Այն մեխանիզմները, որոնցում կա ՀՀ-ն, գործոն չեն և Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես ամրապնդել իր անվտանգությունը․ Խանդանյան
 |azatutyun.am|
13:58 - 25 սեպտեմբերի, 2023

Այն մեխանիզմները, որոնցում կա ՀՀ-ն, գործոն չեն և Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես ամրապնդել իր անվտանգությունը․ Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Այն մեխանիզմները, որոնցում կա Հայաստանի Հանրապետությունը, գործոն չեն, և այս առնչությամբ Հայաստանը պետք է մտածի և հասկանա, թե ինչպես պետք է ամրապնդի իր անվտանգությունն ու անվտանգային մեխանիզմները, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Երեկ վարչապետն իր ուղերձում, վկայակոչելով վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները, մասնավորապես, շեշտեց՝ «արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն՝ ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից»։

«Ազատություն»․ - Սա Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու հայտարարությո՞ւն էր, ՀԱՊԿ-ից դուրս գալու նախապատրաստությո՞ւն։ Անվտանգային միակ դաշինքը, որում ներգրավված է Հայաստանը ու որի մասին առանց անուն տալու խոսեց վարչապետը, Ռուսաստանի առաջնորդած այդ կազմակերպությունն է։

Խանդանյան․ - Սա իրողությունների արձանագրում է և մարտահրավերների արձանագրում է, որի միջով մենք անցել ենք վերջին տարիների ընթացքում, և ոչ միայն վերջին երեք տարիների ընթացքում, այլ նաև դրանից առաջ ևս, և սա նաև մեր անելիքների մասին էր։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին և անվտանգային համակարգերին, ապա այս մասին բազմիցս է դիրքորոշում հայտնվել, որ այո՛, այն մեխանիզմները, որոնք որ առկա են և որոնցում կա Հայաստանի Հանրապետությունը, գործոն չեն, և այս առնչությամբ մենք պետք է մտածենք և հասկանանք, թե ինչպես պետք է ամրապնդենք մեր անվտանգությունը և անվտանգային մեխանիզմները, և դրանց մի քանիսին անդրադարձավ վարչապետը։ Դուք գիտեք, որ մի շատ երկրների հետ անվտանգային և պաշտպանական ոլորտների հետ կապված բանակցություններ են ընթանում, նաև արդեն արդյունքներ կան մի քանի երկրների հետ և նաև, բնականաբար, դա Հայաստանի զինված ուժերի վերազինումն է, բարեփոխումների այն օրակարգն է, որով առաջ է ընթանում Հայաստանի կառավարությունը։

«Ազատություն»․ - Եթե ավելի բացենք փակագծերը՝ Դուք որոշ երկրների հետ բանակցություններից խոսեցիք, անվտանգային այլընտրանք ստեղծվե՞լ է, կարո՞ղ եք փակագծեր բացել՝ ո՞ր պետությունների հետ։ Եթե դուրս գալու հարց էլ ուղիղ չդրվի, պարոն Խանդանյան, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ից, հասկանալի է, որ սրանից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցային դժվար թե լինեն։

Խանդանյան․ - Անվտանգային կոնկրետ համակարգի մասին այս պահին խոսել չենք կարող, որովհետև դա բարդ և երկարատև պրոցես է, բայց ինչ վերաբերում է երկրների հետ, որոնց հետ մենք ունենք համագործակցություն, Հնդկաստանի մասին է շատ խոսվել, Ֆրանսիայի հետ կան որոշակի շփումներ և համագործակցության արդյունքներ և այլն, բայց նորից կրկնեմ, որ ՀՀ-ի զինված ուժերի բարեփոխումն է այս իմաստով առաջնային։

«Ազատություն»․ - Վարչապետն ասաց, որ «որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում Հայաստանի խոցելիությունը ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հարվածի տակ դնելով ներքին անվտանգությունն ու կայունությունը»։ Ո՞ւմ է այս մեղադրանքն ուղղված, ձեր իշխանությունը Ռուսաստանի՞ն է մեղադրում ցույցեր կազմակերպելու մեջ, իշխանության տարբեր ներկայացուցիչների անուղղակի հայտարարությունները դրա մասին են վկայում։

Խանդանյան․ - Ակնհայտ է վերջին օրերին և վերջին շաբաթներին Ռուսաստանի մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես, պետական հեռուստատեսություններով հնչող խոսույթը և որոշ մեդիա դեմքեր, որոնք հաճախ արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները, շատ ուղղակիորեն Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ և այլն, և նաև պաշտոնական շրջանակներից են հնչում հայտարարություններ, մասնավորապես, Պետդումայի պատգամավորներ և այլն, որոնք խոսում են Հայաստանի պետականության վերացման և նման այլ գործընթացների մասին, ինչն անընդունել է։ Մեր ակնկալիքը մեր գործընկերներից՝ լինել գործընկերային ու չմիջամտել Հայաստանի ներքին գործերին և կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց, ցավոք սրտի, վերջին շրջանի զարգացումները հակառակն են ապացուցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել