azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Շուշիում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական հավաքին հղած ուղերձում Ալիևը նաև հավելել է՝ ժամանակն է Հարավկովկասյան տարածաշրջանը դարձնել խաղաղության ու համագործակցության վայր։
Դիմելով հավաքի մասնակիցներին՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարներին, Ալիևը վստահեցրել է՝ Բաքուն «միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ»։
Խոսելով տարածաշրջանային նախագծերից՝ Ադրբեջանի առաջնորդն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և ընդգծել դրա բեռնափոխադրումների ծավալների աճի անհրաժեշտությունը՝ 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։
Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանի հետ համատեղ լոգիստիկ նախագծերին՝ շեշտելով, որ Թեհրանի հետ պայմանավորվածություն կա Իրանի տարածքով մուտք ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
«Միաժամանակ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հաղորդունակության հետագա ընդլայնման ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։
comment.count (0)