Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար․ պաշտպան
15:36 - 24 սեպտեմբերի, 2023

Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար․ պաշտպան

Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Հայտնում է նրա պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Վերջինիս խոսքով՝ Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ եւ հայտնելով, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լեւոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երեւում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության:

Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի  հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։

Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել