ԼՂ–ում բռնություն կիրառելու որևէ հաղորդագրություն չեն լսել. Դյուժարիկը՝ ՄԱԿ–ի թիմի մասին |armeniasputnik.am|
22:37 - 02 հոկտեմբերի, 2023

ԼՂ–ում բռնություն կիրառելու որևէ հաղորդագրություն չեն լսել. Դյուժարիկը՝ ՄԱԿ–ի թիմի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը կարող է լինել հիսունից մինչև հազար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնում է 50-ից մինչև 1000 էթնիկ հայ»,- ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են:

«Վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն նրանք չեն լսել։ Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,- ավելացրել է նա:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար:

Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ ղեկավարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։

Խմբի կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ։ Մեկնել էր նաև տեխնիկական թիմ, որում ընդգրկված էին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակից և ՄԱԿ-ի ապահովության և անվտանգության վարչությունից։

Ըստ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հաղորդագրության՝ առաքելությունը ցնցվել է, թե ինչ հանկարծակի կերպով են տեղի բնակիչները թողել իրենց տները, և թե ինչ տառապանքներ է դա առաջացրել։ Նշվում է, որ առաքելությունը ո՛չ տեղի բնակչության հետ զրույցից, ո՛չ երկխոսություն վարողներից որևէ հաղորդում չի ստացել վերջին հրադադարից հետո քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ։

«Գյուղական շրջաններին սահմանափակ հասանելիության պայմաններում հասանելի տեղեկատվություն չկար անասնաբուծության և հողագործության վերաբերյալ, այդ թվում նաև այն մասին, թե արդյոք գյուղացիները հասանելիություն ունեն գալիք սեզոնին ցորեն ցանելուն կամ արդյոք պատրաստ են դրան։ Առաքելությունը գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում կամ ճանապարհին սատկած կենդանիներ չի արձանագրել։

Թիմի ունեցած զրույցներից բարդ է որոշել՝ այս փուլում տեղի բնակչությունը մտադրվա՞ծ է վերադառնալ, թե ոչ։ Պարզ է այն, որ անհրաժեշտ է վստահություն և երաշխավորություն ստեղծել, և սա պահանջում է ժամանակ ու ջանք բոլոր կողմերից»,- ասվում է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հայտարարությունում։

Առաքելությունն այցելել է նաև Լաչինի միջանցք․ «Առաքելությունը չի հանդիպել Հայաստան գնացող քաղաքացիական մեքենաների, բայց Խանքենդիում (Ստեփանակերտում՝ խմբ․) տեսել է տասնյակ ուղևորներով լցված ու Հայաստան մեկնել պատրաստվող մի ավտոբուս»։

Նշվում է, թե 2020-ին «գրավված» Աղդամի միջով անցնելիս առաքելությունը արձանագրել է ավերածություններ և ականազերծման աշխատանքների կարիք, ինչպես նաև կառավարության կողմից ձեռնարկվող վերակառուցման աշխատանքները։

«Առաքելությունը շնորհակալություն է հայտնում երկխոսություն վարողներին և տեղի բնակչությանը, որոնք բաժնեկցել են իրենց տեսակետներով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը ծրագրում է շարունակել պարբերական այցերը տարածաշրջան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել