armenpress.am: Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Տարածքային ամբողջականության սահմանումը, ըստ Հելսինկիի եզրափակիչ ակտի, նշանակում է տարածքային վեճերը խաղաղությամբ լուծել: Այո, բոլոր երկրները, մանավանդ դրկից երկրները պետք է հարաբերությունները լուծեն առանց ուժի կիրառման: Հետևաբար, Ադրբեջանը, որը երեկ այդ հայտարարությունն ընդունել է, այսօր պետք է արդեն իր օկուպացիոն զորքերը հաներ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից: Բայց Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում «խաղաղության» գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»,-ասաց Խաչատրյանը:
Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունն իր համար ընդունելի չէ, իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է: Ըստ նրա՝ դրա դեմ Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը:
comment.count (0)