Ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը․ Պուտին
15:12 - 20 սեպտեմբերի, 2023

Ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուսաստանը սերտ շփման մեջ է Ղարաբաղում կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ՝ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։

«Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են բոլոր կողմերի հետ, որոնք ներգրավված են Ղարաբաղի կոնֆլիկտում, անում են ամեն ինչ, որ պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ «Ղարաբաղում կհաջողվի հասնել դեէսկալացիայի եւ խնդիրների լուծումը տեղափոխել խաղաղ ուղի»։

Մինչ հանդիպումը ՌԴ նախագահը հայտնել էր, որ մտադիր է տեղեկացնել Չինաստանի ԱԳ նախարարին Ուկրաինայի ուղղությամբ իրադրությունը, ինչպես նաև այն, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանա-ղարաբաղյան եւ ադրբեջանա-հայկական կարգավորման ոլորտներում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ և թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Կան զոհեր և վիրավորներ։

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված  վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։

Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Ստեփանակերտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել