Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ»:
«Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով ««Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։
Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձեւավորելու կամ այն գլխավորելու հարցեր։
Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի։
Հայաստանի անվտանգության ահագնացող հիմնախնդիրները, Արցախի հայերի բռնի տեղահանումը, հայկական ինքնությանը սպառնացող վտանգները, Հայաստանում հասարակության ներքին պառակտումն ու թշնամանքը, Սփյուռքի հետ համակարգային խզված կապերը պահանջում են հրատապ լուծումներ: Այս հարցերը խորապես մտահոգում են ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակցի, այնպես էլ ինձ:
Ես ինքս երբևէ չեմ խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, և իմ գործունեությունը մշտապես մեր հանրության աչքի առաջ է։
Նորից եմ կրկնում այն, ինչ արդեն 1 անգամ հրապարակայնորեն ասել եմ 1 տարի առաջ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:
Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,- գրել է նա:
comment.count (0)