Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝ հրադադարի պայմաններում․ Նիկոլ Փաշինյան
18:43 - 21 սեպտեմբերի, 2023

Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝ հրադադարի պայմաններում․ Նիկոլ Փաշինյան

Ինչ է տեղի ունենալու ԼՂ-ում եւ ինչպիսի տեսական հնարավորություն կա, որ ԼՂ ժողովուրդն իրենց տներում կկարողանան արժանապատիվ, անվտանգ ապրել։ Այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշեց, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են գտնվել ԼՂ-ում, եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելը նրանց անմիջական պարտականությունն է։

«Երկրորդը՝ դուք գիտեք, որ այսօր Եվլախում տեղի է ունեցել ԼՂ ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպումները պարբերաբար իրականացնել։

ԼՂ գործընկերներն առաջայժմ հանդիպման մասին պաշտոնական տեղեկություն չեն տարածել, բայց Ադրբեջանն առնվազն իր պաշտոնական հաղորդագրության մեջ փորձում է տպավորություն ստեղծել, որ դրական հունով են ընթանում գործընթացները, իհարկե սա կարող է կապ ունենալ ՄԱԿ ԱԽ այսօր կայանալիք նիստի հետ, որտեղ քննարկվելու է ԼՂ իրավիճակը։

Գիտեք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Նյու Յորքում, նա մասնակցելու է նիստին եւ ներկայացնելու է մեր դիրքորոշումները։ Կարծում եմ, որ այն մեծ, շատ մեծ միջազգային ուշադրությունը, որն այսօր կենտրոնացած է ԼՂ վրա, եւ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտելու միջազգային թրենդը հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ապահովել ԼՂ մեր հայրենակիցների խաղաղ, արժանապատիվ, անվտանգ կյանքն իրենց տներում»,- ասաց նա։

Փաշինյանը պատմեց իր խոսակցությունը՝ այս թեմայի հետ կապված ԼՂ գործընկերների հետ․ «Այն բանից հետո, երբ ես տվել եմ փոխվարչապետին համապատասխան հանձնարարական՝ պատրաստել մեր հայրենակիցների դիմավորումը ՀՀ-ում։ Ես ասել եմ, որ ես կարծում եմ, որ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն պետք է չլինի, նույնիսկ պլան Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի անպայմանորեն պլան Գ-ն։

Էն նկատառումով, որ, էլի եմ ասում, հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից եւ մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին։

Ինչու ենք էսպես վերաբերվում, որովհետեւ մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ, ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում։ Իհարկե, կան իրենց տներից տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ»,- ասաց նա՝ ընդծելով, թե ըստ իրադրության գնահատականի՝ պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել