15։50- Հայաստանում Ամերիկյան համալսարանի դիմացից 8 անձ է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Infocom-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Հարցին, թե ակցիա՞ էին իրականացնում քաղաքացիները, նա ասաց, որ չգիտի։
15։33- Ազգային կոմիտեի՝ այսօր հրավիրված հանրահավաքը հետաձգվում է։ «Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»:
15։20- Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ [ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
13։10- Ժամը 13:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
12։49- Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։
11։38- Պոլիտեխնիկի բակից բերման է ենթարկվել նաև Անդրանիկ Թևանյանը։ Նա բարձրախոսով իրազեկման ակցիա էր իրականացնում՝ ուսանողներին ուղղված կոչեր հնչեցնելով։
11։24- Երևանում անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ժամը 11։00-ի դրությամբ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանությունից։
Նշենք, որ այսօր առավոտյան 8-ից Ազգային կոմիտեի կոչով քաղաքացիները փոքր խմբերով կարճ ժամանակով փակել են Երևանի տարբեր փողոցներ, ապա նորից բացել դրանք։
25.09.2023
20։22- Մեկնարկել է Ազգային ժողովրդավարական բևեռի երթը Մաշտոցի պողոտայով։
20։14- Անդրանիկ Թևանյանը հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղվանից նոր թափ են հաղորդում համազգային գործադուլին։ Եթե համազգային բնույթ չստանա, անվանական գնալու են բոլոր ընկերություններ՝ սկսած խոշորներից։ Այնուհետև նա նշեց այն անհատների ու ընկերությունների անունները, որոնք միացել են գործադուլին։
Թևանյանը նաև հայտնեց, որ վաղը վաղ առավոտից դարձյալ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու քաղաքի բոլոր վարչական շրջաններում։
10։49- Ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 142 է։ [ՀՀ ոստիկանություն] |tert.am|
10։43- ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակում: [ՄԻՊ գրասենյակ]
09:53- Կոմիսասի պողոտան, Բարեկամության խաչմերուկն ամբողջությամբ բաց են։
09:19- 53 քաղաքացի է բերման ենթարկվել ժամը 09։00-ի դրությամբ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
08:50- Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև]
08:40- Երթևեկությունը կանգնած է՝ Կոմիտաս պողոտայում՝ Սուրբ խաչ եկեղեցու հատվածում, Աբովյան փողոցում՝ ԵՊԲՀ-ի դիմաց, Կիևյան կամրջի սկզբնամասում, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ, Տերյան-Մոսկովյան խաչմերուկում։ [Ազգային կոմիտե]
08:25- Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում երթևեկությունն արգելափակված է։ [Ազգային կոմիտե]
08:18- Քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Սարյան և Ռուբինյանց փողոցները, հայտնում են Ազգային կոմիտեից։ Լուսանկարում Սարյան փողոցն է ժամը 07։44-ի դրությամբ։
24.09.2023
23։05 - Ոստիկանությունն այսօր հերթական անգամ առանց պատճառաբանելու բերման ենթարկեց Արժանապատվության շարժման անդամին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար։ Վրանը հեռացվեց։
21։50 - Քաղաքացիները Աբովյան փողոցով երթով հասան Հանրապետության հրապարակ։
Երթ է իրականացնում նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռը», նրանք Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։ Նրանք բացականչում են «Ռուսաստան թշնամի», «Նիկոլ դավաճան»։
20։55 - Քաղաքացիները երթով հասան ոստիկանության մոտ։ Ոստիկանության բոլոր մուտքերի առաջ ոստիկանության ծառայողներ են։ Դիմելով նրանց՝ ցուցարարները բացականչում են՝ «ամոթ»։ Ավետիք Չալաբյանը, դիմելով ոստիկաններին, հորդորեց չդիմել բռնության, նա նշեց, որ իրենց հետ հավասար պետք է պաշտպանեն պետությունը։
20։20 - Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը՝ առավոտյան ժամը 8-11-ը, մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել:
Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան․ «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»։
19։41 - Ազգային կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն այսօրվա հանրահավաքին խոսեց առաջիկա անելիքներից։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալու, այդ պատճառով պետք է ստիպել, որ ՔՊ-ն հեռացնի Նիկոլ Փաշինյանին։
«Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները։ Սկսած էս պահից՝ խնդրում ենք, զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդը ինչ է մտածում։ Հլը որ հեռախոսազանգով»,- նշեց նա։
19։35 - Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: [Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև]
19:15 - Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով. «Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,- նշեց Թևանյանը։
Անդրադառնալով, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց՝ նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։ |armeniasputnik.am|
17։48- Քաղաքացիները Բաղրամյան պողոտայով երթ են անում դեպի Հանրապետության հրապարակ։
17։25- Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Կալանավորվել է 26 անձ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։ [Քննչական կոմիտե]
14։45- Գյումրիում նորից սկսվեցին բողոքի ցույցերը. այն մեկնարկեց ավտոերթով։ Արցախի դրոշը պարզած, ազդանշանները միացրած` մեծ թվով մեքենաներ անցնում են քաղաքի փողոցներով։ Ակցիայի մասնակիցները բնակիչներին կոչ են անում ոտքի կանգնել։ |aravot.am|
14։11- ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք։ Պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին:
Ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ (Հանցագործության նախապատրաստությունը) և 419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: [ՀՀ ԱԱԾ]
23․09․2023
21։02 - Մաշտոցի պողոտան ամբողջությամբ փակ է։ Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնած երթը շարժվում է դեպի Օպերա, իսկ հանդիպակաց կողմից մեկ այլ խումբ քաղաքացիներ շարժվում էին հակառակ ուղղությամբ։
ԱԺԲ ակցիայի ընթացքում կոչ է արվում միանալ ակցիային, շրջափակել կառավարական շենքերը, այս օրերին Երեւանում միանալ ցանկացած անհնազանդության ակցիայի։
Քաղաքացիները բացականչում են «Նիկոլ, ցեղասպան»։
20։49 - Մաշտոցի պուրակում Արժանապատվության շարժման անդամները տեղադրեցին վրան ու շրջապատեցին այն՝ «պաշտպանելու վրանը տեղադրելու եւ պահելու իրավունքը»։
Րոպեներ անց կարմիր բերետավորները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ակցիայի 9 մասնակիցների։
20։23 - Արցախցի մի խումբ ուսանողներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք արցախցիների համար հումանիտար միջանցք են պահանջում, որպեսզի Արցախի հայությունը կարողանա անվտանգ գալ Հայաստան։
Երիտասարդների մեկ այլ խումբ էլ նմանատիպ պահանջով նստացույց էր իրականացնում Հանրապետության հրապարակում։
20։00 - Արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։
Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք, այլ հակազդեն նման խոսքին: [ՄԻՊ աշխատակազմ]
16։50- Այսօր Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 19 մասնակից, Երևան-Երասխ ճանապարհից՝ 2 մասնակից: Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ երկուսի դեպքում էլ հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։
16։35- Քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, հինգ անձ արդեն իսկ կալանավորվել է Երևանում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու համար։ Վարույթներից մեկը՝ կապված սոցցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, փոխանցվել է ԱԱԾ։ [Քննչական կոմիտե]
16։27- Իրազեկման ակցիա անող քաղաքացիները Հանրապետության հրապարակ էին հասել, որտեղ ոստիկաններ կային։ Ինչպես երևում է Ազգային կոմիտեի հրապարակած կադրերում, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների։
15։50- Քաղաքացիները մեքենաներով փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը, պահանջում են Նիկոլ փաշինյանի հրաժարականը։ Ըստ Ազգային կոմիտեի հաղորդագրության՝ «ոստիկանությունը սկսել է ապօրինի բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, սակայն մայրուղին շարունակում է փակ մնալ»։
14։50- Մենք գտնվում ենք համազգային ճգնաժամի մեջ։ Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի։ Այս պահին ամենաառաջնային խնդիրն արցախահայության անվտանգության երաշխավորումն է, որը յուրաքանչյուրիս պարտքն է։ Միայն Արցախի հայկականության երաշխավորումը թույլ կտա պահպանել մեր պետականությունը։ Արդեն երեք օր է՝ մենք հայտարարել ենք համազգային ընդվզում և հացադուլ, և շարունակելու ենք այն, քանի դեռ դուք լռում եք։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին մենք ձեզ սպասելու ենք, որ միանաք և ձեր օրինակով և կոչով մոբիլիզացնեք և միավորեք հայությանը։ Այս համազգային պայքարին արդեն միացել են՝ Հայոց Ազգային Գվարդիայից Արշակ Զաքարյանը, Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը, Արցախի երիտասարդներից քաղաքագետ Ապրես Բեկլարյանը, իրավագետ Տիգրան Ղազարյանը, Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը, հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը։ [«Ժողովրդական համախմբում»]
14։28- 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև]
14։02- Իրազեկման ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթով հասան Կառավարական ամառանոցի դիմաց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։ Ակցիայի մասնակիցները նաև մոտենում են սրճարաններում նստած մարդկանց և իրազեկում իրավիճակի մասին, հրավիրում հանրահավաքի վաղը՝ 18։00-ին։ Նրանք նշում են՝ եթե հարյուր հազար մարդ դուրս գա հրապարակ, 100 հազարից ավելի հայի կյանք կփրկվի Արցախում։
13։40- Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություններ են նշանակվել։ Այս մասին, Factor.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ կան նաև ծառայողական ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
13։30- Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել «կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով» իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։
12։40- Քաղաքացիները «Արցա՛խ», «Նիկո՛լ, թշնամի՛» վանկարկումներով իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում։ Այս պահին նրանք Հյուսիսային պողոտայում են։
22․09․2023
23։16 - ԱԺԲ-ից հայտնում են, որ փակել են Հաղթանակի կամուրջը։
23։06 - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։
22։30 - Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել։
21։28 - Արժանապատվության շարժման անդամ Վահագն Մինասյանը Մաշտոցի պուրակում տեղադրեց հերթական վրանը, սակայն ոստիկանության ուժերը գործողությունից 5 րոպե անց նրան դարձյալ բերման ենթարկեցին։
Շարժման անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ վաղը գործողությունն իրականացվելու է ավելի շատ քաղաքացիների մասնակցությամբ, բայց արդեն խաղաղ դիմադրությամբ։
21։25 - Հավաքի մասնակիցներից մեկը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։
ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է․ «Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի»։
20։30 - Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Թևանյանը նշեց, որ արդեն կազմակերպված խմբերը Երևանի ու մարզերի տարբեր հատվածներում, տարբեր ժամերի իրականացնեն հետևյալ 3 տիպի գործողությունները։
20։22 - Թևանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հիմա 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու՝ դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան։
Անհնազանդության գործողությունները կավարտվեն ժամը 9։30-ին։ Թևանյանը մասնակիցներին կոչ արեց բախումներ չունենալ ոստիկանության հետ, իսկ ոստիկաններին՝ բռնություն չկիրառել քաղաքացիների նկատմամբ։
19։48 - Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք, որտեղ ելույթ են ունենում Ազգային կոմիտեի անդամները։
Ազատության հրապարակում էլ հանրահավաք է անցկացնում Ազգային-ժողովրդավարական բևեռը։
19։24 - Սեւան-Մարտունի մայրուղին շարունակում է փակ մնալ։ Ոստիկանները որեւէ միջամտություն չեն արել, ակցիան խաղաղ է ընթանում։ Քաղաքացիների մոտ չեն գնացել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
19։05 - Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 98-ի։ |news.am|
17։24-Գավառից դուրս եկող Սեւան-Մարտունի մայրուղին մոտ երկու ժամ է՝ փակ է․ տեղացիները հաջակցություն Արցախի են ակցիա իրականացնում։ Ճանապարհի երկու կողմերից տասնյակ մեքենաներ են կուտակվել։
16։50- Ցուցարար ուսանողները չեն կարողացել մուտք գործել Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի բակ․ վերջինիս ղեկավարությունը փակել է մուտքի գլխավոր դարպասները։ Դարպասներից դուրս նրանք շարունակել են իրենց ակցիան՝ «Ուսանո՛ղ, միացի՛ր», «Արցախ» վանկարկումներով։ Այնուհանդերձ, ավելի ուշ համալսարանի մի շարք ուսանողներ միացել են ցուցարարներին։ Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Հայ-ռուսական համալսարանի մամուլի բաժինը՝ նշելով, որ իրենք մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին Արցախում և Հայաստանում, ողջ հայ ժողովրդի հետ կիսում են մեր հայրենակիցների վիշտն ու ցավը, սակայն որևէ նպատակաուղղված գործողություններ, միտված ուսանողների և բուհի անձնակազմի մասնակցությանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներին կամ մասնակցության արգելքին, ՀՌՀ-ում չեն իրականացվում:
16։14- Ֆրանսիական համալսարանի ուսանողները դասադուլ են անում։ Նրանք իրենց համալսարանից երթով շարժվեցին դեպի Եվրոպական, Ամերիկյան ու Սլավոնական համալսարաններ, որտեղ նրանց միացան նաեւ այդ համալսարաններից ուսանողներ։ Ուսանողները տարբեր խմբերով ակցիաներ են իրականացնում։ Նրանք նստացույց արեցին Տիգրան Մեծ փողոցում, մի պահ փակեցին Ֆրանսիայի հրապարակը։ Այժմ մի մասն Ամիրյան փողոցում է, այնտեղ աղբամաններով փակում են փողոցը։
15։35- Բժիշկները ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են հանդիպում, որպեսզի իրենց ներկայացվի, թե կազմակերպությունը ինչ է պատրաստվում անել ստեղծված իրավիճակում։
14։29- Փակ է նաև Աբովյան փողոցը։
14։20- Լևոն Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ: Նրա մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ԲԿ-ից :
14։18- Մի խումբ երիտասարդներ փակել են Նալբանդյան փողոցը։ Ոստիկանությունը հորդորում է բացել՝ պնդելով, թե «գործողությունն անօրինական է»։
13։50- «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որն առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե, ազատ է արձակվել։ Տեղեկանում ենք «Փաստինֆո»-ի տեսանյութից։ Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչ կարգավիճակով են տանում ՔԿ։
13։15- Օրվա ընթացքում ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Infocom-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
13։05- ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս պահին էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ-ի թեժ գիծ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100 հեռախոսահամարով»:
12։54- Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Քոչարյանին հոսպիտալացնում է: [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև]
12։46- Ոստիկանության ծառայողներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին, որին, ինչպես երեւում է կադրում, ոստիկանության մեքենայի մեջ հարվածներ են հասցնում։ Ամիրյան փողոցից ցուցարարները շարժվում են դեպի Սարյան փողոց, որը փակում են աղբամաններով։
12։19- Ամիրյան փողոցում իրավիճակը լարված է․ կարմիր բերետավորներն ուժի գործադրմամբ համատարած բերման են ենթարկում ցուցարարներին։
11։54- Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է։ «Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը»,- գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
11։46- Կառավարության դիմաց ակցիա իրականացնող մի քանի քաղաքացիներ սկսեցին Կառավարության շենքի վրա քարեր և ձվեր նետել։ Ցուցարարների մի մասը նրանց կոչ արեց սադրանքների չդիմել։ Ոստիկանությունը զգուշացրեց, որ եթե չդադարեն իրեր նետել շենքի ուղղությամբ, հատուկ միջոցներ կկիրառի։ Ուսանողները Հրապարակից շարժվում են իրազեկման ակցիաներ իրակացնելու։ Մի խումբ ցուցարարներ էլ գնացել են ՔԿ։
