ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
17:33 - 29 սեպտեմբերի, 2023

ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում հաստատել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են, որ հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ-ն ուներ մեկ ամիս՝ ստորագրված ձևաթերթիկների ստուգման համար։

Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու դեպքում համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե ԿԸՀ նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը: Իսկ քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել