aravot.am: Այսօր ԱԺ ճեպազրույցները «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը սկսեց՝ մեջբերում անելով «Ազգային անվտանգության ռազմավարությունից», որտեղ նշված է. «Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ, ՀՀ-ն, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում: ՀՀ-ն կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ այսօր դեռ «տաք ենք», բայց Արցախի կորուստը մեր ամբողջ կյանքի ընթացքում դրոշմված է լինելու: Նա ներկայացրեց խմբակցության տեսակետը. «Արցախի հակամարտությունը լուծված չի, նրա սուբյեկտայնության պահպանման, Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները գոյություն ունեցող միջազգային ձեւաչափով այլընտրանք չունեն: Եթե ՀՀ իշխանություններն իրենց ռազմավարության մեջ ընդունել են այն, որ ամբողջությամբ հայաթափել են Արցախը, դա դավաճանական կեցվածք է Արցախի ժողովրդի ու մեր պատմական Արցախի տարածքի նկատմամբ»:
Հարցին՝ ի՞նչ ռիսկեր եք տեսնում երեկ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպման չեղարկման հայտարարության մեջ, բանակցությունները փակուղո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Ակնհայտ է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետեւ Ալիեւը չի ցանկացել մեկնել: Այն, ինչ անհրաժեշտ էր ստանալու այս բանակցային գործընթացում առաջին հերթին Արեւմուտքից, ինքը արդեն ստացել է՝ բռնագաղթեցում, էթնիկ զտում Արցախից: Ինքը իր նպատակին հասել է, հետագա իր գործընթացներում շեշտը դնելու է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակը ՀՀ-ի նկատմամբ ճնշումների շարունակությունն է՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ենթակառույցների շրջափակման շրջանակներում: Մենք տեսնում ենք, որ տարբեր հարթակներում, լինի դա՝ նոյեմբերի 9-ը, լինի՝ Պրահայում, որտեղ խոսք է գնացել տարածքային ամբողջականության մասին, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, այնուհետեւ՝ Գրանադայում, այս բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ արցախյան հակամարտության հարցը, նաեւ ՀՀ խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է հայտնվել: Այս ամենը դիվանագիտական ծուղակ է: Այդ ծուղակն աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում ուժային կենտրոնների բախման ռազմադաշտ դարձնելն է Հայաստանը, որից դուրս գալը չափազանց դժվար է լինելու հայ ժողովրդի համար»:
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում
comment.count (0)