավորում էր ստացել։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
12։15- Ադրբեջանը պետք է անվտանգ անցում թույլ տա Հայաստանում ապահովություն փնտրող և Լեռնային Ղարաբաղից հեռացող մարդկանց համար՝ երաշխավորելով էթնիկ հայերի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքը։ [Amnesty International]
12։05- Ադրբեջանական Report-ը, հղում անելով երկրի ԱԻՆ-ին, գրում է, թե Շուշի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող, 8 տոննա բենզին տեղափոխող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ Ադրբեջանի ԱԻՆ-ի՝ դեպքի հետևանքով հայ քաղաքացիներին պատկանող երկու մեքենա է այրվել, իսկ հրդեհը մարվել է։
11։50- Արձանագրում ենք, որ անցակետում և մինչև անցակետը տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է։ Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու [համար], այդ թվում՝ միջազգային ատյաններում։ Եվ սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով։ [Նիկոլ Փաշինյան]
11։30- Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նա մեղադրվում է՝ «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, Ղարաբաղում զինված միավորումների կազմավորմանն ու գործունեության կազմակերպմանը, նրանց զինելուն մասնակցելու, ահաբեկչություն ֆինանսավորելու համար»։ Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության՝ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
11։15- Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 66 500 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ [ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան]
11։10- Երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ [Արցախի ԱԻՊԾ]
11։09- Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ [Նիկոլ Փաշինյան]
10։20- Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել․ «Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
10։02- Դավիթ Բաբայանը Ստեփանակերտից մեկնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի։ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»,- գրել է Արցախի նախկին արտգործնախարարը իր ֆեյսբուքյան էջում։
09։55- Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: [ՀՀ ԱՆ]
09։47- ԱՄՆ-ն ողջունել է Ադրբեջանի կառավարության արձագանքը Արցախ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն ասել է, որ կողջունի այդպիսի միջազգային դիտորդական առաքելություն։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ նա ասել է, որ տեղյակ են իրավիճակից և մանրամասն դիտարկում են այն։
09։20- Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
27․09․2023
23։20- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։ Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց», իսկ միջազգային իրավունքը պետք է պահպանվի: |armeniasputnik.am|
22։30- Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։ Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ [Արցախի ՆԳՆ]
21։40- Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, մտքեր են փոխանակվել հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի: [ՀՀ ԱԳՆ]
21։24- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
20։44- Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 53629 անձ և 10985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35491 անձի հաշվառում։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
20։16- ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալվում է նաև ՌԴ և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: [ՀՀ ԱԳՆ-ն՝ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ] |armenpress.am|
19։38- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: [ՀՀ ԱԳՆ]
19։22- Ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները: [ՀՀ ԱՆ]
16։36- Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ։ Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնում։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյան] |aysor.am|
16։30- Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում։ Թեեւ երեկվանից տեղահանվածների հաշվառման գործընթացն այստեղ այլեւս չի իրականացվում, հավաքակայանն այսօր էլ մարդաշատ է։ Համայնքապետարանի աշխատակից Լուսինե Քարամյանը Infocom–ի հետ զրույցում հայտնեց՝ հաշվառումը այստեղ չի գործում, քանի որ տեղափոխել են Վայք․ Գորիսում արդեն տեղ չկա։ Այժմ իրենք եւ կամավորական խմբերը զբաղված են առաջին օգնություն ցուցաբերելով։
15։38- ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ տեղեկությունը փոխանցել են Բաքվում USAID-ի գրասենյակից. «Այցի ընթացքում սպասվում են պաշտոնական հանդիպումներ և Ղարաբաղում տիրող իրադրության վերաբերյալ քննարկումներ»։
15։15- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը, ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և չի կարող ոչինչ ասել դրա վերաբերյալ. «Ինձ հայտնի չէ նրա [Վարդանյանի] ձերբակալության մասին, ես չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք․ թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից 2022-ին Արցախ տեղափոխվելուց առաջ։
15։05- Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
14։13- Ռուբեն Վարդանյանի կինը հաստատել է Վարդանյանի ձերբակալության մասին լուրերը․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից», - РБК-ին հաղորդել է Վերոնիկա Զոնաբենդը։
13։38- Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են, հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։ ՍիվիլՆեթի հետ զրույցում կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրեց, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։
13։37- Ռուսաստանի ու Հայաստանի շփումները տարբեր մակարդակներում շարունակվում են։ Ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն և կընդունվեն պատշաճ կերպով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ ՌԴ-ն միշտ «խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք դրանց սրացումների նախաձեռնող չի եղել, արել է առավելագույնը ամենաբարդ իրավիճակներում Հայաստանի ժողովրդին աջակցելու համար»։ «Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները հետագայում ևս կիրականացվեն՝ ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից»,- ասել է Զախարովան։
13։08- Շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների անընդմեջ ազդանշանները, որ խախտում են գիշերվա առանց այդ էլ խախուտ ժամերը, մի բան են շշնջում ականջիս՝ աղետը ժամ–պատարագ չունի, աղետը սկիզբ ու վերջ չունի։ Լուսերես Գորիսի համար այստեսակ մտքերը գուցե շատ են մթին, բայց այդ անվերջության մեջ մենք էլ՝ մեծից փոքր, այլ ելք չունենք․ կյանքը, որով ապրում էինք, էլ չկա։
Չեղած կյանքի եւ եղած–չեղած իրականության միջով շտապում ենք դարձյալ հավաքակայան․ այստեղ արդեն օրեր շարունակ չի դադարում բռնի տեղահանված արցախցիների հոսքը․ դեպի ո՞ւր են գալիս, ի՞նչ հասցեով եւ ինչպե՞ս շարունակվելու՝ չգիտեն իրենք էլ։
Այդ անորոշության մեջ Քիստինեն մի բան է ուզում ասել միայն․ «Մեկ–մեկ զրույցներ են գնում, որ կարողա չգանք, մնանք, ինտեգրվենք, թուրքի հետ ապրենք, բայց էդ даже представить невозможно. դեռ 90-ական թվականներին թուրքը ո՞նց է վարվել, ի՞նչ է արել արել, հիմա՝ էսքանից հետո, 2020 թ․–ից, 2023 թ․–ից հետո․․․ C ним невозможно жить…»։
12։42- Միջազգային դիտորդների մուտքը թույլատրելը վստահության ապացույց կլինի, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում ԼՂ բնակչության անվտանգությունը և բարեկեցությունը ապահովելու իր հանձնառությանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անանելա Բերբոքը՝ հավելելով, որ գործընկերների հետ քրտնաջան աշխատում են դիտորդներ ուղարկել որքան հնարավոր է շուտ։ Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան ԿԽՄԿ միջոցով ուղարկվող մարդասիրական աջակցության ծավալը կմեծացնի՝ 2 միլիոն եվրոյից հասցնելով 5 միլիոն եվրոյի։ |dw.com|
12։14- Այս պահի դրությամբ արդեն 47 715 անձ է հատել Հայաստանի սահմանը։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
11։44- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած 237 անձ է տեղափոխվել ՀՀ բժշկական կազմակերպություններ ժամը 11։00-ի դրությամբ։ Նրանցից 142-ը տեղափոխվել է ուղղաթիռներով, 95-ը՝ շտապ օգնության մեքենաներով: [ՀՀ ԱՆ]
11։25- Բաքուն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բացել տրանսպորտային հաղորդակցություն, որը, ըստ նրա, «օգուտ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։ «Ադրբեջանը որևէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա <...> Ադրբեջանի օրակարգից դուրս է»,- նշել է Հաջիևը։ |hetq.am|
11։23- Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 192 զոհ, որոնք ՊՆ զինծառայողներ են, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ զոհվել է 1 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 511 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ։
11։01- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը շատ մտահոգված է տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղահանմամբ դեպի Հայաստան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանվեն, և նրանք ստանան պարտադիր մարդասիրական աջակցություն, ինչպես նաև պաշտպանություն փախստականների մասին օրենքի ներքո»,- ասել է նա։
10։04- Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում․ «Մենք ակնկալում ենք, որ նա (Իլհամ Ալիևը՝ խմբ․) նա հավատարիմ կմնա դրան»։ Հարցին, թե Յուրի Քիմը և Սամանթա Փաուերը նախատեսո՞ւմ են այցելել Ադրբեջան, Միլլերը պատասխանել է․ «Ես որևէ այլ հայտարարություն չունեմ, քանի դեռ նրանք տարածաշրջանում են»։
09։48- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր: Հրապարակվել են Հումանիտար կենտրոնների հասցեները Հայաստանի տարածքում։
09։16- Զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հորդորելու ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից և առանց հապաղելու ապահովել մարդասիրական անարգել հասանելիություն։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ X-ում]
26․09․2023
23։10- Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ թյուրընկալումից խուսափելու համար հայտնում է, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, որ «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։
23։03- Սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ [ԱՀ ՆԳՆ]
22։58- Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Անհայտ քաղաքացիների թիվը 105 է։ [Արցախի ՄԻՊ]
22։16- Ոչ մի երկիր Հայաստանին չի օգնում ավելի, քան մեր երկիրը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Մենք նաև ամրապնդում ենք պաշտպանության ոլորտում մեր համագործակցությունը։ Երևանում ներկայություն կունենա մեր ռազմական կցորդը։ Բացի այդ, մենք առաջիկայում հյուպատոսություն կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանի մոտ։ [Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա] |factor.am|
21։29- Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
[ՀՀ Կառավարություն]
21։25- Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին:
[ԱԽ գրասենյակ]
20։51- 125 աճյուն այսօր Արցախից տեղափոխվել է ՀՀ դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Այս պահին էլ իրականացվում է վիրավորում ստացած, ինչպես նաև երեկ տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։ Այսօր առավոտյան Երևան են հասցվել նորածին երեխաներ և մեկ երեխա՝ բավականին ծանր վիճակով։ Նրանք արդեն գտնվում են բժիշկների հսկողության տակ։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]
20։47- Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։ Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
19։38- Ֆրանսիայի կառավարությունն առաջիկա ժամերին Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած շտապ բժշկական օգնության համար սարքավորումներ կուղարկի Երևան։ [Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննա] |armeniasputnik.am|
18։30- Բրյուսելում Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը մասնակցել են նաև Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականներն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:Նախագահ Միշելը միացել է մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար: Մասնակիցներն ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու իրենց ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: [Շառլ Միշելի խոսնակի հայտարարությունը]
18։20- Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում: [ՀՀ ԱԽ]
18։04- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում: Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը: [ՀՀ ԱՆ]
17։40- Արցախում սեպտեմբերի 19-20-ի հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա, ինչպես նաև կանայք ու տարեցներ: [«Թաթոյան հիմնադրամի» փաստահավաք աշխատանքների արդյունքները]
17։08- Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում բենզինի ողբերգական պայթյունի հետևանքով տուժածների և նրանց հարազատների հետ են։ Հրատապ անհրաժեշտություն է միջազգային մարդասիրական անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ X-ում]
16։55-Արցախից 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի մեր անցակետը։ 19 հազարից 16 հազարի դեպքում ունենք շատ մանրամասն տեղեկություններ․ 16 հազարից 5500-ը մինչեւ 19 տարեկան անձինք են։ [Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան]
16։40- Այս երեք օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդկանց կեցավայրով ենք ապահովել, նրանցից մոտ 1000-ը ներկայում տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում, 500՝ Վայքում, 500` Գեղարքունիքում, եւ այս օրերին, այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում տեղակայումը։ [ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան]
16։30- Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ: Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ՝ այդ թվում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ԼՂ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության մասին։ Նշվում է, որ ՌԴ եւ Իրանի նախագահները «շեշտել են բոլոր հարցերի՝ բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարեւորությունը»։ Պուտինն ու Ռաիսին աջակցություն են հայտնել 3+3 ձեւաչափի աշխատանքների ակտիվացմանը։ [Կրեմլի մամուլի ծառայություն]
16։05- Սամանտա Փաուերը պատասխանեց լրագրողի հարցին, թե ժամանակը չէ՞, որ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն ավելի կոշտ մեթոդների դիմեն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պատժամիջոցներն են։ Փաուերը նշեց․ «Նախագահ Բայդենի հանձնարարականով ես այստեղ եմ եկել, որ խոսեմ իշխանությունների, ՀԿ-ների, այն անձանց հետ, ովքեր այդ սոսկալի իրավիճակից փախուստի են դիմում։ Եւ ես ու նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պիտի ունենա, և որի մասին դուք շատ հարցեր եք տալիս։ Եվ դրա համար եմ նաև ես այստեղ, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանամ, ականատեսներին լսեմ, և խորհրդակցեմ տարածաշրջանի, մասնավորապես նաև ՀՀ իշխանությունների հետ։ Եվ ես երբ վերադառնամ Վաշինգտոն, պատմեմ այն պատմությունները, որ լսել եմ ականատեսներից, այդ ամենն, անշուշտ օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը դիտարկվող տարբերակներից ընտրեն՝ որը կիրառվի։ Ես ուզում եմ նշել, որ ակտիվ քննարկվում են ձեռնարկվող միջոցների մի քանի տարբերակներ։ Այստեղից գնալով՝ ես ներկայացնելու եմ՝ ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար»։
16։00- Մենք պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ապրում են շատ խոցելի վիճակում: Եվ արդեն մենք տեսնում ենք վկայություններ մարդկանցից, որոնք փախել են բռնությունից և զրկանքներից՝ Ադրբեջանի կառավարության իշխանության տակ ապրելու վախով: Մենք լսել ենք մտահոգիչ հաղորդագրություններ քաղաքացիական անձանց դեմ բռնությունների մասին, միաժամանակ հաշվի առնելով այստեղի քաոսն ու տրավման՝ վկայությունների հավաքումը նոր է սկսվում: Հաղորդումները ևս մեկ անգամ ընդգծում են՝ ինչքան կարևոր է, որ անկախ աչքեր ներկա լինեն ԼՂ տարածքում և դա լինի հիմա: [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը՝ Կոռնիձորում]
15։50- ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար։ Ավելի վաղ հայտարարվել էր ԵՄ-ից 500 000 եվրո օգնություն ուղարկելու մասին։
15։40- ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար: Դա կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը: [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը՝ Կոռնիձորում]
15։05- Շվեդիան Կարմիր խաչին 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 միլիոն դոլար) է հատկացնում ԼՂ բնակչության անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ բժշկական փոխադրումների, պարենի և դրամական ներդրումների համար: [Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը` X-ում]
15։00- Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Եվ հետո ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս հարցով քննարկումներ կան ՌԴ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ համանախագահ երկրի։ Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։ |tass.ru|
14։30- Արցախից ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
14։20- Կոռնիձորից Infocom-ի թղթակիցը հայտնում է, որ ԿԽՄԿ ուղեկցությամբ 10-ից ավելի շտապ օգնության մեքենա է գնացել Ստեփանակերտ։
13։48- Ադրբեջանական MeydanTV-ն գրում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 199 զոհ»։ Այս թիվը ԶԼՄ-ն հավաքագրել է սոցցանցերից, հարազատներից ու գյուղական գրասենյակների ներկայացուցիչներից ստացված տվյալների հիման վրա։ Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն զոհերի պաշտոնական թիվ չի ներկայացրել։
13։30- ԵՄ-ն «պետք է հստակեցնի, որ հայ բնակչությանը ԼՂ տարածաշրջանից հեռացնելու կամ հեռանալ ստիպելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների համար»։ Այս մասին ասել է Դեյվիդ Մըքալիսթերը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ «Ադրբեջանը պետք է մուտքի իրավունք տա տարածաշրջանում մարդասիրական կազմակերպություններին և երաշխավորի կենսական պայմաններ, որպեսզի հուսալիորեն ընդգծի իր հանձնառությունը տևական խաղաղությանը»,- նշել է նա:
13։20- Սամանթա Փաուերին Գորիսի հաշվառման կայանում ԿԽՄԿ աշխատակիցները ներկայացրին աշխատանքների ընթացքը։ Փաուերը տեղում քննարկումներ ունեցավ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանի, ԱԳ փոխնախարարի, Լիլիթ Մակունցի հետ։ Վերջինս, սակայն, մամուլի հետ չհաղորդակցվեց։ Այսօր նախատեսվում է նաև Փաուերի այցը Կոռնիձոր։
12։29- Սեպտեմբեր 25-ին ընդհանուր առմամբ տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։ Այդ թվում՝ անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին։ [Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]
12։10- Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ՝ հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով»,- հայտնում են շտաբից։
11։30- Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը, անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում՝ վարչակազմեր։ [Արցախի ՆԳՆ]
11։25- Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հայտնում են ԱՆ-ից։ Նշվում է, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
11։15- Մենք միանշանակ հավատացած ենք, որ միջազգային առաքելություն պետք է լինի, որը ԼՂ բնակիչների ու միջազգային հանրության համար կապահովի թափանցիկություն, վստահություն և երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվի Ադրբեջանի հայտարարություններին համապատասխան։ Ովքեր ցանկանում են հեռանալ կամ վերադառնալ, նրանց համար պետք է թույլատրվի անվտանգ անցում չեզոք, անկախ երրորդ կողմի վերահսկողությամբ։ Եվ Ադրբեջանը պատասխանատվություն ունի պաշտպանելու քաղաքացիներին և ապահովելու մարդկային վերաբերմունք բոլորի նկատմամբ, այդ թվում՝ նրանց, ովքեր կասկածվում են պատերազմի մարտիկներ լինելու մեջ։ [ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր]
11։05- Գորիսից Infocom-ի թղթակիցը հայտնում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը այս պահին Գորիսում է։ Նրան ուղեկցում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
10։20- Գորիսի հաշվառման կայան հասած մարդկանց աջակցության կազմակերպման գործընթացը շարունակվել է ամբողջ գիշեր։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Թերսնման պատճառով շատերը բուժօգնության կարիք ունեն, որն արդեն տեղում տրամադրվում է քաղաքացիներին։ Միանշանակ է, որ պատկերը շատ վատն է հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից»,- նշեց նա։
09։45-Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: [ՀՀ կառավարություն]
25․09․2023
23։47- Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Հայաստանի մասնագետները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում։ [ՀՀ ԱՆ] |armenpress.am|
23։31- Մենք տարբեր ուղղություններով մասնագիտացված նոր աշխատակիցների ենք ներգրավում, որպեսզի կարողանանք համապատասխան ձևով արձագանքել ահագնացող կարիքներին, որոնք ունեն Արցախից ՀՀ հասնող մարդիկ։ Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք այն մարդկանց կարիքները, որոնք մնում են Արցախի իրենց տներում։ Որպես չեզոք միջնորդ` մեր գործառույթը հիմա վիրավորների անհապաղ տեղափոխումն էր հիվանդանոցներ։ Մենք մարդկանց տարհանում չենք կազմակերպում, զբաղվում ենք գերիների և անհետ կորածների հարցերով։ [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի] |armeniasputnik.am|
23։19- Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար: Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։
Շատ շտապ, առանց հապաղելու։ [Արցախի ՄԻՊ]
23։09- Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն այն է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ ՌԴ խաղաղապահները շարունակում են մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք։ [ՌԴ ԱԳՆ] |armeniasputnik.am|
22։43- ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելություն ձեւավորելու ուղղությամբ, որը կվերահսկի Ադրբեջանի պարտավորությունների կատարումը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը։ Նախաձեռնությունը ակտիվորեն քննարկվում է, և Միացյալ Նահանգներն աշխատում է դաշնակիցների հետ այդ ուղղությամբ։ [ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր] |news.am|
21։45- ԱՄՆ միջազգային զարգացման գորակալությունը սեպտեմբերի 26-ին կհայտարարի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին, այդ թվում՝ դրամական: Սերտորեն աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ, այն համայնքերի հետ, որոնք իրենց դռները բացել են այդ բռնությունից հեռացող մարդկանց առաջ: [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուեր] |armenpress.am|
21։42- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։ Վիրավորների եւ զոհերի հստակ թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել։ Հանրապետական բժշկական կենտրոնում եւ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական եւ դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։ [Արցախի ՄԻՊ]
21։39- ԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք անխախտելի սկզբունքներ են: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են։ [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուեր] |armenpress.am|
21։32- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսներն այսօր ՝ 21:00-ին մեկնել են դեպի Կոռնիձոր: [Երևանի քաղաքապետարան]
21։22- Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում և հումանիտար ներկայություն լինի, որ տեսնեն, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները, և այդ կառույցները կարողանան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը։ [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուեր] |armenpress.am|
21։20- Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:
[ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան]
21։15- ԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք անխախտելի սկզբունքներ են: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են։ [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուեր] |armenpress.am|
21։12- Ռուս խաղաղապահները երկուշաբթի օրը հրադադարի խախտումներ չեն արձանագրել Լեռնային Ղարաբաղում։ [ՌԴ ՊՆ] |news.am|
20։17- Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ [Արցախի ԱԻՊԾ]
20։05- Սամանթա Փաուերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը։
«Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»,- նշված է նամակում։
19։52- Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի բժիշկ Մարատ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Ստեփանակերտի Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ։
19։50- Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման Փաուերը ասել է․ «ԱՄՆ-ն կշարունակի աշխատել թե՛ ձեր, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ, նաև հաշվի առնելով, թե ինչ խոր տնտեսական շահույթ և կայունություն կապահովի այն հայ ժողովրդի համար։ Քայլերը, որ Դուք ձեռնարկել եք իշխանությունների տարանջատման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում, այս ամենը ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ»։
19։30- Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորվել է բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։ Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
19։15- Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է, որ զոհեր ևս կան։ Մեր աղբյուրները դեպքի հետևանքով զոհերի հանգամանքը դեռևս չեն հաստատում։
19։15- Արցախի երկու աղբյուրից ճշտված տեղեկությամբ Ստեփանակերտում բենզալցակայան է պայթել։ Կան վիրավորներ։
18։50- Վաղը նախատեսվում է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Կոռնիձոր։ Այս մասին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
18։24- Հայաստանի ու տարածաշրջանի համար այս կարևոր պահին այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին և ուղիղ խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով տուժած անձանց հետ։ [USAID-ի ղեկավար Սամանթա Փաուեր] |aravot.am|
17։15- 2023թ․ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անկախության մասին անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին եւ չի կարող առաջացնել ոչ այլ ինչ, քան մերժում։ Ակնհայտ է՝ փորձ է արվում իր վրայից հանել պատասխանատվությունը ներքին եւ արտաքին քաղաքականության տապալման հարցում՝ մեղքը դնելով Մոսկվայի վրա։ Փաշինյանի վերջին արտահայտությունները հաստատում են ավելի վաղ արված մեր եզրակացություններն այն մասին, որ սեփական երկրի եւ մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները, որոնք ներշնչված են Արեւմուտքից եւ հրահրված պաշտոնական Երեւանի կողմից, կրում են ոչ թե դրվագային, այլ համակարգված բնույթ։ [ՌԴ ԱԳՆ]
17։07- Team Telecom Armenia-ն հայտնում է, որ անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ «Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և, միանալով Team-ի ցանցին, անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր: Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
16։50- Իլհամ Ալիևը, Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև այսօր կայացած հանդիպմանը, հայտնել է, որ դրա վերաբերյալ իրեն դեռևս տեղեկություն չեն փոխանցել, սակայն ինքը «հույս ունի, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրացիայի ընթացքը հաջողությամբ իրականություն կդառնա»։
16։22- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կոռնիձորում է։ «Տվյալ պարագայում մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ, ըստ էության, այո՛, իրենք են այս պահին դուրս գալիս իրենց տներից, իրենց հայրենիքից, բայց ակնհայտ է, որ այդ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ իրենք չունեն իրենց հիմնարար իրավունքների վերաբերյալ երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ»,- ասաց Անահիտ Մանասյանը։ |1lurer.am|
15։30- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության՝ սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը: Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային
ամբողջականությանը: Անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված հումանիտար
իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:
15։25- Արցախի ԱԻՊԾ-ն տվյալներ է հրապարակել որոնողական աշխատանքների վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։ Սեպտեմբեր 22-ին Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող, իսկ Չարեքտարից՝ զոհված 2 զինծառայողի մարմին։ Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը՝ քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում՝ 2 երեխա և տարեց ամուսիններ։ Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններից տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
15։05- Այսօր պսակադրություն է տեղի ունեցել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում։
Լուսանկարները՝ Աննա Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից
14։41- Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտնել է, որ չի պատրաստվում լքել Արցախը։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։ «Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»,- նշել է նա։
14։15- Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը արդեն Հայաստանում է։ Այս մասին նա հայտնել 24news-ին։
14։09- Դմիտրի Պեսկովի կարևոր հայտարարությունները․
- Մոսկվան հույս ունի, որ Ալիեւի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունն ու նորմալացնել կյանքը Ղարաբաղում։
- Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ցուցաբերում են իսկական հերոսություն, ոչ ոք չի կարող նրանց մեղադրել իրենց պարտականությունները չկատարելու մեջ։
- Հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին։
- ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման կազմակերպման հարցում հստակ ուրվագծեր չկան։
- ՌԴ-ն կտրականապես դեմ է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի ու ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։
- ՌԴ-ն կշարունակի շփումները Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր գործունեությունը՝ ուղղված Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքներին հետևելուն։
- ՌԴ-ն դեմ է Ղարաբաղի հարցով միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելու փորձերին։ |tass.ru|
13։50- Ադրբեջանական ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել հանդիպումից։
13։30- ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Հայաստան։ Այս մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության [USAID] ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը կլինի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթվա հրադադարից հետո:
13։25- Իվանյանում մեկնարկել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
13։02- Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 4850 բռնի տեղահանված անձ: Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: [ՀՀ կառավարություն]
12։55- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ [Արցախի ՆԳՆ]
12։35- Արցախից ՀՀ տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: 16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: [ՀՀ ԱՆ]
12։30- Արցախում տեղյակ չեն, թե Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ում է ձերբակալել՝ սեպտեմբերի 19-ին «դիվերսիա» իրականացնելու կասկածանքով։ Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք էլ են ադրբեջանական լրատվականներից այդ մասին տեղեկացել։
11։15- Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում: Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով: ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի: [Արցախի տեղեկատվական շտաբ]
11։00- Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց, թե ականի պայթյունից Ադրբեջանի ՆԳՆ 4 աշխատակից և 2 քաղաքացիական անձ է մահացել Արցախի Մարտունու շրջանի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքում՝ մեղադրելով հայկական կողմին ու նշելով, թե Թաղավարդ գյուղում տեղակայված ՊԲ ստորաբաժանումներն են տեղադրել ականը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե նշված «հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվող համապատասխան անձինք զինաթափվել և ձերբակալվել են հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին»։
10։50- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մարդիկ մասսայաբար տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյան / Reuters
10։30- Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու։ Այս մասին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ավելի հաճախակի դարձած խոսակցություններին։
8։21-Ստեփանակերտը՝ այսօր առավոտյան
Լուսանկարները՝ Մարութ Վանյան
8։15- Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց որոշած կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: [ՀՀ կառավարություն]
1։20- Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ։ Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են։ 1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր: [ՀՀ կառավարություն]
24․09․2023
23։50- Վերջին օրերին մենք կրկին տեսել ենք անթույլատրելի հանցագործություններ և ռազմական գործողություններ։ Փոքրամասնությունների և հատկապես մի շարք քրիստոնյաների իրավունքները ամբողջովին խախտվել են։ Ուստի, թույլ չտալու համար, որ դա շարունակվի, մենք անում ենք և կշարունակենք մարդասիրական մոբիլիզացիան, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում գտնվող բնակչությանը և օգնության հասնենք նրանց սննդի և անհրաժեշտ օգնության հարցում: Ֆրանսիան այսօր շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, քանի որ այժմ դա է վտանգված։ Պետք է շատ հստակ լինել։ Այսօր մենք ունենք Ռուսաստան, որն Ադրբեջանի հանցակիցն է, Թուրքիա, որը միշտ աջակցել է նրա մանևրներին և եղել է Հայաստանի սահմաններին սպառնացող անխոչընդոտ ուժ։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]
23։30 - Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին ԼՂ ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։ [ՀՀ ԱԳՆ]
22։45 - Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): [ՀՀ կառավարություն]
22։35 - Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հրադադարի վերաբերյալ Արցախի ԱԽ հայտարարության տեքստին ՀՀ ներգրավվածությանը։ «Փաստաթուղթը մենք տեսել ենք, և միակ խոսակցությունը, որ տեղի է ունեցել վարչապետի այն արտահայտությունն է եղել, որ վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ այդ փաստաթղթի մեջ նշված է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, հայտարարություն է լինելու, բայց փաստաթուղթը մեր կողմից չի համաձայնեցվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»,- ասել է Սիմոնյանը Հանրայինի եթերում։
22։00 - Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները: [ՀՀ ՄԻՊ]
21։28 - Ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտի օդանավակայանից Հայաստան է ուղեկցել տեղի բնակիչների 5 ավտոբուսներ և 41 անձնական մեքենաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդագրության մեջ չի նշվում՝ երբ է տեղի ունեցել տարհանումը, և արդյոք նրանք արդեն հատել են Հայաստանի սահմանը: Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։
21։05 - Մի քանի րոպե առաջ Ստեփանակերտում էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է։ Սեպտեմբերի 19-ից քաղաքը հոսանքազրկված էր։ [Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ Տելեգրամում]
20։55 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, նաև գործում է 114 թեժ գիծը։
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։ [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
20։35 - Ռուսական խաղաղապահ զորախմբի ենթակայության տակ շարունակում են մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում` 402 երեխա։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: [ՌԴ ՊՆ]
18։55 - Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել: 216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով: [ՀՀ կառավարություն]
18։45 - Տարհանված, անօթևան մնացած ռուս խաղաղապահների տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների համար հատկացվել է 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով: Վերոնշյալ քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը: Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք: [Արցախի տեղեկատվական շտաբ]
18։20 - Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ արհամարհանք Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ: Ուղերձը հստակ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, և մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ուժեղ քաղաքական կամք՝ դատապարտելու համար սա։ [Արարատ Միրզոյան]
17։49 Տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Այս մասին հայտնում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։
17։45 Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
17։28 Սեպտեմբերի 24-ին Սուրբ Գայանե վանքում Սուրբ Պատարագի սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
17։ 16 Սեպտեմբերի 19-ից Երևանում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Սեպտեմբերի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում արդեն իսկ կալանավորվել է 26 անձ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են․ ՔԿ
16։22 Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ Համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։
16։09 Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան:
16։02 Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Գալստյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցող ակցիաների ժամանակ, ուր զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին՝ թույլ չտալու իշխանության ներկայացուցիչների մուտքը։ Այնուհանդերձ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ժամանել էին պանթեոն, որտեղ նրանց ու ծնողների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները հայհոյել, նաեւ հարվածներ էին հասցրել Աղազարյանին։
15։56 Ըստ Արցախի ԱՆ–ի՝ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ։ Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ: Ըստ ԱՀ ԱՆ–ի՝ առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:
15։05- Որոշում է կայացվել Արցախի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Արցախ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահ զորախմբի միջոցով։ [Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ] |1lurer.am|
15։00- ՀՀ առողջապահության նախարարությունը ժամը 14։07-ին խմբագրել է ժամը 11։11 հրապարակած իր տեքստը՝ նշելով, որ 23 վիրավորները ոչ թե «տեղափոխվում են», այլ «տեղափոխվելու են»։ 14։03-ին մեկ այլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մեր 23 հայրենակիցները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից նախապատրաստվում են տեղափոխվել ՀՀ՝ ուղեկցությամբ Կարմիր Խաչի։ ԱՆ առաջին հաղորդագրությունից, սակայն, չի հեռացվել այն նախադասությունը, որ «Կարմիր խաչի ուղեկցությամբ նրանք անցան Հակարիի կամուրջը»։ Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ԱՆ-ի հետ՝ պարզաբանում ստանալու։
14։55- Արցախից տեղահանված մոտ 30-40 մարդ իրենց մեքենաներով անցել են Հակարիի կամուրջը։ Վերջիններս հիմա Կոռնիձորի հումանիտար կայանում են։ Նրանց պատմելով՝ ադրբեջանական կողմը չի ստուգել փաստաթղթերը եւ թույլատրել է անցել։ Այս պահին նրանց հաշվառում են Սյունիքի մարզպետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի անդամները։ |aravot.am|
14։20- Արցախի անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել: Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված ս.թ. սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: [Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյան]
Իշխանյանի այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը տարածել էր, որ ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել։
13։50- Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից: ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում՝ կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին: Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել եւ համաձայնեցրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ եւ/կամ միջոցով: [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]
13։25- Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել (Լեռնային Ղարաբաղ- խմբ․), որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում: Ես դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան շրջափակումը Սյունիքի մարզպետ Ղուկասյանի և ԱՄՆ դեսպանի հետ, և կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ [Սենատոր Գերի Փիթերս] |hetq.am|
13։15- Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: [ԱՀ կառավարություն]
12։33- Մենք ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չենք համաձայնել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ ու ժողովրդավար պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունը ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայունությունը, այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ՝ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ [Նիկոլ Փաշինյան]
12։25 - Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքը անկախությա՞ն պաշտպան շարժման մասնակից է թե՞ ծայրագավառային հնազանդության։ Ես ՀՀ վարչապետն եմ, հետեւաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը։ Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումը առաջնորդող վարչապետի հետեւից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետեւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ, որովհետեւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ՀՀ քաղաքացին չի կորցրել եւ չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը, եւ ՀՀ քաղաքացին կհաղթնի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության եւ ազատության համար մղվող այս պայքարում։ [Նիկոլ Փաշինյան]
12։18 - Հռոմի ստատուտի վավերացնելու որոշումը մենք կայացրինք 2022 թ․ դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ–ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, եւ նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։ [Նիկոլ Փաշինյան]
12։17- Մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ [Նիկոլ Փաշինյան]
12։13 - ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ–ում։ Սրանով, սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ [Նիկոլ Փաշինյան]
12։12 - ԼՂ հայությունը այսօր էլ էթնիկ զտումների առաջ է։ Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում։ Եվ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։ Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ [Նիկոլ Փաշինյան]
12։11 - Վերջին տարիներին ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ–ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թ․ մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022 թ․ սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։ [Նիկոլ Փաշինյան]
11։20 «ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել իր զորքերի համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին»,–ասված է հաղորդագրության մեջ։
11։19 Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու․ ՀՀ ԱՆ
10։49 Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ–ում։
10։41 Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Միրզոյանի տեղեկացմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։
«Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցերի, կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղում վայրագ հանցագործությունը կանխելու համար», - գրել է արտգործնախարարը X-ում:
10։09 Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ եւս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։
23․09․2023
22։50 - ԿԽՄԿ-ի միջոցով Մարտակերտից 17 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ։ [Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյան]
21:10 - «Բրյուսելը միջնորդական ծառայություններն է պարտադրում Հայաստանին և Ադրբեջանին, և Վաշինգտոնի հետ ապակայունացնում իրավիճակը Հարավային Կովկասում:
Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Այդ գործընթացին ամեն կերպ կնպաստեն ռուս խաղաղապահները»։
[ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ] |ria.ru|
20։30 - Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի: [ՀՀ կառավարություն]
20։28 - Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է։ [ՌԴ ՊՆ]
20։20 - Human Rights Watch-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն, ինչպես նաև Հայաստան գնալ-գալու հնարավորություն։ «Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև բժշկական օգնության հրատապ կարիք ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ՝ հարգելով նրանց վերադառնալու իրավունքը», - ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։ Կառույցն անհրաժեշտ է համարում նաև միջազգային դիտորդական առաքելության ներգրավվածությունը, «որպեսզի երաշխավորի, որ Ադրբեջանը կատարում է իր պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ»։ |azatutyun.am|
19։50 - Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված հումանիտար կենտրոնում կընդունեն Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին, կիրականացվեն հաշվառման աշխատանքներ։ Այս մասին ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։ Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կապված Լեռնային Ղարաբաղից քաղաքացիների հնարավոր հոսքի հետ։ Աշխատանքային խմբին կից կամավորների խումբ է ձեւավորվել, որտեղ հիմնականում Գորիսի պետական համալսարանի ուսանողներն են։
19։23 - Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության hամաձայն՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Արցախում․
18։57 - Կարմիր խաչն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար:
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը: Մեր թիմերն աշխատում են նաև որոշում կայացնողերի հետ՝ քննարկելով տարբեր կարիքները և հնարավորությունը կրկնելու նման աջակցությունը, ինչպես նաև այլ հարցերով փորձել ենք մարդասիրական առաքելությունը իրականացնել: [ՀՀ-ում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի]|1lurer.am|
18։53 - Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարն ասել է, որ դրական է գնահատում Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում կայացած հանդիպումը։ [Ադրբեջանի նախագահի աշխատակազմ]
16։50- Կրկժանի ներքևի հատվածում մարդիկ իրենց տներում են մնացել, բայց այն մասից, որը մոտ է ադրբեջանական զինծառայողներին, բնակիչները լքել են իրենց տները: Բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա, որովհետև տեղում ռուս խաղաղապահները անցակետ են տեղադրել, մեր ԶՈՒ-ն վերահսկում է իրավիճակը, այնպես չէ, որ իրենք ամեն պահի կարող են Ստեփանակերտ մտնել: Այս մասին News.am-ին ասել է Արտակ Բեգլարյանը
16։30- Ադրբեջանում ԼՂ սոցիալական, տնտեսական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի լուծման աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորելու է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Նշվում է, որ խումբը Եվլախում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմի ներկայացրած խնդրանքի համաձայն «կապահովի վառելիքի առաքում»։
16։20- Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Աղդամից Ստեփանակերտ է ուղարկվել SOCAR-ի վառելիքով լի 2 մեքենա։ Հայկական աղբյուրներում այս լուրը հաստատող ինֆորմացիա չկա:
15։20- ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: Այս մասին տեղեկացրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից՝ հավելելով, որ բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:
13։35- Լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: [Արցախի տեղեկատվական շտաբ]
13։00- Մեր կառավարությունն առաջ է քաշել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևանների ու բարեկամների հետ, որ վերջապես մշտական խաղաղություն բերենք Հարավային Կովկաս: [Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ] |1lurer.am|
12։32- ՌԴ ու Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանի խնդիրները՝ շեշտը դնելով Հարավային Կովկասում ստեղծված իրադրության վրա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Աբդոլլահիանը հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյաի 78-րդ նստաշրջանի շրջանակում։
12։10- Հայաստան է ժամանել ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ։ Նրանց ընդունել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։ «Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- ասել է Ռիթերը հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
11։54- Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։ [ՀՀ ԱԳՆ]
11։02- Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։ Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։ Հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն «cert.gov.am»։ [ՀՀ ԱԱԾ]
10։22- Այսօր Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00-ն անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին: [Արցախի տեղեկատվական շտաբ]
10։17- Սերգեյ Լավրովը և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերը նյույորքյան հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային առանցքային ոլորտներում հումանիտար աշխատանքի հարցեր։ Այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում։ |news.am|
10։08- Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ [Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ X-ում]
09։55- Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հետ: Քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը ԼՂ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը: Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։ Կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը: [ՀՀ ԱԳՆ]
01:45 - Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։ [ՀՀ ԱԳՆ]
00։51 - ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է` ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»։ Այս մասին Բլինքենը խոսել է ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Արցախում իրավիճակին։ Նա նշել է, որ այս շաբաթ արդեն արտահայտել է իր անհանգստությունը Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Բլինքենը նաև մտահոգություն է հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի և հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքի հրամայականի վերաբերյալ։
00։15- Հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Anadolu-ի փոխանցմամբ, ի թիվս այլնի, նրանք քննարկել են նաև Արցախի «վերջին իրադարձությունները»։
22։45- Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Զրուցակիցները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
[ՀՀ կառավարություն]
22։40- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի, ինչպես նաև միջազգային արդիական խնդիրների վրա։ [ՌԴ ԱԳՆ]
22։25- Հայաստանում հանդիպել են Ֆրանսիայի և Իրանի դեսպանները։
🇦🇲Իրանի դեսպանությունը հայտնում է՝ քննարկվել են նաև տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
22։02 - Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղեկացնում է, որ այսօր ապահովել է մարդասիրական պաշարների մատակարարումը Արցախի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք։
21։46 - ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան։ «Ցանկացած խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշումները կայացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ն»,- ասել է նա։
21։30 - Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը, թե փաստաթղթեր են այրվում․ «Առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից»:
21։15 - Խնդիր ունենք այս պահին Մարտակերտից մեր զոհվածների աճյունները տեղափոխելու և ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու․ ռուս խաղաղապահները փոխեցին պլանները, և չունենք ուղեկցող։ Աշխատանքներ ենք տանում գոնե այսօր 30-ից ավելի ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին տեղափոխելու ՀՀ։ Ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն տվեց համաձայնություն, որ ուղեկցեն, և մեքենաները ՀՀ-ից գնան Ստեփանակերտ, վերցնեն հիվանդներին և տեղափոխեն ՀՀ։ Լինում են դեպքեր, որ ծանր վիրավորման պատճառով չենք հասցնում կյանքը փրկել [Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյան]
21։00- Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ [ՌԴ ՊՆ] |1lurer.am|
20։40- Արցախի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել սեպտեմբերի 19-ից 20-ը Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասից: Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։ Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։
19։25- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՊԲ զենք-զինամթերքի հանձնումը տեղի է ունենում՝ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների։ «Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, ՀՏԿՀ և Դյուրակիր զենիթահրթիռային համալիր», - նշված է հաղորդագրության մեջ։
19։20- Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: [ՌԴ ՊՆ]
19։05- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները։ [ՀՀ ԱԽ]
19։00- Վերջին 2 օրվա ընթացքում ՄԻՊ-ը և Արցախի այլ պատկան պետական մարմիններ ստացվել է ավելի քան 600 ահազանգ և խնդրանք՝ գտնելու անհայտ կորած համարվող իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին։
[Արցախի ՄԻՊ]
18։32- Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետից ռուս խաղաղապահների՝ այսօր արդեն երկրորդ շարասյունն է անցել։ Ինչպես անցակետի տարածքից հայտնել է է Factor TV-ի թղթակիցը՝ շարասյունն ուղևորվել է Գորիս՝ սնունդ և անհրաժեշտ իրեր Արցախ տեղափոխելու նպատակով։ «Սակայն չկա որևէ հստակ տեղեկատվություն՝ արդյո՞ք այդ սնունդն Արցախի բնակչությանը կտրամադրվի, թե՞ միայն ռուս խաղաղապահների համար է նախատեսված»,- նշեց թղթակիցը։ |factor.am|
17։31- Հայերի իրավունքները պետք է ապահովվեն, և անհրաժեշտություն է, որ ինչպես որ պահպանվեն հայերի իրավունքները, այնպես էլ պետք է պահպանվեն պետությունների սահմանները։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ռազմական շքերթի ժամանակ ելույթ ունենալով զինված ուժերի առաջ։ «Իրանի զինված ուժերը վստահություն կառուցելու համար պատրաստ են համագործակցելու տարածաշրջանի բոլոր երկրների հետ և համագործակցելու, որ տարածաշրջանը և Պարսից ծոցը պաշտպանվեն ոչ անհրաժեշտ օտարերկրացիներից»։ Իրանի նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանի զինված ուժերի կողմից և օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանի համար խնդիր է։ Նա ողջունել է ԶՈՒ հզոր ներկայությունը՝ կանխելու տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և սաhմանների փոփոխությունը։
16։27- Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր: [ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյան] |artsakhpress.am|
16։05- Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:
15։20- Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրեր վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: [Արցախի տեղեկատվական շտաբ]
15։00- ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:
ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]
14։57- Aysor.am-ը կապ է հաստատել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հաստատո՞ւմ է, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։ «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը։
14։40- Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) տեղակայված աշխատանքային խումբը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է (047) 94-28-57 հեռախոսահամարը։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
14։20- Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում հանդիպումից հետո X-ում գրել է, որ «բժշկական նպատակներով տարհանման համար Հայաստանը ևս կարող է բժշկական մեքենաներ ուղարկել Հայաստանից։ Հաջիևը նաև խոստացել է ապահովել «կամավորության ակզբունքով և անհատական ընտրությամբ» Լաչինի միջանցքով «քաղաքացիների անվտանգ անցումը սեփական մեքենաներով»:
14։12- Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]
13։20- Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում համերաշխություն հայտնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելու, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված կարևորվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանի հիմնումը։
12։20- Բաքուն հայտարարում է, թե համաներում է նախատեսում Ղարաբաղի այն մարտիկների նկատմամբ, որոնք վայր են դրել զենքերը։ «Reuters»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմետ Հաջիևը։ Նա հավելել է, որ խոսքը «նույնիսկ նախկին զինվորականների և մարտիկների մասին է»։
11։40- Եվրահանձնաժողովը 500,000 եվրո է մոբիլիազացնում, որ մարդասիրական օգնություն տրամադրի ԼՂ-ում ռազմական գործողությունների էսկալացիայից տուժած բնակչությանն աջակցելու համար։ «Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները դրամական օգնության միջոցով՝ միաժամանակ տրամադրելով նրանց ապաստան և հոգեբանական աջակցություն: Այս հրատապ ֆինանսավորումը ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության է, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին ԼՂ ճգնաժամի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
11։19- «Ազատությանը» հայտնի է դարձել, որ Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը: Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։
11։13- ԼՂ շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի միջնորդության հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակցին տված հարցազրույցում։ «Տեսեք, թե ինչի դա հանգեցրեց. Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Քանի Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է Զախարովան: Նրա կարծիքով դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք․ «Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ ինչ-որ կերպ բացատրվելու համար»։ |tert.am|
10։21- Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իր այն գնահատականին, որ Արցախում «ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա»․«Այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ, ավելի դրական առումով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա։ Բայց էլի եմ ասում, որ պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել»։ Այդ հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություն անելու հնարավորություն տալիս են։ Բայց էլի եմ ասում՝ իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է։ Եվ առանձին դեպքերում, երբ խոսվում է քաղաքացիական բնակչության մասին, չի վերաբերում նրան, որ որևէ տեղում չի կարող միջադեպ տեղի ունենալ։ Խոսքը ընդհանուր առմամբ իրադրության գնահատականի մասին է»։
10։20- Փաշինյանը հայտնեց, որ արցախահայերի հնարավոր հոսքին իրենք պատրաստ են և շարունակում են պատրաստվել։ «Բայց էլի ուզում եմ ասել, և, ըստ էության, սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ մեր գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինքն՝ ԼՂ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները, ԼՂ բնակիչները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
10։18- Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց իրենց դիրքորոշումը՝ կապված արցախահայերի՝ Հայաստան հնարավոր տեղափոխման հետ։ «Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ էս իրավիճակը շարունակվի։ Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը առկա է։ Այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, էդ խնդիրը իհարկե բոլորիս օրակարգում կլինի»։
10։13- Փաշինյանը հայտարարեց, որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է՝ միաժամանակ նշելով, որ որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ։ «Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։ Հիմա ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էս պահին պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ՝ չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,- ասաց նա՝ դարձյալ ընդգծելով, որ խոսքը դինամիկ գործընթացի մասին է։
10։10- Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր առավոտյան ԼՂ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան, և դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք։ Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք՝ դրական զարգացումների հույսեր կան։ Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իրավիճակը դինամիկ է, և այս պահին ունեցած տվյալը կես ժամ հետո կարող է փոխվել։
10։00- Հայաստանյան լրատվամիջոցները, Տելեգրամում TRT-ի ռուսալեզու ալիքին հղում անելով, պնդել են, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»։ «Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով թուրքական լրատվամիջոցները, պարզեց, որ Էրդողանը, Նյու Յորքում «Թուրքական տանը» պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախում ադրբեջանական հարձակմանը, սակայն նման հայտարարություն չի արել։ FIP․am-ն Էրդողանին վերագրվող խոսքերը չհայտնաբերեց թուրքական որևէ այլ լրատվամիջոցում և, մասնավորապես, TRT-ի անգլալեզու տարբերակում։ |fip.am|
09։43- Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝
044 249977
044 249988
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝
047 979047
[ՀՀ-ում Արցախի ներկայացչություն]
09։28- Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Արցախ է ուղարկել 20 տոննա հումանիտար օգնություն, որը ներառում է սննդամթերք և հիգիենայի պարագաները։ Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ երկրի ԱԻՆ-ի պաշտոնյա Միրելի Ֆեյզիեվը հայտնել է, որ բեռնատարները Աղդամից շարժվել են դեպի Ստեփանակերտ։ |report.az|
08։00- Տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը, որը նախաձեռնել էր ֆրանսիական կողմը։ ԱԽ նիստին հնչած ելույթները՝ այստեղ։
21․09․2023
03։52- Նյու Յորքում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո ԼՂ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան բացահայտ ի ցույց է դնում ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանզիմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։ Ընդգծվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը, նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը: [ՀՀ ԱԳՆ]
23։10- Ճանապարհի մի կողմում մենք ենք, մի կողմում՝ թուրքերը։ Երեք օր ա՝ հավաքած իրերը, մի նկուղից մի տեղ ենք գնում։ Մեկն ասում ա՝ դեպի կենտրոն, մեկն ասում ա՝ կենտրոնում պիտի գան դրոշ դնեն, ոչ մեկս ոչ մի բն չգիտենք։ Գնում ենք նկուղները, հետ գալիս տուն, երեխաներին կերակրում, ուտելիքն էլ արդեն վերջանում ա։ «Ազատության» հետ զրույցում նշել է Ստեփանակերտի բնակիչներից մեկը
23։05- Մեկնարկել է Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը։
Նիստը տեղի է ունենում Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
23։01- ԱԽ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, հիմնական թեման անվտանգությունն ու հումանիտար հարցերն են։ Այս մասին Հանրային ՀԸ-ի տաղավարում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Նախ այն հարցի [պատասխանը], թե արդյոք Հայաստանը պատրաստ է իր ուժերի ներածին չափով եւ բոլոր ուղղություններով, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները լքեն [ԼՂ-ն], լուծի այդ խնդիրը, միանշանակ պատասխանն «այո» է։ Եւ մինչեւ այսօրվա քննարկումները՝ մենք նախապատրաստվում էինք հնարավոր այդ սցենարին, բայց մենք նախապատրաստվում ենք նաեւ հնարավոր այլ սցենարների, այսինքն՝ փորձել օգնել մեր հայրենակիցներին այնտեղ մնալու. ես, իհարկե, հասկանում եմ, որ իրավիճակը շատ դժվար է, խնդիրն օգնություն ունենալու մասին չէ, խնդիրն այն է, որ այդ օգնությունը հասնի ԼՂ»,- ասաց ԱԽ քարտուղարը։
22։45- Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հայտարարություն է տարածել․ «Ցավոք, 75 տարի անց քաղաքակրթությունը լուռ ականատես է լինում ցեղասպանության հերթական վայրենի և դաժան գործողությանը, որն այս պահին իրականացվում է Արցախում՝ ընդդեմ հայ բնակչության։ Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում»։
22։30- Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին։ «Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասել է Ամատունին։ |news.am|
22։15- ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը գրում է, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս զոհվել է 6 ռուս զինծառայող, մի քանի հոգի տարբեր աստիճանի վիրավորում է ստացել։ Ըստ դեսպանատան՝ «միայն երեկ խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 8 հազար քաղաքացիների, ադ թվում՝ երեխաների»։
22։00- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
21։50- ՀՀ սոցապնախարարությունից հայտնում են՝ որոշ անհատներ և մասնավոր նախաձեռնություններ կազմակերպում են սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ «ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։
Ոլորտային ՀԿ-ներին հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջը քննարկել նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
21։ 25- ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հայտնում է, որ Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ելույթ կունենա ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ հավելում է, որ Արարատ Միրզոյանը ևս ելույթ կունենա։ Նիստի տեղի կունենա Երևանի ժամանակով այսօր՝ 23։00-ին։
21։05-Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է։ [Արտակ Բեգլարյանը՝ X-ում]
20։30- Մարդասիրական աղետը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. մեր դիտարկման արդյունքում բացահայտվում են զանգվածային վայրագություններ և մարդու հիմնարար իրավունքների խախտումներ։ [ՀՀ ՄԻՊ-ը՝ X-ում]
20:14- ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։
20:03- Երեկ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է Մշտական Խորհրդի հատուկ նիստ։ ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանն իր ելույթում շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել ԼՂ հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Նա նշել է՝ միջազգային գործընկերների հայտարարություններն այլևս բավարար չեն, և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ: [ԱԳՆ]
19:35- Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղեկացնում է՝ ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուն պես տարհանվել է Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչությունը՝ ավելի քան 5000 մարդ։ Այս պահին Խաղաղապահների մոտ կա 704 մարդ, այդ թվում՝ 440 երեխա։
19:30- Մեծ Շենի գյուղապետը հայտնել է՝ գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: «Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու, դուրս գալու տեղ էլ չկա, ո՞ւր գնան»,- նշել է նա։ |news.am|
19:17- Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, բայց էնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանն, էսպես ասած, մեղադրվելու որեւէ առիթ չունենա, այսինքն՝ ասի, որ տեսեք Հայաստանը, ՀՀ-ն, ՀՀ հանրությունը, ԼՂ հայությունը, իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ պետք ա չմնա, եւ որոշեցին եւ դուրս եկան, սա շատ վտանգավոր խոսույթ է։ Բայց մյուս կողմից, իհարկե, ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը եւ ապրելը մեր պարտականությունների մեջ է: [Նիկոլ Փաշինյան]
19։03- Կներեք, եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ տեղի չունենա հարձակումը ԼՂ-ի վրա։ [․․․] Մյուս կողմից, այսօր ձեզ հայտնի կուսակցության ներկայացուցիչները փողոցներում հարձակվում են մարդկանց վրա, իսկ իրենք ինչի չեն պատասխան տալիս, ԼՂ ԱԺ նախագահն իրենց կուսակցության ներկայացուցիչն է, որը մասնակցել է եւ փաստորեն կողմ է արտահատյվել հրադադարի այս պայմաններին։ Իրենք պատրաստվո՞ւմ են դրա բացատրությունը տալ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այսօր, ինչպես Ղարաբաղի հարցը ձեզ հայտնի շրջանակների կողմից երկար ժամանակ, տասնյակ տարիներ, իննսունյոթ-ութ թվականից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում։ [Նիկոլ Փաշինյան]
18։56- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք:
18։42- Փաշինյանը Արցախի գործընկերների հետ իր խոսակցության մի դրվագ պատմեց․ «Այն բանից հետո, երբ ես տվել եմ փոխվարչապետին համապատասխան հանձնարարական՝ պատրաստել մեր հայրենակիցների դիմավորումը ՀՀ-ում, ես ասել եմ, որ ես կարծում եմ, որ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն պետք է չլինի, նույնիսկ պլան Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի անպայմանորեն պլան Գ-ն։ Էն նկատառումով, որ, էլի եմ ասում, հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից եւ մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին։ Ինչու ենք էսպես վերաբերվում, որովհետեւ մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ, ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում։ Իհարկե, կան իրենց տներից տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ։ Բայց, էլի եմ ասում, ըստ իրադրության գնահատականի՝ պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի»։
18։27- Էսպիսի տեղեկություն ունենք, որ նախորդ օրը ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է՝ եկեք, որովհետեւ հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել, տեսանկարահանել են, հետո ասել են՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք ՀՀ, հետո էդ լուսանկարներն են հրապարակվել, եւ ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ եւ քաոս առաջացնելու համար։ [Նիկոլ Փաշինյան]
18։20- Փաշինյանն անդրադարձավ Արցախից Հայաստան գալ ցանկացողների մուտքը թույլ չտալու վերաբերյալ տեղեկություններրին. «Ես ուզում եմ շատ հստակ ասել, նախ մենք բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքն արդեն տասը ամիս փակ է, եւ ողջ ընթացքում, այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող ճանապարհները հայաստանյան ոչ մի րոպե փակ չեն եղել եւ շարունակում են փակ չլինել, այսինքն՝ էդպիսի թեմա չի եղել։ Ավելին ասեմ՝ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության եւ կենցաղային պայմաններն ապահովելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել, եւ, ընդ որում, տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ եւ էսպես շարունակ, ընդհուպ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար։ Սա արվել է այս շաբաթվա սկզբին, որովհետեւ երբ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը»։
18։15- ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Նրանք հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: Ընդգծվել է ՄԱԿ ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը:[ՀՀ ԱԳՆ]
18։09- Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, եւ դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք որեւէ նման տեղեկատվության չենք տիրապետում։ [Նիկոլ Փաշինյան]
18։07- Արցախից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ հայտնում են․ «Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ», - նշել է Արցախի տեղեկատվական շտաբը։
18։05- Գոնե մինչեւ էս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը համապատասխանաբար վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին։ Մեր տեղեկություններով այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում։ Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե տեղ-տեղ որոշակի խախտումներ նաեւ լինում են։ [Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ]
17։55- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը: Տեղեկությունը հերքել է նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է։ |armenpress.am|
17։02- Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ: Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
16։59- «Ազատություն» ՌԿ-ին մանրամասներ են հայտնի դարձել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսազրույցից։ Ըստ աղբյուրի՝ Միշելը նշել է, որ ԼՂ հայերի անվտանգությունն ապահովելու հարցում պետք է դեր ունենա նաև միջազգային համայնքը։ Ադրբեջանի նախագահը մինչդեռ պնդել է, թե Ղարաբաղի դեմ գործողությունն արդարացված էր, «սա Ադրբեջանի ներքին գործն է», և միջազգային միջնորդության կարիք ինքը չի տեսնում։ Աղբյուրը նշել է, որ Ալիևը նաև վստահեցրել է, թե Բաքուն հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը և տարածքային նկրտում չունի Հայաստանի հանդեպ։ |azatutyun.am|
16։54- Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում։Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ։ [«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ]
16։46- Ելնում ենք նրանից, որ հիմա կայուն պայմաններ կստեղծվեն Ղարաբաղում կրակի դադարեցման եւ տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]
16։21- Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի խոսքով՝ շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, սակայն հաջողվել է կապ հաստատել Թաղավարդի բնակիչների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական հարձակման ժամանակ ստիպված են եղել դուրս գալ գյուղից, հաստատվել են հարակից գյուղերում, սակայն հրադադարից հետո որոշները վերադարձել են Թաղավարդ։ |civilnet.am|
15։57- Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի պատվիրակության հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հաջորդ հանդիպումը անցկացնելու վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդիպումը գնահատել է «կառուցողական», միջավայրը՝ «դրական»: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը «քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրացիայի, ենթակառուցվածքների վերականգնման և դրանց աշխատանքի կազմակերպման վերաբերյալ հարցերի շուրջ»:
15։57- Մարտակերտը բոլոր կողմերից շրջափակման մեջ է։ Հիմա հանգիստ է, տներում ենք, բոլորը սպասում են այն հույսով, որ ինչ-որ ձև կլինի մեզ տարհանելու։ Այս մասին Factor.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Մարտակերտի բնակիչ Անուշ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ իրենց պետք է տարհանեին, սակայն հետո չեղարկվել է․ «Չգիտենք՝ ինչով էր պայմանավորված»։ Բնակչի խոսքով՝ Մարտակերտից մի քանի գյուղ վերև ադրբեջանցիներն են, իսկ բնակիչներին տարհանելու միակ ճանապարհն անցնում է այդտեղով։
15։05- ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ Ցանկացողներին Արցախից ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ [ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման]
14։50- Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր: Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
14։27- Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն չկա, պետք է համաձայնեցնել դետալները։ Ալիևի ներկայացուցիչն էլ հայտարարել է, թե «Ղարաբաղի հայերի» ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները կարող են բերել խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։ |ria.ru|
«Ռիա Նովոստին» խմբագրել է նյութը ու նշել, որ Արցախի ներկայացուցիչը այդ մասին հայտնել է Reuters-ին, սակայն Reuters-ում նման տեղեկություն չգտանք։
14։11 - Երեք ժամ տևած բանակցություններն ավարտվել են, արցախյան կողմը վերադառնում է Եվլախից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում:
13։58 - Մենք հրաժարվում ենք հավատալ, որ 21-րդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում:
Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։
[Գարեգին Բ]
13։51 - Ալիևն ու Պուտինը քննարկվել են նաև տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացմանն ու հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը:
«Վլադիմիր Պուտինը շեշտել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում գործակցել ռուս խաղաղապահների հետ:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղղությամբ՝ հիմքում ունենալով 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ հայտնի պայմանավորվածությունները, առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատում և Բաքվի ու Երևանի միջև խաղղաության պայմանագրի նախապատրաստում»:
13։49 - Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
Դրոշի հետ կապված կեղծ լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները, միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։ [Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակ]
13։44 - Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ալիևը ներողություն է խնդրել և խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։
Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ հարցով երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ [Կրեմլ]
13։34 - Մարտակերտն ընդհանուր շրջափակման մեջ է, նույնիսկ հնարավորություն չունենք սեփական ուժերով դուրս գանք և հասնենք օդանավակայան։ Այս մասին հայտնել է Մարտակերտի բնակիչ Անուշ Առաքելյանը։
Սեպտեմբերի 20-ին տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտակերտի բնակչությունը տարհանվել է։ Ժամեր անց, սակայն, #CivilNetCheck-ին տեղի բնակիչներից հայտնեցին, որ հայտարարված տարհանումը չեղարկվել է։ Անուշ Առաքելյանը հայտնեց, որ դեռ շարունակում են մնալ Մարտակերտում։ Երեկ հայտարարված հրադադարից հետո քաղաքում հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։
Մարտակերտի հիվանդանոցից էլ հայտնեցին, որ այս պահին բուժմիավորումում 6-7 վիրավոր կա, որից մեկի վիճակը ծանր է։ Սակայն վիրավորներին էլ քաղաքից էվակուացնելու հնարավորություն չկա։ |civilnet.am|
13։25 - Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ միացել են ինձ՝ պահանջելու Եվրոպայից պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի վարչակարգի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ հարձակման համար։ [Ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուիզոնը՝ X-ում]
13։24 - Եվլախում բանակցությունները ավարտվել են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
13:14 - Պետքարտուղար Բլինքենը և ես վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն Ուկրաինային և մեր հանձնառությունը՝ հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ [Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ X-ում]
13:10 - Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ։ [Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը` X-ում]
12:38 - Արցախից Սիրանուշ Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Ստեփանակերտում լսվող կրակոցների հետևանքով մարդիկ խուճապի են մատնվել։
12:28 - Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք: [Արցախի ՆԳՆ ոստիկանություն]
12։18 - «Ռիա Նովոստիի» թղթակիցը հայտնում է, որ Եվլախում ընթացող բանակցություններին ներկա է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ։
11։53 - Արցախի Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։
Ներկայում Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում Ստեփանակերտում։ Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։ [Արցախէներգո]
11։46 - Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ կան, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։
11։43 - Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ այս պահին ընթացող հանդիպումից։
11:28 - Ի գիտություն ենք ընդունում սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի և տեղի ղարաբաղահայ համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների մասին հայտարարությունը։ Սրանք էական նշանակություն ունեն տեղի բնակչության անվտանգությունն ու կարիքները պաշտպանելու համար:
Միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին համապատասխան դիվանագիտական ճանապարհով է, որ մենք կտեսնենք այս հակամարտության հարատև կարգավորումը։ [ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նիլ Հոլանդ]
11:22 - Ստեփանակերտում ամենուր ծխի հոտ է գալիս: Էլեկտրականություն չկա: Բջջային կապը, ինտերնետը թույլ է։ Այսօր առավոտյան հիվանդանոցում էի։ Ուղղակի սարսափելի էր։ [Մարութ Վանյան]
11։10- Երեկ Հանրապետության հրապարակից բերվել է 30 անձ: Aysor.am-ին հայտնել է ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրանցից 28-ը բերման է ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում, 2-ը՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
10։27- Կադրերում երևում է, որ արցախյան կողմից բանակցությունների մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։
10:05- Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասություններն անընդունելի են և պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Մենք կապ ենք պահպանում երկու կողմերի հետ և նրանց հետ խոսել ենք խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին: [Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի]
10:03- Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ հայկական կողմը մեկնում է Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Ինչպես նախապես հայտնի էր դարձել, նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Այս պահին նրանք Աղդամում են։ Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ ադրբեջանական կողմը ևս մեկնում է հանդիպման։
09։35- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։
09։14- Իրանից դեպի Հայաստան ու Ադրբեջան ավիաչվերթների արգելքը հանվել է, չեղարկվել է երկու երկրներին դեպի Իրան թռիչքների արգելքը։ «Հայտնի է դարձել հրադադարի մասին, ուստի թույլատրվել է որոշ թռիչքների իրականացումը»,- նշել է Իրանի քաղավիացիայի ներկայացուցիչը։ |tass.ru|
09։08- Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը գրել է, որ «թշնամու ներկայություն կա բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Ստեփանակերտի թաղամասերում»:
08:11- Կառավարությունը հետաձգել է Snoop Dogg-ի երևանյան համերգը։ «Ցավով ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը հետաձգելու Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»,- անգլերենով գրել է համերգը կազմակերպող ընկերությունը՝ նշելով, որ նոր համերգի տոմսերի և ժամկետի մասին կհայտնեն շուտով։
02:33- Արարատ Միրզոյանը Նյու Յորքում զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը. «[...] Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը շարունակվեց նաև այս տարի, և այս անգամ այն ուղղված է ԼՂ ժողովրդի դեմ: 120.000 մարդիկ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերասվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտման ենթարկել և ԼՂ ժողովրդին զրկել իրենց հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից»,- ասել է Միրզոյանը։ [ՀՀ ԱԳՆ]
01:26 - Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն: [ԱՀ ՆԳՆ]
00:20 - Իրադրությունը դարձյալ լարվել է կառավարության շենքի մոտ։ Քաղաքացիներից ոմանք Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը փորձում են փակել աղբամաններով, բայց ոստիկանները թույլ չեն տալիս, նրանք ցուցարարներից մի քանիսին ուժի կիրառմամբ բերման են ենթարկում։ Ցուցարարները վանկարկում են «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Արցա՛խ»։
00։10- Ադրբեջանի ահաբեկչական հարձակման պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից։ Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով մնալով սառը նկուղներում: [Արցախի ՄԻՊ]
20.09.2023
23։54- ԱՄՆ Սենատի՝ արտաքին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին։ Սենատորները կոչ են արել անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները ԼՂ-ում: Նրանք կոչ են արել չհրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջներից և դադարեցնել ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ադրբեջանին։ |amerikayidzayn.com|
23։36- Արցախի ԱԻ պետական ծառայությանը կից բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են ռազմական գործողությունների մասնակից և քաղաքացիական այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան։ Հասցե` Փետրվարի 20, կառավարության շենքի առաջին հարկ։ Տեղեկատու հեռախոսահամարներ`
047940300
097215316
[ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]
23։33- Սեպտեմբերի 20-ին, ժամը 22:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
23։20- ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ: [ՀՀ ՆԳՆ]
23։15- ՄԱԿ-ը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը կայուն կլինի և կհանգեցնի երկարաժամկետ խաղաղ կարգավորման: [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ ՏԱՍՍ-ին]
23։07- Հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Ալիևը։ Ալիևը Էրդողանին տեղեկացրել է «Ադրբեջանի ձեռնարկած գործուղություններից հետո ստեղծված իրավիճակը»։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Թուրքիայի ի սրտե աջակցությունն Ադրբեջանին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ [Թուրքիայի նախագահի աշխատակազմ]
22։58- Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցել է ռուսական կողմին։
22։53- ՔԿ-ն հայտնում է, որ Կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Հաղորդագրության մեջ նշվում է․ «Ժամը 21։30-ի սահմաններում հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և խմբով հարձակում են գործել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։ Մի շարք անձինք ձերբակալվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»։
22։50- ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները կառավարական առանձնատան մոտից շարժվեցին Ազգային ժողովի շենք, որտեղ, ԱԺ ճաղավանդակներին մագլցելով փորձեցին, վերև բարձրանալ, սակայն ոստիկանները խոչընդոտեցին, ինչից հետո քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Իրավիճակի հանդարտեցումից հետո հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, ինչպես հայտարարեց ԱԺԲ վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, կշարունակեն իրենց հանրահավաքը։
22։43- Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը եւ ողջունել է ռուսական խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարտական գործողությունների ամբողջական դադարի եւ սեպտեմբերի 21-ին Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ [ՌԴ ԱԳՆ]
22։14 - Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Այս պահին կա հաստատված 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա: [Արցախի ՄԻՊ]
22։07 - ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Քաղաքացիները վանկարկում էին «Ռուսաստան դավաճան», մասնակիցներից մեկը դեսպանատան մոտ պատռեց իր ռուսական անձնագիրը։
Երթն այնուհետև շարժվեց դեպի կառավարական առանձնատուն, որտեղ ելույթներ ունեցան ԱԺԲ խորհրդի անդամները։ Մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։ Երթը սկսեց շարժվել դեպի Ազատության հրապարակ։
22։00 - Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են», և թե իրենք «հայկական կրիմինալ ռեժիմի հանցագործությունների համար» հայ ժողովրդին չեն մեղադրում։
«Մենք կրիմինալ ռեժիմի տարրերին ենք պատասխանատվության ենթարկել և պատասխանատվության ենք ենթարկելու»,- ասաց Ալիևը՝ հավելելով, թե ոմանք իրենց հասանելիք պատիժն արդեն ստացել են, ոմանք էլ կստանան։
21։58 - Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ Արցախում իրավիճակի կարգավորման հարցով։ Իտալիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Նրա խոսքով խոսքով երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում։
21։52 - Ոստիկանությունը կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացնում է, որ գործողությունները չդադարեցնելու պարագայում հատուկ միջոցներ է կիրառելու։
21։51 - Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ մի պահ ծեծկռտուք սկսվեց, ոստիկանությունն ուժի գործադրմամբ բերման է ենթարկում քաղաքացիներին։ Որոշ ցուցարարներ կոչ են անում հետ քաշվել ու սադրանքների չտրվել։
21։47 - Կառավարության շենքի մոտ իրադրությունը լարված է։ Ոստիկանության ու քաղաքացիների միջեւ ուժեղ քաշքշուկ է սկսվել։
21։39 - Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական գործողությունները Ղարաբաղի հայերի դեմ՝ ես որոշել եմ ԵՄ բարձր ներկայացուցիչ Տոյվո Կլաարին գործուղել տարածաշրջան: Նա կզեկուցի իրավիճակի մասին։ [ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ X-ի իր միկրոբլոգում]
21։19 - Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը «քաղաքական կոմպետենտություն» է ցուցաբերել Ղարաբաղում իրավիճակի մասով, և Ադրբեջանը գնահատում է դա։ Ալիևի խոսքով Ղարաբաղում իրավիճակի հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը խաղաղության պայմանագիր կնքելու հույս է ներշնչում։ |ria.ru|
21։13 - Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը պետք է վստահ լինի, որ Ադրբեջանը «աչք չի դրել իր հողի վրա»։ «Մենք ճանաչում ենք նրա (Հայաստանի՝ խմբ.) տարածքային ամբողջականությունը»,- ասաց Ալիևը։
21։01 - Հանրապետության հրապարակում էր նաև Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին կասի Ազգային կոմիտեի կազմը, ինչպես նաև այն, թե ինչ գործունեությամբ է կոմիտեն զբաղվելու։ Հանրահավաքի մասնակիցներին կոչ արեցին վաղը՝ առավոտյան 7-ից սկսած, հավաքվել Եռաբլուրում։
20։57 - ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե Լեռնային Ղարաբաղում այսօր ժամը 13:00-ից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Մինչդեռ օրվա ընթացքում Արցախի բնակիչները հաղորդում էին, որ տարբեր հատվածներում, այդ թվում Ստեփանակերտին հարակից տարածքներում, պարբերաբար լսվել են կրակոցներ։
«Արյունահեղություն թույլ չտալու եւ հումանիտար իրավունքի նորմերին հետեւելու համար Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի հետ անընդհատ փոխգործակցություն է պահվում»,- ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։
20։50 - ԱԺԲ-ն էլ հանրահավաք էր իրականացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հրապարակից նրանք երթ իրականացրին, որի ժամանակ նշեցին․ «Այս պահին Հանրապետության հրապարակում մեր այս աղետի ճարտարապետները, մեր ժողովրդին մոլորեցնելով, նորից փորձելու են մեզ տանել և կանգնեցնել նույն փոցխի վրա։ Մեր պայքարով մենք պետք է մաշեցնենք Հանրապետության հրապարակի շարժումը, որին աջակցում են մեր բոլոր թշնամիները»։
20։49 - Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի: [ՀՀ վարչապետի խոսնակ]
20։45 - Հավաքագրվում են տվյալներ Արցախում զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին։ [Արցախի ՄԻՊ]
20։42 - Ադրբեջանական կողմում կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առանց քանակ հրապարակելու։
20։41 - Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ուսանողներին ստիպել իրենց դասախոսներին դասադուլ իրականացնել։ «Բացի հատուկ նշանակության կառույցներից՝ մենք պետք է գործադուլների շարք սկսենք։ Մենք պետք է կարողանանք ամբողջ հանրապետությունով այս հրապարակի ոգին տարածել։ Հավատացնում եմ ձեզ՝ այդ դեպքում է միայն հնարավոր, որ մենք կարողանանք արդյունք ապահովել»,- ասաց նա։
20։39 - Վառ հիշատակ տարածաշրջանում խաղաղության համար ինչպես միշտ հարվածն իրենց վրա վերցրած զոհված ռուս խաղաղապահներին։ Սեւ անշնորհակալությունը, որով փորձում էին կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, բայց հավերժական ամոթ կլինի զրպարտիչների վրա։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ռուս խաղաղապահների զոհվելու դեպքի մասին]
20։29 - Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով ևս 13 երեխա վիրավոր է։
20։15 - Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաք է։ Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե։ Իշխան Սաղաթելյանը նշեց՝ այս որոշմանը հանգել են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո։ Խորհրդակցության ժամանակ նաև գործողությունների ծրագիր են կազմել, որը կփոխանցեն կոմիտեին։ Ծրագրի նպատակը գործող կառավարությանը հեռացնելն է։ Սաղաթելյանի խոսքով խորհրդարանական ընդդիմությունն օգտվելու է նաև Ազգային ժողովում ինպիչմենտ սկսելու գործընթացից։
20։14 - Իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք։ Դա մի օրվա գործընթաց չէ, երբ որ զանգվածայնությունը կապահովվի, դրանք զուգընթաց գործընթացներ են։ Իշխանափոխությունը մենք չենք պատկերացնում հարձակումները կամ այլ բաները, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնությունը ապահովելը և իշխանափոխություն անելը։ [Անդրանիկ Թևանյան] |azatutyun.am|
20։12 - Քայլեր են ձեռնարկվում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:
Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով: [Արցախի քաղպաշտպանության շտաբ]
19։48 - ՌԴ-ն ընդունում է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Այս մասին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- հավելել է Պեսկովը։
Պեսկովը նշել է նաև, որ Էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ դեռ չկա․ «Եվ դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր հնարավոր մտահոգությունները։ Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախում են միայն ռազմական օբյեկտները, և որ նրանք չեն թիրախավորում քաղաքացիականները: Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»,- ասել է Կրեմլի խոսնակը: |tass.ru|
19։37 - Արցախում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Ըստ ՊՆ-ի՝ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ |tass.ru|
19։34 - ՀՀ ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը հերքում է լուրերն այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում ընդունել Արցախի քաղաքացիների։ Այս մասին «Ազատությանը» ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը։ |azatutyun.am|
19։16 - Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չեն կարողանում անել։ Այս մասին հայտնել է Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա»,- նշել է գյուղապետը:
Նրա խոսքով հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան․ «Բայց հասկանում եք, չէ՞, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Մի բանը որ ասում եք՝ է, արդեն եղել է, սա վերջն էր: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի»։ |news.am|
19։09 - Reuters-ին տված հարցազրույցում ընդգծել եմ, որ իդեալական աշխարհում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել: Որպեսզի դա տեղի ունենա, խաղաղ բնակիչների վրա կրակելու փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ [ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ X-ում]
19։06 - ՀՀ-ն պետք է իր դիվանագիտական գործիքակազմով ամեն ինչ անի, որ ԼՂ հայությունը, ինչպես հազարամյակներով ապրել է ԼՂ տարածքում, այդպես էլ շարունակի ապրել էդտեղ։ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է պատշաճ ընդունել Արցախից դուրս գալ ցանկացող քաղաքացիներին։
«Ինձ համար ավելի կարևոր բան կա։ Էսօր Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտման քաղաքականություն են փորձում իրականացնել։ Եվ կարծում եմ, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջին հերթին պետք է կանխենք այդ էթնիկ զտումը։ Սա, իհարկե, մեր գերխննդիրն է։ Ենթադրում եմ, որ դա կարող է ադրբեջանական նարատիվ լինել, որովհետև իրենք են ուզում, որ էնտեղ հայ չապրի, իսկ մենք ուզում ենք, որ այնտեղ հայերը շարունակեն ապրել, ինչպես հազարամյակներով ապրել են»,- հավելեց նա։
19։00- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո այցելել է վիրավորում ստացած և բուժում ստացող քաղաքացիներին։ Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում: [Արցախի նախագահի աշխատակազմ]
18։44- Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց կատարված իրադարձություններով պայմանավորված քննչական կոմիտեում հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, 4-ը՝ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, 1-ը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Նշված քրեական վարույթներով ձերբակալվել է 4 քաղաքացի։ [ՔԿ]
18։37- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։ Միյատովիչը նշել է, որ վերջին տարիների ընթացքում տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից։ «Մասնավորապես, անցած դեկտեմբերից նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Ես խորապես մտահոգված եմ տեսնելով, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով տառապանքը»,- նշել է Մարդու իրավունքների հանձնակատարը։
18։30- Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված քաղաքացիները պահանջում են ուղղաթիռներով տարհանում և ավելի լավ պաշտպանություն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
18:26- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առավոտյան ունեցած հեռախոսազրույցում կոչ եմ արել ապահովել ամբողջական հրադադար, և որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական օգնության հասանելիություն: [ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել]
18:21- Meduza-ի տրամադրության տակ է հայտնվել ուղեցույցը, որը սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչությանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և Արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունները։ |factor.am|
17:49- Բաքուն կարծում է, թե Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծման համար ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն չկա։ [Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև]
17:42- Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայաուցիչների համար Ադրբեջանի արտգործնախարարությունում ճեպազրույց է կազմակերպվել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։
17:39- «Եկեք, միացեք, պայքարենք» կոչով այսօր «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն հայտարարել է հակաճգնաժամային կառավարման շտաբ ձեւավորելու մասին։ «Ազատազէն»-ը ՀՀ կառավարությունից պահանջել էր այսօր՝ մինչեւ ժամը 14:00-ն հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք, պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։ «Արցախով ոչինչ չի ավարտվել, չի էլ ավարտվելու, եթե կարծում ենք, որ վաղվանից ոչ մի բան չպետք է անենք, չարաչար սխալվում ենք, որովհետեւ պատերազմն ու ռումբերը Երեւանին են հասնելու»,- հայտարարեցին «Ազատազէն»-ի անդամները։
17:29- Ադրբեջանը դեռևս չի ծրագրում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում բանակցություններ վարել հայկական կողմի հետ։ Այս մասին «Ռիա Նովստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, որ վաղը կմասնակցի ԼՂ հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։
17։22- Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ լուծումն առանց բռնության գտնելու և մարդասիրական իրադրության հետընթացից խուսափելու համար։ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ [Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա]
17:15- Իրանը այսօրվանից կչեղարկի Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան բոլոր չվերթները։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի ղեկավարը։ Պաշտոնյան նշել է՝ «ելնելով տարածաշրջանի պայմաններից, այսօրվանից մինչև հաջորդ ծանուցումը, կչեղարկվեն բոլոր չվերթները՝ իրանցի ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով»։ |irna.ir|
17։09- Արցախից տեղեկություն կա, որ բազմաթիվ արցախցիներ առանց սննդի, ջրի հավաքված են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, սակայն ռուս խաղաղապահները ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Արցախում գտնվող լրագրող Մարութ Վանյանը հաստատել է այս տեղեկությունը՝ գրելով, որ իր որոշ հարազատներ ևս օդանավակայանի տարածքում են և ասում են նույն բանը։
16։51- Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին այն համոզմանն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի․ «Նախ և առաջ, մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ է տեղի ունենում երկարաժամկետ կտրվածքով, ոչ միայն պարզապես հիմա: Էթնիկ զտում է Լեռնային Ղարաբաղում, դա տեղի է ունենում արդեն 3 տարի: Սա այնքան ակնհայտ էր: Չգիտեմ, թե ինչով կարող ենք բացատրել, որ Արևմուտքի, ԵՄ-ի կողմից ավելի շատ արձագանք չի եղել: Եվ հիմա դա արագանում է»,-ասել է Ալֆոնսին։
16։44- Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Այս մասին Թեհրանում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Անդրադառնալով ԼՂ-ում մարտերի բռնկմանը, Աշտիանին հաստատել է Իրանի հավատարմությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցությանը։ Շոյգուն իր հերթին աջակցությունն է հայտնել կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։ Կողմերը իրենց անհամաձայնությունն են արտահայտել տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը։ |tasnimnews.com|
16։37- ՀՀ-ն քննարկում է արցախահայերի հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցը։ Այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն արդյո՞ք ծրագրեր մշակել է, թե ինչպես է կազմակերպելու արցախցիների հնարավոր ներհոսքը, որտե՞ղ են տեղավորելու և ի՞նչ օժանդակության ծրագրեր են նախատեսվում։ |factor.am|
16։18- Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը: Բրյուսելում ակնկալում են, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։ Կարևոր է նաև, որ Բաքուն ռազմական գործողությունները որպես պատրվակ չօգտագործի Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման նպատակով։ [ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն՝ ասուլիսի ժամանակ]
16։05- Ստեփանակերտում հիմա հանգիստ է, երեխաները դուրս են եկել նկուղից։ [Լրագրող Մարութ Վանյան]
15։51- Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ Պողոտայի մուտքը Հանրապետության հրապարակից։
15։40- Արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանի մոտ են։
15։13- Ժամը 14։00-ի դրությամբ ադրբեջանական զինած ուժերը շարունակում են թիրախավորել Ստեփանակերտը։ Այս մասին Ստեփանակերտից հայտնել են «Հետքին»։ Զրուցակիցը նշել է․ «Որոշ ինտերվալներով, բայց խփում են»։ Քիչ առաջ հրետակոծել են քաղաքը։ Բնակիչները շարունակում են մնալ ապաստարաններում։ Կապ չեն կարողանում հաստատել հարազատների հետ։ «Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ անորոշ իրավիճակ է, չգիտեն՝ ինչ է սպասվելու առաջիկայում։
15։00- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ: [ՀՀ քննչական կոմիտե]
14։57- Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են բոլոր կողմերի հետ, որոնք ներգրավված են Ղարաբաղի կոնֆլիկտում, անում են ամեն ինչ, որ պաշտպանեն խաղաղ բնակչությանը։ [Վլադիմիր Պուտին]
14։49- Քաղաքացիները դարձյալ հավաքվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այստեղ մեծ թվով ոստիկաններ կան, որոնք վահաններով պատ են կազմել՝ պահպանելու շենքը։ Հիշեցնենք, որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ հրապարակում էին և փորձում էին ճեղքել ոստիկանական պատը ու մտնել Կառավարության շենք։
14:17- Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի հարցով ձեռք բերված համաձայնության մասին։ «Հիմա ամենակարեւոր հարցն այն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ կողմից, եւ գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին, իհարկե նաեւ որոշակի գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված եւ լրացուցիչ ասելիք ունենալու դեպքում այն անպայման կկիսենք ձեզ հետ»,- հայտարարել է նա։
14։02- Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել՝ զրոայացել է, բայց կտրուկ նվազել է։ Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։ [Նիկոլ Փաշինյանը՝ իր ուղերձում]
13։48- Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման, սպառազինության ու ծանր տեխնիկայի հանձնման «գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»։
13։45- Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրության մասին]
13։25- «Դե յուրե հիմա խոսքը Ադրբեջանի Հանրապետության՝ սեփական տարածքում գործողությունների մասին է։ Մոսկվան չի ընդունում Ղարաբաղի հարցով Հայաստանի կշտամբանքներն իր հասցեին, դրանք անհիմն են»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
13։22 - Պեսկովի կարծիքով դե յուրե հիմա խոսքն Ադրբեջանի Հանրապետության՝ սեփական տարածքում գործողությունների մասին է։ «Մոսկվան չի ընդունում Ղարաբաղի հարցով Հայաստանի կշտամբանքներն իր հասցեին, դրանք անհիմն են»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
13։19 - Առայժմ մանրամասներին չեմ տիրապետում, ուստի ոչինչ չեմ կարող ասել այդ առումով: Այնտեղ մշտական շփումներ են ընթանում, ուստի չեմ կարող հստակ դա հաստատել: Այս մասին ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք կարող է հաստատել 13:00-ի դրությամբ մարտական գործողությունները դադարեցնելու մասին տեղեկությունը։
13։15 - Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։ [Դմիտրի Պեսկով] |tass.ru|
13։13 - Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ |tass.ru|
13։08 - Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում: [Ստեփանակերտի քաղաքապետարան]
13։05 - ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հանիպումների վերաբերյալ։ Բույար Օսմանին խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում երեկվա ռազմական գործողությունների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության համար ստեղծված վտանգների վերաբերյալ: Նա կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը:
Նա հայտարարել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակա լինեն և մարդկանց հումանիտար կարիքները պետք է բավարարվեն: Օսմանին նշել է, որ բարեխղճության վրա հիմնված շարունակական, կառուցողական երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է: Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ անձնապես և ակտիվորեն ներգրավվել, և ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին:
12:59 - Ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին սպասվող հանդիպմանը, ինչպես նաև հետագա հանդիպումներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]
12:55 - Համաձայնություն է ձեռք բերվել՝
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: [Արցախի տեղեկատվական շտաբ]
12:49 - Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
12:47 - Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
«Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների»,- ասվում է հայտարարության մեջ։ [Արցախի նախագահի աշխատակազմ]
12։26- Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որը վերջին 24 ժամվա ընթացքում ենթարկվել է ադրբեջանական ուժերի հարձակմանը: «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել իրենց զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում։
12։24- «Առաջնահերթը խաղաղ բնակչության փրկությունն է։ Հիմա այն պահն է, որ ադրբեջանական կողմի հետ պետք է խոսույթ տեղավորվի։ Միջնորդավորված քննարկումներ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- «Ազատությանն» ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում տարհանում չկա․ «Կան գյուղեր, որտեղից մարդիկ արդեն տարհանվել են՝ թե՛ Մարտակաերտից, թե՛ Մարտունուց, թե՛ Ասկերանից»։
12:16- Երեկ ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցերի 5 մասնակից է բերման ենթարկվել, ՀՀ կառավարության շենքի մոտից՝ 16։ Այս մասին «Առավոտ»-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից։
12:09- Երիտասարդների մի խումբ շրջում է երևանյան բուհերում ու կոչ անում դասադուլի դուրս գալ: Նրանք շրջում են ԵՊՀ մասնաշենքերում և վանկարկում՝ «Դասադուլ», «Արցախ»: «Արցախը մեռնում է, այնտեղ 120 հազար հայերի ցեղասպանություն է տեղի ունենում, դուրս եկեք փողոց: Երեխաներ են զոհվել: Հայաստանը պետք է տեր կանգնի իր 120 հազար քաղաքացիներին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: |news.am|
12:07- Երեկ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ապաքինմամբ դուրս է գրվել: Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ: [ՀՀ ԱՆ]
12:04- Արցախում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ-ը։
11։56- Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մշտական, օպերատիվ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հետ։ «Ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները»,- հայտնել է նա։
11։38- Կարմիր խաչը երեկ Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ են հասցրել։ «Ռադիոլուրին» հայտնել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
11։36- Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում: [Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտ]
11։34- Ստեփանակերտի մերձակայքից, բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է «Հետքի» Ստեփանակերտի թղթակիցը։ Նրա խոսքով առավոտյան ժամը 6-7-ի մոտակայքում կրակոցների ձայները դադարել էին, սակայն ժամը 8-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին սկսել են ինտնեսիվ կրակել։
11։31- Ըստ ՔԿ-ի՝ Հանրապետության հրապարակում երեկվա «գործողությունների արդյունքում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվելով բժշկական հաստատություններ։ Բացի այդ՝ վնասվել է կառավարության շենքի գույքը։ Հավաքագրվել են անկարգություններն արձանագրող տեսանյութեր, որոնք ուսումնասիրվում են»։
11։14- Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ: [Ստեփանակերտի քաղաքապետարան]
11։11- Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը: Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
11։04- Զոհերի և վիրավորների թիվը արագորեն աճում է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
11։00- Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ Արցախում վիրավորում է ստացել: «Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է։ Վիրահատել են նրա փայծախը։ Նրա առողջական վիճակը հիմա լավ է»,- Sputnik Արմենիային հայտնել են Մայր աթոռից։
10:43- Ես սարսափած և ապշած եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ։ Դա տեղի է ունենում Լաչինի միջանցքը ամիսներ շարունակ շրջափակելուց հետո՝ սահմանափակելով առաջին անհրաժեշտության պարագաների և սննդի հասանելիությունը: Ես կանգնած եմ Հարավարևելյան Միչիգանի հայ համայնքի կողքին։ [Ամերիկացի կոնգրեսական Հոլի Սթիվենս] |armenpress.am|
10:36- Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ։ «Խոսել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և հստակորեն ուղղված են ԼՂ ժողովրդին իրենց հայրենիքից զրկելուն։ Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն պետք է հրատապ գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու դա»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։
10։22- «Ազատազէն»-ը պահանջում է ռազմական դրություն մտցնել Հայաստանում։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք այսօր մինչև 14:00-ն հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք, պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։ Դիմում ենք մեր հայրենակիցներին, ռազմամարզական կառույցների ներկայացուցիչներին այսօր՝ ժամը 14:00-ին, հավաքվել Գ. Նժդեհի արձանի մոտ միասին քննարկելու մեր հետագա անելիքները»։ [«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդ]
10։14- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
10։12- Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։
10։11- Ճապոնիան մտահոգություն է հայտնում ԼՂ-ում իրադրության վերջին վատթարացման առնչությամբ և խստորեն հորդորում է անհապաղ կասեցնել ագրեսիան, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
10։09- Բրազիլիան հետևում է հումանիտար իրադրությանը և շարունակում է հավատալ, որ տեւական լուծման հասնելու լավագույն տարբերակը խաղաղ բանակցություններն են։
10։08- ԵՊՀ դասախոս, «Հայաքվե» դիտորդական առաքելության ղեկավար Մենուա Սողոմոնյանը միանում է գործադուլին։ «Ես այսօր գործադուլ եմ անում, պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը։ Ես պահանջ ունեմ։ Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
10։04- Անդրանիկ Թևանյանը գործադուլի և դասադուլի կոչ արեց բոլորին։ Նա իր ֆեյսբուքյան էջում հորդորեց բոլորին հավաքվել հրապարակում և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 19։00-ին, մինչ այդ կիրականացվեն կազմակերպչական աշխատանքներ։
09:45- Հաագայի դատարանին երեկ և այսօր ծանուցվել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին: [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]
09:43- Կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։ «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը, որն ամուսնու հետ մնացել է գյուղում, որ եթե վիրավորներ լինեն, օգնեն։ «Դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել»,- պատմեց Մեծ Շենի բուժքույրը։
09։22- ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին՝ պատճառելով կորուստներ: Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: [Արցախի ՊՆ]
09։11- Այս պահին Հանրապետության հրապարակում իրադրությունը հանդարտ է, միայն ոստիկաններ են։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ևս հանգիստ է։ Միայն ոստիկաններ կան, որոնք միմյանցից մեկ մետր հեռավորությամբ շարք են կազմել՝ փակելով դեսպանատան մուտքը։
09։08- Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ: Հանդիպման առանցքում են եղել ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]
09։05- Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ: Հանդիպման առանցքում են եղել ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]
08:30- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն անանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի վերաբերյալ ստացվող տեղեկությամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Գլխավոր քարտուղարը մարտերը դադարեցնելու, դեէսկալացիայի և 2020թ. հրադադարը ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու կոչ է անում։ Նրան շարունակում է անհանգստացնել հումանիտար իրադրությունը «գետնի վրա»։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ]
08։17- Ադրբեջանի ՊՆ-ն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։ Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Հարկ է ընդգծել, որ [մինչ հարձակում սկսելը Ադրբեջանի տարածած] կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։ [Արցախի ԱԳՆ]
07։33- Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել է դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: [Արցախի ՊՆ]
07։06- Ժամը 5։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 զոհերի դիակներ մայրաքաղաք տեղափոխելու համար։ Վարորդը վիրավորվել է և այս պահին ի վիճակի չէ դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
03։18- Ժամը 03:00-ի դրությամբ, ՄԻՊ գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
03։17- ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում։ Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։
03։10- Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել նաև Արարատ Միրզոյանի հետ։ «Մեր խոր մտահոգությունը հայտնեցինք՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։ Մենք ճնշում ենք գործադրում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման համար և վերահաստատում ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
02։44- Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները, և որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները հանդիպեն: Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ապաէսկալացնել իրավիճակը: Պետքարտուղարն ընդգծել է, որ որևէ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը` լուծելու Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները:
02։19- Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը ԼՂ-ում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անհապաղ վերադառնալ երկխոսության։ Նա Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ [ԱՄՆ Պետդեպ]
02։09- Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրացման կապակցությամբ թախանձագին կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում»: ԼՂ կարգավորման ճակատագրի վրա կտրուկ ազդել է Երևանի կողմից ԵՄ հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը: Դա փոխեց հիմնարար պայմանները, որոնց հիման վրա ստորագրվել էր նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորակազմի դրույթը: Այժմ գլխավորն է` վերադառնալ 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի կատարմանը, որտեղ նկարագրված են ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը, դադարեցնել զինված դիմակայությունը և անել հնարավոր ամեն բան`ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ [ՌԴ ԱԳՆ]
02։02- Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Ֆրանսիային զուգահեռ կոչ արել արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ անհրաժեշտություն կա: [ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի իր միկրոբլոգում]
01։54- ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտնել է, որ այսօր հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին և կրկնել ԱՄՆ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ուղղակի երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է», - նշել է Քիմը X-ում։
01։25- Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում։ Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։
01։18- Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող Ալյոնա Հայրապետյանը։
01։08 - Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկաԱդրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը: Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստները ու բնակավայրերի ավերումը: Շուրջօրյա սկզբունքով մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման, աջակցության ուղղությամբ։ [ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան]
01:07 - Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական է որակել։
«Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցնել։ Չնայած միջազգային հանրության մոբիլիզացիային՝ Ադրբեջանն իրագործում է Արցախի հայերի դեմ իր ծրագիրը։ Ցեղասպանական գործընթաց է իրականացվում»,- գրել է նա։
Իդալգոն նաև դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հանդիպում անցկացնի։
00։50 - Հարցին, թե ինչ անվտանգային ռեսուրս մենք ունենք, ինչ պետք է անենք, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերջին շրջանում հնչող ամենակարեւոր հարցին պատասխանել․ արդյոք ՌԴ լքո՞ւմ է տարածաշրջանը»։ Գրիգորյանի խոսքով՝ ԼՂ-ում սկսել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, նա ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա։ Եթե չի կանխում, ապա հարցին կարելի է միանշանակ դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը:
00։47 - Իրանի հետ մենք ինտենսիվ կոնտակտի մեջ ենք։ Օրեր առաջ, երբ էսկալացիայի վտանգ կար, վարչապետը խոսել է Իրանի նախագահի հետ, այլ մակարդակներով մենք ինտենսիվ կապի մեջ ենք, եւ Իրանի հետ մեր բոլոր հարցերը քննարկում ենք, եւ կարող եմ պնդել, որ Իրանի հետ մենք ունենք փոխըմբռնում, եւ հասկանում ենք, թե Իրանն ինչպիսի քաղաքականություն է վարում, եւ Իրանն էլ հասկանում է՝ մենք ինչպիսի քաղաքականություն ենք վարում։ [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]
00։44 - Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով: [Արցախի ՊՆ]
00։40 - Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։ [ՀՀ ՔԿ]
00։33 - Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին՝ փորձելով խուճապ տարածել։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։ Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26։ [Արցախի ԱԱԾ]
00։30 - Վերջին շրջանում Ադրբեջանը ռազմական տեխնիկա եւ զինուժ է կուտակել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, բայց այս պահին ռազմական գործողություններն ընթանում են ԼՂ շփման գծի երկայնքով։ Մեր սահմանների մոտ կա ռազմական ներկայություն, սա է իրավիճակը։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]
00։28 - Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի իր պաշտոնակցի հետ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում. «Հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը։ Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղի»:
00։25 - Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ X-ի պաշտոնական էջում։ «Մենք ցավում ենք այս բացարձակ չարդարացված էսկալացիայի մարդկային զոհերի համար։ Ադրբեջանը պետք է անհապաղ դեէսկալացնի իրավիճակը։ Կրակի դադարեցումն ունի որոշիչ նշանակություն»,- ասված է հայտարարությունում։
00։24 - Արցախի ՊՆ-ն նշում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: «Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
00։19 - Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը՝ ոստիկան, 18-ը՝ քաղաքացիական անձինք: Նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ 1-ը վիրահատվել է: [ՀՀ ԱՆ]
00։17 - ՀՅԴ գրասենյակում մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ հավաքն ավարտվել է։ Հանդիպմանը երկու տասնյակ քաղաքական ուժեր են ներկա եղել։ Այս մասին հայտնել է Դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան։ |azatutyun.am|
00։15 - Հարցին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի այս կոնֆլիկտին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց․ «ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը։ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ գետնի վրա նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են, նրանց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն կամ ինչ-որ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, որտեղ կա նախագահ Պուտինի ստորագրությունը»։
00։12 - Հանրապետության հրապարակում իրավիճակը կրկին լարվեց․ ոստիկանները փորձում են հեռացնել տեղադրված վրանները, ցուցարարները փորձում են թույլ չտալ։
00։10 - Այսօր Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության դեմ՝ խախտելով հրադադարի սեփական պարտավորություններն ու Հելսինկյան սկզբունքները: Այդ հարձակումները պետք է դադարեն։ Այս մասին ասված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի X-ի (նախկին Twitter-ի) պաշտոնական միկրոբլոգում:
«Մենք հատկապես անհանգստացած ենք ադրբեջանական «տարհանման» ծրագրերով, որոնք ամիսներ շարունակ շրջափակման, վերացման հռետորաբանության և հումանիտար ճգնաժամից հետո, հասկանալի է, որ սնում են վախն էթնիկ զտումներից: Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը և բարեխղճորեն վերադառնա խաղաղ բանակցություններին», - նշված է մեկ այլ գրառման մեջ:
00:03 - Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ [Արցախի առողջապահության նախարարություն]
19.09.2023
23։59 - Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
23։58 - ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ նրանց հետ կապը դեռ հաստատված չէ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ X-ի իր միկրոբլոգում]
23։57 - Հիմա էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները։ Մինչեւ այս պահը, ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, դեռեւս չի հաջողվել զսպել Ադրբեջանին։ Ադրբեջանն, ինչպես վերջին շրջանում մենք պարբերաբար զգուշացնում էինք, փորձում է էթնիկ զտում, նաեւ ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ այս հարձակումը ոչ միայն ԼՂ-ի վրա է, թիրախում նաեւ ՀՀ-ն է, որովհետեւ հասկանալի պատճառով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։
«Դուք դա տեսել եք նոյեմբերի 9-ին, երբ հարձակման էին ենթարկվում կառավարական շենքերը, եւ այսօր էլ դուք տեսել եք, որ Հանրապետության հրապարակում որոշ ուժեր, բնականաբար, արտաքին ուժերի աջակցությամբ, կարելի է ասել ուղիղ աջակցությամբ, համենայն դեպս նրանց խոսույթներն առաջ տանելով՝ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը։ Սա է ամբողջ իրականությունը»,- ասաց ԱԽ քարուղարը։
23։42 - Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ X-ի իր միկրոբլոգում]
23։39 - Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից։
«Ես հիմա խնդրում եմ ձեզ՝ ովքեր ունեն այս հնարավորությունը, աջակցել անձամբ ինձ, և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ, և հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը, հիմա խնդրում եմ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա, հավաքվի ու մենք միասին ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների, որին զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,- նշեց Թևանյանը։
23։35 - ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։
23։26 - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
23։24 - «Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են։ Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են:
Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
23։22 - «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, պարտավոր է դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի անդամ երկրներին՝ հրատապ նիստ հրավիրելու նպատակով, հետևյալ օրակարգով՝
1․ Անհապաղ կանգնեցնել ռազմական գործողությունները՝ կանխելով տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով հղի լայնածավալ ռազմական գործողությունների բռնկումը,
2․ Հայաստանի Հանրապետություն, Արցախ, այդ թվում նաև Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ խաղաղապահ ուժեր,
3․ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում,
4․ Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ակնհայտ ռազմական հանցացործ իշխանությունների նկատմամբ»։
23։13 - Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը գրել է․ «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…»։ Մեկ այլ գրառման մեջ գրված է. «Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։ Նախաձեռնվել է քերական վարույթ։
23։12 - Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ: Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Նա շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը։
23։06 - Եվրախորհրդարանում Fratelli d'Italia-ի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների պատվիրակության ղեկավար Կառլո Ֆիդանցան նշել է․ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Դրանց շարունակությունը կարող է առաջացնել տեղի հայ բնակչության փախուստը և, հետևաբար, դառնալ էթնիկ զտման մի ձև: Պետք է անհապաղ վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը՝ անհապաղ զինադադարով և ադրբեջանական զորքերի դուրսբերմամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակմամբ»: [ Իտալիայում Հայաստանի դեսպանություն]
22։57 - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով։ «Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ նրա բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։ Քանաանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու։
22։48 - «Մենք սպասում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները, առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացման մասով։ Ինչպես արդեն ճանաչել են բոլորը՝ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Այլ կարգավիճակի ցանկացած պարտադրում երբեք ընդունելի չի լինի»,- ՄԱԿ ԳԱ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Դա հիմա ընդունում են բոլորը։ Եվ նրա համար այլ ստատուսի պարտադրումը մենք չենք ընդունում։ Մենք աջակցում ենք քայլերը, որոնք ձեռնարկում է Ադրբեջանը, եւ միասին գնում ենք «Մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսի ներքո՝ պաշտպանելով մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ «Հայաստանը չկարողացավ օգտագործել պատմական հնարավորությունը Ղարաբաղում»։
22։33 - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է Արցախում ընթացող մարտերի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չեն գրանցվել։ Դեսպանությունը սա համարում է արագ զարգացող իրավիճակ և շարունակում է ուշադիր հետևել: Դեսպանատունը խորհուրդ է տվել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին շարունակել հետևել գործող սահմանափակումներին, այսինքն՝ խուսափել հետևյալ վայրեր ոչ կարևոր ճանապարհորդություններից՝ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և դեպի արևելք ընկնող բոլոր տարածքները, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։
22։27 - ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ Կառավարության մոտից բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։
22։16 - ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Տեղեկացնում ենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: [ՀՀ ՄԻՊ]
22։14 - Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք։ «Այս գործողությունները վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանի համար, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
22։10 - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ: «Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը: Դրա հետ չի կարելի համակերպվել: Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Եկել է զենքը թողնելու, դեէսկալացիայի և երկխոսություն սկսելու ժամանակը»,- ասել է նա Բուրիչը: Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով:
21։58 - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 24 ժամվա ընթացքում կարող է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ արդեն իսկ ընթացող դիվանագիտական գործընթացին։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։
21։45 - Իշխան Սաղաթելյանը ՀՀ բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում է Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով: «Այս պահին գտնվում ենք Հանրապետության հրապարակում և աջակցում իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին»,- գրել է նա:
21։44 - Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին` 911, 101, 112: [Արցախի ՆԳՆ]
21։38 - ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կառավարական առանձնատան դիմաց հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ են տալիս, որպեսզի հնարավորինս շուտ հրաժարական տա։ Նա նշեց՝ վաղը երեկոյան կրկին կհավաքվեն կեցավայրի դիմաց՝ սպասելով, որ այս 24 ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բանագնաց կուղարկի, որի հետ կքննարկեն Փաշինյանի հրաժարականի հետ կապված հարցեր։ Եթե ոչ, ապա, Սեֆիլյանի խոսքով, «հեռացումը ցավոտ կլինի»։ Հավաքի մասնակիցները կառավարական առանձնատան մոտից շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ անցկացնում են 24-ժամյա ակցիա։
21։31 - Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։ Ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից ․․․[ՀՀ ԱԱԾ]
21։27 - Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով։ [Անդրանիկ Թևանյանը՝ Հանրապետության հրապարակում]
21։24 - Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ [ՀՀ ՆԳՆ]
21։22 - Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները [...] նպատակ են հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։ Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է: Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։ [Տիգրան Ավինյան]
21։20 - Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը և «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիևի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։ Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների և կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը։ [Հայկ Մարության]
21։16 - 21։00-ի դրությամբ Արցախում կա 138 վիրավոր, որոնցից 29-ը քաղաքացիական անձին եք․ 112-ը՝ Ստեփանակերտի ԲԿ-ից, 11 երեխա՝ մանկական ԲԿ-ում, 15-ը՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցում։ Ասկերանի և Մարտունու ԲԿ-ների հետ կապ հաստատել այս պահին չի հաջողվում։ [Արցախի ՄԻՊ]
21:14- Կառավարության շենքի մոտ գտնվող մեր թղթակիցը հայտնում է, որ մեկ ոստիկան վիրավոր է․ վնասվածքը գլխի շրջանում է։
21:12- Կառավարության շենքի մոտ գտնվող Անդրանիկ Թեւանյանը բարձրախոսով հայտարարում է, որ հավաքվածների խնդիրն իշխանափոխության իրականացնումն է։ Նա կոչ է անում չտրվել սադրանքների։ Նշենք, որ ցուցարարները կառավարության շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ առարկաներ էին նետում։ Ոստիկանությունը հորդորեց բռնություն չկիրառել։
21:07- 128 վիրավոր Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում է։ «Արևիկ» բուժմիավորումում է 12 երեխա, որոնցից 3-ը՝ ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են:[Արցախի տեղեկատվական շտաբ]
21:02- Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ՀՀ կառավարության դիմաց։ Մեր թղթակիցը փոխանցեց, որ կա առնվազն մեկ վիրավոր քաղաքացի։
20:58- ԱԺԲ-ն երթով շարժվում է դեպի կառավարական առանձնատուն։
20:55- Կառավարության շենքի մոտ է նաև Վազգեն Մանուկյանը։ Լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Մանուկյանն ասաց՝ «առանց իշխանափոխության մենք կորած ենք»։ «Եթե իշխանությունը չփոխվի, Հայաստանը ու հայությունը կորած են»,- հայտնել է նա։
20:54- Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ։ 20։00-ի դրությամբ առկա տվյալները Ստեփանակերտի դիահերձարանից հայտնել են Արցախի ՄԻՊ գրասենյակին։
20։42- Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։ «ԼՂ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Միացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է՝ խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ»,- հայտարարել է բրիտանացի նախարարը։
20։40- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, թե «ադրբեջանական բանակը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր ինքնիշխան տարածքում, որը ուղղված բացառապես զինվորականների դեմ»։ «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման և մշտական կայունության հաստատման միակ ճանապարհն է»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
20։37- Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Դրանք են՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն և Ճանկաթաղ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
20։32 - Կառավարության շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է։ Ցուցարարների ու ոստիկանների միջեւ հրմշտոց է սկսվել։
20։17 - Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ «Անկարգությունները զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
20։12 - Բելգիայից ու Լյուքսեմբուրգից անդրադարձել են Արցախում իրավիճակին։
Բելգիայի ԱԳ նախարարը գրել է․ «Խաղաղության միակ վավեր ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է: Բելգիան դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում՝ հաշվի առնելով բնակչության բարեկեցությունը»։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հայտարարել է․ «Հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում։ Ռազմական գործողությունները, մասնավորապես բնակեցված շրջաններում, անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»։ |armenpress.m|
20։09 - ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ այսօր ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահներն արձանագրում են ադրբեջանական կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ շփման գծի ողջ երկայնքով։ Նշվում է, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում ավելի վտանգավոր շրջաններից, վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն։ |ria. ru|
20։02 - Ադրբեջանական կողմը ավիահարված է հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերից մեկի մոտ։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ [Արտակ Բեգլարյան]
19։56 - Մի խումբ քաղաքացիներ, ի նշան Արցախի պաշտպանության, ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։
19։53 - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերին Թեհրանում բանակցությունների ժամանակ, ի թիվս այլնի, քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։ |ria.ru|
19։31 - Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ֆրանսիական կողմի հայտարարությունը։ «Ֆրանսիայի դիրքորոշումը վկայում է, որ այս երկիրը դասեր չի քաղում գաղութային շրջաններում տիրող իրավիճակից, որի հետ այսօր առերեսվում է, և շարունակում է նույն քաղաքականությունը վարել այս հարցում»,- նշված է հայտարարության մեջ։
19։30 - «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ Նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ։ ՔԿ-ն կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։ [ՀՀ ՔԿ]
19:26 - Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։ [Արցախի ՊՆ]
19:22 - Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի: Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել ԼՂ խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար: [Freedom House]
19։17 - Մահվան 5 դեպք է արձանագրվել Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ ԲԿ-ում այս պահին 80 վիրավոր կա։ Նախնական տվյալներով նրանցից 15-ը քաղաքացիական անձիք են։ Կան նաև ծանր վիրավորներ։ [Արցախի ԱՆ]
19։10 - Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
18։59 - Եթե դուք պատրաստ եք այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իմ վրա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այս մասին հրապարակում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Նրա հայտարարությանը հավաքված քաղաքացիները դրական արձագանքեցին։
18։56 - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան բացարձակապես չարդարացված է և պետք է անհապաղ դադարեցվի։ Աշխարհը պետք է խոսի ու գործի միաձայն այս հարցում։ Հակառակ դեպքում էթնիկ զտման անցումը հավանական է թվում։ [ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավան]
18։52 - ««Արևիկ» բուժմիավորում ընդունված հիվանդներից մեկը վիրահատարանում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է՝ կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, ևս մեկ երեխա՝ ծանր գանգուղեղային վնասվածքով, պատրաստվում է վիրահատության»,- նշում են բուժհաստատությունից։
18։49 - Գերմանիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Գերմանիան աջակցում է բանակցություններին, որոնք ընթանում են ԵՄ գլխավորությամբ։ Հաշվի առնելով այսօրվա էսկալացիան, սա ավելի արդիական է, քան երբեւէ»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
18։46 - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դեմ է հեղաշրջում իրականացնելու կոչին , և կտրականապես մերժում է ներքին քաղաքական կյանքը անկայունացնող գործողություններին։ Կուսակցությունը կոչ է անում հեռու մնալ ազգային համերաշխությունը և ներքին ճակատը թուլացնող ամեն տեսակի քայլերից:
18։44 - Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի գրասենյակը՝ հավելելով, թե մինչ այս մի քանի անգամ հրավիրել են նրանց «վերաինտեգրացիայի մասին բանակցությունների, բայց նրանք չեն եկել»։ «Միևնույն ժամանակ հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման համար հայկական ապօրինի զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ պարզեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ ապօրինի ռեժիմը պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- նշված է հայտարարության մեջ։
18։41 - Սա ցեղասպանության փորձ է՝ ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։ Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։
Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։ [Գագիկ Ծառուկյան]
18։39 - «Հանրապետություն»կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ ««Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համամբման կոչ է անում մեր հանրությանը։
Մեր հակադրություններից միանշանակ օգտվելու են Հայաստանի Հանրապետության թշնամիները՝ փորձելով պատերազմը տեղափոխել մեր տարածք, նպատակ ունենալով ուժային ճանապարհով բացել Նախիջևանին կապող միջանցքը և զրկել Հայաստանը ինքնիշխանությունից, վերածելով ՌԴ նահանգի։
ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Ստեղծված վիճակի լուծումն արտաքին դաշտում նպատակամղված և ճկուն աշխատելու մեջ է։ Վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին կցուցաբերի իմաստնություն և թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան արդեն ակնհայտ թշնամական եռյակին ներքին հակադրություններ հրահրելով, երկիրը հանել վերահսկողությունից»։
18։37 - Ես քիչ առաջ Ադրբեջանի դեսպանին ասացի, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ անընդունելի է։ Ալիևը սպառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, և վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ [Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթ]
18։28 - Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի կապակցությամբ ՆԳՆ-ն դիմել է հանրությանը․
«Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»։
18։27 - «Թաթոյան» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք: Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից: Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով: Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն»:
18։26 - Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին ներկայացրել եմ Ադրբեջանի խոշորմաշտաբ ագրեսիան՝ Լեռային Ղարաբաղի ուղղությամբ։ Ընդգծել եմ կոնկրետ և միանշանակ քայլեր ձեռնարկելու անհրաժետությունը՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը»։
18։16 - Քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Արցա՛խ»։ Քաղաքացիները կոչ են անում գնալ Հանրապետության հրապարակ ու միանալ իրենց։
18։08 - Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում [ՀՀ վարչապետի խոսնակ]
18։06 - Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, իրադրությունը լարված է։ Հարյուրավոր քաղաքացիներ են այնտեղ, նրանք փորձում էին անցնել ոստիկանության շարասյունը։
18։02 - Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը 26 է։ Նա նշում է՝ զոհեր և վիրավորներ կան նաև զինվորական անձնակազմի շրջանում
18։01 - Ղարաբաղի հայերի դեմ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը խաթարում է կայուն խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը: Մենք կոչ ենք անում անհապաղ հայտարարել զինադադար և երկխոսություն սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ որպես խաղաղ գոյակցության միակ ճանապարհ։ [Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիս]
17։57 - Ադրբեջանը լայնածավալ նոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին անհապաղ դրդի դադարեցնել ռազմական գործողությունները։ Եթե հրաժարվեն, կհետևեն պատժամիջոցները։
Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ։ [ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն]
17։52 - Քանի դեռ ռուս խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառելու։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չկա Ղարաբաղում ռուսական խաղաղապահներին սպառնացող վտանգի մասին․ «Բայց դա եւս մեր առաջնահերթություններից մեկն է ներկա իրադրությունում»։
17։50 - «Հայաքվեն» հայտարարություն է տարածել, որ՝
17։49 - Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]
17։41 - Մեծ թվով քաղաքացիներ Հանրապետության հրապարակում են և փակել են բոլոր մուտքերը։
17:40 - Ալիևի «հակաահաբեկչական գործողությունը» ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների ծածկագիրն է։ Պուտինը Ալիևին կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական կառավարությանը տապալելու համար: ԵՄ-ն պետք է շտապ պատժամիջոցներ սահմանի ադրբեջանական քաղաքական վերնախավի դեմ, Հայաստանի կառավարությանը տրամադրի անհրաժեշտ բոլոր օգնությունը։
[Գերմանացի եվրախորհրդարանական Վիոլա վոն Քրամոն]
17։30 - ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է կայացել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկեվարների հետ, ներկայացվել է ընդհանուր իրավիճակը։ Ձեռնարկվել են եւ շարունակվում են աշխատանքները բոլոր ուղղություններով, բոլոր դեսպանությունների ներգրավմամբ։ Տեղի են ունենում առանձին հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու իրավիճակը եւ ձեռնարկելու քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով։ [ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին]
17։27 - Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ [Արցախի ՊՆ]
17։23 - Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: [Արցախի տեղեկատվական շտաբ]
17։16 - Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրել Արցախում ստեղծված իրադրության հարցով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև Ադրբեջանի կոչ է անում անհապաղ դադարեցնելու գործողությունը՝ նշելով, որ ԼՂ քաղաքացիական բնակչության ճակատագրի պատասխանատուն միայն ու միայն Ադրբեջանն է։
16։57 - Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ ստիպելու տեղի բնակչությանն արտագաղթել։ Այս մասին գրել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ հրատապ անհրաժեշտություն կա, որ Բաքուն և Ղարաբաղի հայերը վերադառնան երկխոսության: «ԵՄ-ն դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել այժմյան մարտական գործողությունները»,- գրել է նա։
16։50 - Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ: Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: [Արցախի տեղեկատվական շտաբ]
16։48 - Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայի՝ Հանրապետության հրապարակի հատվածը։
16։41 - Մի քանի տասնյակ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, որ պահանջում է ռուս խաղաղապահների հեռացում, քանի որ նրանք կամակատար են։ Նա պահանջեց Հայաստանի կառավարությունից պաշտպանել հայերի իրավունքը միջազգային խաղաղապահների միջոցով։ Քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է։ Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում։ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՌԴ դեսպանության դիմաց ևս մի խումբ քաղաքացիներ են հավաքվել։ |hetq.am|
16։36 - Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով՝ Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները: Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: [Արցախի նախագահի աշխատակազմ]
16։26 - Էսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ [․․․] տեղեկություններ են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով ԼՂ-ն։ Եվ ցավոք այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաեւ մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ «Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»։ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, եւ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։ [Նիկոլ Փաշինյան]
16։23 - Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն, եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում եւ դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել։ Եվ այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկ։ [Նիկոլ Փաշինյան]
16։21 - Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։ [Արցախի ՊՆ]
16։17 - Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ, ՀՀ-ն որեւէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, եւ մեր մշտական խնդիրը եղել է եւ շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը, եւ դա է եղել մշտապես մեր օրակարգում։ [Նիկոլ Փաշինյան]
16։14 - Մեզ համար տարօրինակ եւ տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, տեղեկատվությունն է, սրա վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերներից որեւէ տեղեկություն չենք ստացել։ [Նիկոլ Փաշինյան]
16։12 - Արցախի ՄԻՊ-ն X-ում գրում է․ «Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն` Ադրբեջանի հարձակումների հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ 1 երեխա. և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»։
16։05 - Սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն սկսելու համար [ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել]
16։03 - Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին: [Մայր Աթոռ]
15։58 - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին և ՌԴ խաղաղապահներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ասել է․ «Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով»։
15։57 - Խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողություններով և դրա հետ կապված՝ քաղաքացիական անձանց համար ստեղծված վտանգներով։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և առաջին տեղում պետք է լինեն մարդասիրական հարցերը։ Այսօր կհանդիպեմ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արայիկ Միրզոյանի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ գլխավոր նստաշրջանի շրջանակներում, և մենք կթարմացնենք մեր կոչը։ [ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին՝ X-ի իր միկրոբլոգում]
15։54 - «Արևիկ» բուժմիավորումից «Հետք»-ին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխաների քանակը անընդհատ կարող է փոխվել։
15։47 - Կռիվ է, ունենք վիրավորներ»։ Այս մասին Ազատությանն ասել է Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
15։39 - Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի Գլխավոր շտաբների պետերը։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ քննարկվել են «տեղային հակաահաբեկչական միջոցառումները Ադրեջանի Ղարաբաղի շրջանում»։ Հատկապես ընդգծվել է, որ «այսօր, ինչպես միշտ, եղբայրական երկիր Թուրքիան Ադրբեջանի հետ է»։
15։37 - «Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա ճիշտ չէ. տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում։
Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
15։29 - Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից հաստատեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել 6-7 երեխա։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։ |civilnet.am|
15։28 - Ադրբեջանական զինուժը, շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն [Արցախի ՊՆ]
15։27 - Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունը բոլոր կողմերից անվերապահորեն կապահովվի։ [Մարիա Զախարովա]
15։23 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները: [ՀՀ ԱԽ]
15։22 - Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը։ Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]
15։20 - Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում Հայաստանի ԶՈՒ խմբավորումների առկայությունը՝ ի հակադրություն 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների, լուրջ վտանգի աղբյուր է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»․ «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսհանումն է»։
15:11 - ԱԹՍ-ների, հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են: Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել: [Տիգրան Աբրահամյան]
15։04 - Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Հասանովը իր գործընկերոջը տեղեկացրել է «հակաահաբեկչական միջոցառումների մասին»: Թուրք նախարար Գյուլերն ասել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին։ [Ադրբեջանի ՊՆ]
14։58 - Ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց գործառույթները Ղարաբաղում՝ չնայած սրացմանը։ ՌԴ-ն խորապես անհանգստացած է Ղարաբաղում իրադրության կտրուկ սրացմամբ (էսկալացիայով)։ ՌԴ-ն հակամարտության կողմերին կոչ է անում կանգնեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը։ [Մարիա Զախարովա]
14։53 - Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին: [Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյան] |news.am|
14։48 - Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում է նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ X-ի միկրոբլոգում]
14։45 - Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: [ՀՀ ՊՆ]
14։43 - Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե իբրեւ «վտանգավոր գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին եւ այլ ուղղություններով ստեղծվել են հումանիտար միջանցքներ եւ ընդունման կետեր»։
14։42 - Ադրբեջանական կողմն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից՝ հետևելով միայն պաշտոնական լրահոսին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
14։39 - Շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Հրադադարի հրատապ անհրաժեշտություն կա, որը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն կտա որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոց: [Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար]
14։37 - Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ է հասցնում նաեւ Ասկերան քաղաքին։ Ասկերանի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի տեղից խաբար չունեմ, Ասկերանում շարունակվում ա: Մեծ մասը, երեխաները ապաստարանում են»։
14։34 - Առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ այս պահին մեզ մոտ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Երկրորդը՝ մոտակա ժամանակում շփումների արդյունքներով համապատասխան հայտարարություն կարվի ՌԴ ԱԳՆ-ից։ Ինչ վերաբերում է ծանուցումներին, մենք այդ տեղեկությունները ստանում ենք ադրբեջանական կողմից։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա]
14։33 - Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը: ՌԴ-ն, ով ռազմական ներկայություն ունի Արցախում, պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար: ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին։ [ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան]
14։22 - Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։
[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
14։18 - Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։ Սրա՞նք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ: [Արտակ Բեգլարյանը՝ X-ի միկրոբլոգում]
14։15 - Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասված է, թե «չեն թիրախավորում քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, եւ շարքից հանվում են միայն լեգիտիմ ռազմական թիրախները»։
14։06 - Կրակոցի ձայները Ստեփանակերտի ծայրամասերից են գալիս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալը։ «Ժամանակ չունենք, թողեք ժողովրդով զբաղվենք»,- ասաց փոխքաղաքապետը։ Հարցին՝ թե տարհանո՞ւմ է կատարվում, նա նշեց․ «Գոնե փորձենք մարդկանց մաքսիմում նկուղներում տեղափոխել։ Կրակոցի ձայներ ենք լսում, հիմա ժողովրդով ենք զբաղված»։
14։01 - Ադրբեջանի ՊՆ․ «Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաև ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները»։
13:58 - Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ հակառակորդը թիրախավորել է ոչ միայն Ստեփանակերտը, այլև Մարտակերտը։
13:47 - Ստեփանակերտի տան իմ պատուհանից ծուխ եմ տեսնում դիմացի բլուրի վրա: Ավտոմատի կրակոցներ մոտիկ, դրոնի ձայն եմ լսում։ Հրետանին արդեն մոտ քառասուն րոպե անդադար կրակում է: Շատ մոտիկ լսում եմ։ [Լրագրող Մարութ Վանյան]
13:40 - Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը։
13:28 - Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ «տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»:
13:26 - Ստեփանակերտում օդային տագնապ է միացել։ Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից անընդհատ հարվածների ձայներ են լսվում: Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանն էլ գրել է․ «Մեր ուղղությամբ զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել»։
12:55 - Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, համաձայն որի՝ իբր այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ադրբեջանական ԶՈՒ երկու զինծառայող, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառելով նաև ականանետ։ [Արցախի ՊՆ]
comment.count (0)