Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։
Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։
Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։
Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։
Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։
«Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։
Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։
«Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։
ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։
Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։
Աննա Պալաքյան
Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք
comment.count (0)