11։35- ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կարծիքով ոստիկանությունն այս օրերին համաչափ ուժ է կիրառում։ «Համաչափ ուժ է կիրառում ոստիկանությունը, բիրտ ուժ չի կիրառում»։ Այլ հարցերի նա չպատասխանեց՝ նշելով, որ լրագրողները խոչընդոտում են իրենց աշխատանքին։
11։31- Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
11։27- Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց․ «Ես չեմ մերժում այն տարբերակը, որ Նիկոլը հրաժարվի, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ եթե Նիկոլը մնում է, ինքը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, և անընդհատ շարունակվելու են պարտություններով պատերազմներ»: Մանուկյանը նշեց, որ այսօրվա իրավիճակը տարբերվում է փրկության և դիմադրության շարժումներից․ «Այն ժամանակ ժողովրդի մեծ մասը կողմնորոշված չէր, երկրորդ դեպքում դեռ Նիկոլ Փաշինյանը ուներ որոշակի կշիռ հասարակության մեջ, այս դեպքում ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է»։ |tert.am|
11։17- ԵՊՀ և Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ ևս դասադուլ են իրականացնում։ ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։
11։09- Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներին Իշխան Սաղաթելյանը կոչ արեց, բացի Կառավարության մուտքից, փակել նաև շենքի անցագրային կետը։ Սակայն մինչ քաղաքացիները կհասնեին, ոստիկաններն արդեն այնտեղ էին։ Այս պահին փակ է Տիգրան Մեծ փողոցը։ Փողոցին ոստիկանական մեքենաներ են մոտեցել։
10։20- Կառավարության շենքն այս պահին։
10։17- ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` հաջակցություն Արցախի։ Նրանք պատմում են, որ ճանապարհին կարմիր բերետավորները հորդորել են մայթով քայլել, ինչն արել են։ Սակայն դրանից հետո մոտ 15 տղայի բերման են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, աղջիկներին քաշքշել։ Ուսանողները շարունակեցին երթը։ Նրանց միացան այլ ուսանողներ, բոլորով միասին հասան Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված են տասնյակ քաղաքացիներ։
10։02- ԱԺԲ-ն շարունակում է նստացույցն Ազատության հրապարակում։ Նրանք ստորագրահավաք են սկսել կառավարության հրաժարականի պահանջով։ Ժամը 7-ին հանրահավաք են ունենալու։
09։57- Առավոտից Երևանում բողոքի ակցիայի 26 մասնակից է արդեն բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Ինֆոքոմի հետ զրույցում հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։
09։53- Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարել է դասադուլ՝ կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։ «[Դասադուլի] նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին: Տվյալ որոշումը հաստատվել է ՈՒԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով: Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու նրանց աջակցելու համար: Նշենք, որ յուրաքանշյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում»,- նշված է ՈՒԽ հայտարարության մեջ։
09։23- Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանության մեծաթիվ ուժերով։ Հանրապետության հրապարակում այս պահին իրավիճակը հանդարտ է։
09։21- Ոստիկանները հեռացրին Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում քաղաքացիների տեղադրած ինքնագլորները ու բացեցին ճանապարհը։
09։13- Սարյան փողոցից բերման է ենթարկվել նաեւ Անդրանիկ Թեւանյանը։
09։08- Ինչպես սեպտեմբերի 21-ին կոչ էր արել ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանը, առավոտից փակվում են Երեւանի տարբեր փողոցներ։ Այս պահին փակ է Մյասնիկյան պողոտան, որտեղ ծանր խցանում է առաջացել, որի մեջ է նաեւ պարեկային ծառայության մի մեքենա։ Մի խումբ ցուցարարներ փակել էին նաեւ Սարյան փողոցը, բայց ոստիկանները բացեցին այն՝ ուժ կիրառելով բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից ոմանց։ Մարդիկ ինքնագլորներով փակել են նաեւ Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը։
comment.count (0)