hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ առնվազն 11 քաղաքացի է զոհվել: Զոհված ամերիկացիներից շատերը մշտական բնակություն էին հաստատել Իսրայելում։
Բացի այդ, ըստ Բայդենի, հավանաբար, ԱՄՆ քաղաքացիներ կան նաև պատանդների թվում, որոնց գերեվարել են պաղեստինցի գրոհայինները:
«Մենք նաև գիտենք, որ ԱՄՆ քաղաքացիները շարունակում են մնալ անհետ կորածների թվում, և մենք աշխատում ենք իսրայելցի պաշտոնյաների հետ՝ նրանց գտնվելու վայրի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։
Ըստ առկա վերջին տվյալների՝ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով Հրեական Պետությունն ունի առնվազն 900 զոհ, ևս 2616 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պաղեստինցի գրոհայինները հայտարարել են, որ գերեվարել են ավելի քան 100 իսրայելցու։ Գերիների թվում կան տասնյակ երկքաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ և չինացիներ, պնդում է «Համաս»-ը։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ՌԴ մեկ քաղաքացու մահվան հանգամանքը։ Չորս ռուսաստանցի էլ մնում է անհետ կորածների շարքում։
comment.count (0)