Երեւանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
10:32 - 24 սեպտեմբերի, 2023

Երեւանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը փակ է։ Այս մասին հաղորդում է Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունը․

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։

Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
 
Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Մանրամասնել էինք նաև, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։
 
Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։
 
Մեր թիմը հավատարիմ է իր կարգախոսին՝ մեզ համար յուրաքանչյուր ուղևորի արագ, անվտանգ ու անխափան երթևեկությունն ամենակարևորն է։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել