Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում
20:41 - 30 հոկտեմբերի, 2023

Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մի մտահոգություն բարձրաձայնեց

«Լեռնային Ղարաբաղում կալանավորման մեջ գտնվող մարդիկ են, դուռը բացվել է, եկել են, մենք դա ո՞նց ենք [տնօրինում], տնօրինո՞ւմ ենք - չե՞նք տնօրինում, ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով, որովհետև էդ գործընթացը էդպես քաոտիկ բնույթ է կրել, և էդտեղ նաև ռիսկեր կան, որ պետք է կարողանանք էստեղ կառավարել»,- դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց նա։

Ի պատասխան՝ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ազատ է արձակվել ԼՂ-ի մոտ 11 կալանավոր, և իրենք բոլորի տվյալներն ունեն «Անցյալ շաբաթ սպանությունով մեկը կար, եթե չեմ սխալվում՝ էնտեղ ձերբակալվա՞ծ, թե՞ կալանավորված էր, մեկին արդեն Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք, բոլորի տվյալները ունենք, որոշ անձանցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որոնք մեղադրվել են պետական դավաճանության համար, որոշ անձանցով՝ ոստիկանությունը»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ հիշյալ բոլոր անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու վրա սահմանափակում է դրված։

Դեռ հոկտեմբերի 11-ին «Ինֆոքոմը», հղում անելով Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին, գրել էր, որ ազատ են արձակվել Արցախի 15 կալանավոր (որոնցից 3-ը՝ Հայաստանում պահվող), և 1 դատապարտյալ։

Նույն օրը տեղեկատվության հարցում էինք ուղարկել ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ տեղահանման ընթացքում Ստեփանակերտից ազատ արձակված կալանավորների և դատապարտյալների թվի, և նրանց մեղսագրվող հանցանքների վերաբերյալ։ Թե՛ ոստիկանությունը և թե՛ ԱԱԾ-ն խուսափել էին մեզ տեղեկություններ տրամադրել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ազգային անվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ-ն, իսկ հասարակական անվտանգության պահպանմամբ՝ ոստիկանությունը՝ խնդրել էինք նաև մանրամասնել, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում ազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցրել էինք նաև, թե արդյո՞ք այդ անձինք ներառված են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ)։ Այս համակարգում ընդգրկվում են այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Այս հարցն ընդհանրապես անտեսվել էր։ 

ԱԱԾ-ից մեր հարցմանը պատասխանել էր Ս․ Գեւորգյանը՝ նշելով, որ տեղեկություն չունեն Արցախում ազատ արձակված և Հայաստան մուտք գործած կալանավորների և դատապարտյալների վերաբերյալ։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն, ԱԺ-ում հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է Արցախից Հայաստան եկած պետական դավաճանության մեջ մեղադրվողներով։ Այստեղից կարելի է ենթադրել հետևյալը. 

  1. ԱԱԾ-ն զբաղվում է պետական դավաճանության մեջ մեղադրվող ազատ արձակվածներով, սակայն մինչ այժմ որևէ տեղեկություն չի կարողացել հավաքել։ 
  2. ԱԱԾ-ն զբաղվում է այդ անձանցով, տեղեկություններ ունի, սակայն օպերատիվ գործողություններից ելնելով՝ այն դեռևս չի ցանկանում տրամադրել լրատվամիջոցին։ Այս դեպքում ԱԱԾ-ն կարող էր հարցման պատասխանում ձևակերպել, որ այս պահին տեղեկություն տրամադրել չի կարող։ Այս սցենարը քիչ հավանական է, քանի որ ՆԳ նախարարն այսօր ԱԺ ամբիոնից օպերատիվ տեղեկություններ դժվար թե հայտներ։ 
  3. ԱԱԾ-ն տեղեկություններ ունի, սակայն խուսափել է այն տրամադրել լրատվամիջոցին, ինչն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է հանրության նկատմամբ, քանի որ լրատվամիջոցի գործունեությունն ու տեղեկատվություն ստանալու բուն նպատակը հանրությանը տեղեկացնելն է առկա վտանգների և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների կամ անգործության մասին։ 
  4. ԱԱԾ-ն տեղեկություններ չունի, բայց նախարարին զեկուցել է, որ զբաղվում է այդ անձանցով։ Այս պարագայում դատողությունները թողնում ենք ՆԳՆ-ին։ 
  5. ԱԱԾ-ն մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 20-ին։ Միգուցե այդ օրվա դրությամբ՝ իսկապես որևէ տեղեկություն չի ունեցել նշված կալանավորների և դատապարտյալների վերաբերյալ և սկսել է նրանցով զբաղվել միայն վերջին 10 օրերին՝ ազատ արձակվելուց մոտ 1 ամիս անց։

Ոստիկանությունից մեր հարցմանը պատասխանել էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Գ Մկրտչյանը՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակից։ Միաժամանակ, նա առաջարկել էր դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը։

Նախարար Ղազարյանի՝ այսօր հայտնած մանրամասներից, սակայն, պարզ է դառնում, որ ոստիկանությունը «բոլորի տվյալներն ունի», իրականացնում է հայտնաբերման գործողություններ։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը չի ցանկացել տեղեկություն տրամադրել լրատվամիջոցին՝ ուղղորդելով հարցումն Արդարադատության նախարարությանը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Արդարադատության նախարարությունը զբաղվում է ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներով և դատապարտյալներով, իսկ առանց օրինական հիմքի ազատ արձակված անձանց հայտնաբերումը ոստիկանության լիազորության շրջանակում է։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 18-ին։ Այսինքն՝ կալանավորների/դատապարտյալների ազատ արձակվելուց մոտ 1 ամիս անց գերատեսչությունը այս խնդիրն իր լիազորությունների շրջանակում չի համարել։

Մնում է հասկանալ՝ այդ ի՞նչ սկզբունքով է իրավապահ համակարգը որոշում, որ պատգամավորի բարձրացրած մտահոգությունն ավելի ծանրակշիռ է, և դրան պետք է պատասխանել, իսկ լրագրողի հարցերը, փաստորեն, կարելի է առանց վարանելու անտեսել։

Նման խտրական և ոչ գործընկերային մոտեցումը՝ պետության և հանրության երկխոսության մեջ կարևորագույն դերակատարի՝ մեդիայի նկատմամբ, շահավետ չէ նույն այդ պետության և հանրության միջև վստահության ձևավորման և ամրապնդման տեսանկյունից։

 

Ինֆոքոմ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել