2023թ․ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անկախության մասին անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին եւ չի կարող առաջացնել ոչ այլ ինչ, քան մերժում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ստորև․
«Ակնհայտ է՝ փորձ է արվում իր վրայից հանել պատասխանատվությունը ներքին եւ արտաքին քաղաքականության տապալման հարցում՝ մեղքը դնելով Մոսկվայի վրա։
Փաշինյանի վերջին արտահայտությունները հաստատում են ավելի վաղ արված մեր եզրակացություններն այն մասին, որ սեփական երկրի եւ մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները, որոնք ներշնչված են Արեւմուտքից եւ հրահրված պաշտոնական Երեւանի կողմից, կրում են ոչ թե դրվագային, այլ համակարգված բնույթ։
Միաժամանակ մոռացվում է, որ անվտանգության եւ զարգացման հարցերում մեր երկրների շահերը մեծ մասամբ նման են, իսկ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի այլ երկրները նպատակադրված են ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլ նաեւ ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածությունը։
Ռուսաստանը մշտապես հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը եւ պետությանը երբեք չի դրել ընտրության առաջ՝ «մեզ հետ կամ մեր դեմ»։ Մոսկվան եղբայրական Հայաստանին ցուցաբերել եւ շարունակում է ցուցաբերել մասշտաբային աջակցություն անվտանգության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում։
2020 թ․ աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության եւ անձամբ նախագահ Պուտինի ջանքերը թույլ չտվեցին Հայաստանի ամբողջական պարտություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շուտ համաձայներ զինադադարին, պարտությունը կլիներ պակաս ծանր։ Վերջապես Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անձնվեր գործունեությունը, երբեմն սեփական կյանքի գնով, ուղիղ հաստատումն է Ռուսաստանի շարունակական հանձնառության՝ կատարելու իր ծայրահեղ ոչ հեշտ առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների միջեւ խաղաղության հասնելու, որի մասին Փաշինյանը նախընտրել է լռել։
[․․․]
Իրավիճակը թեժացնում էր նաև պաշտոնական Երևանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված կազմավորումների ներկայության համառ ժխտումը, ինչն էլ դարձավ սեպտեմբերյան վերջին սրման առանցքային պատճառներից մեկը։
[․․․]
Մեծ հաշվով, 2020-22թթ․ բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների համալիրի իրականացումը կանգ առավ հայկական ղեկավարության անհետեւողական դիրքորոշման արդյունքում, որը նախընտրեց խույս տալ Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատելուց եւ վազեց դեպի Արեւմուտք։
Բաց թողնվեց թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթացի հասնել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանների դելիմիտացիայի եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, ինչը Հայաստանի համար կարող էր դառնալ անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։
Հատկանշական է նաեւ, որ Եվրամիության հովանու ներքո պրահյան եւ բրյուսելյան հիշյալ հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղյան հայերի իրավունքների եւ անվտանգության մասին։
Այսօր եւս պաշտոնական Երեւանի կողմից չենք նկատում ԼՂ-ում հրատապ խնդիրները լուծել օգնելու հետաքրքրվածություն, խոսքը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման, մարդասիրական իրավիճակի բարելավման, Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Նիկոլ Փաշինյանի թիմի նման անպատասխանատու մոտեցումը եւ առաջացրեց ամբողջությամբ հասկանալի դժգոհություն հայ հանրության մի մասի մոտ, որն արտահայտվեց ժողովրդական ցույցերով։ Իհարկե, պնդումները, թե դրանք ներշնչված են Ռուսաստանից, իրականության հետ աղերս չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարին պետք է որ լավ հայտնի լինի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում՝ ի տարբերություն Արեւմուտքի, որը բավական հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու հարցում, բայց տարօրինակ զուգադիպությամբ նախընտրեց չնկատել բազմաթիվ փաստերը իշխանությունների կողմից Երեւանում բողոքի ակցիաներ անողների նկատմամբ հետապնդումների մասին։ Միեւնույն ժամանակ, ինչպես լավ հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ շփում է պահում կառավարության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն, իշխանությունների դրդմամբ հայկական ԶԼՄ-ներում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։
Համոզված ենք, որ երեւանյան ղեկավարությունը մեծ սխալ է գործում՝ գիտակցաբար փորձելով տապալել Ռուսաստանի հետ Հայաստանի բազմաբնույթ եւ բազմադարյա կապերը՝ երկիրը դարձնելով Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի գերին։ Վստահ ենք, որ սա գիտակցում է եւ հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»։
comment.count (0)