Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:
Ողջունելով հյուրին` նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, մասնավորապես, համայնքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պետրոս Թերզյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Սյունիքի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում իրականացվող բազմոլորտ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են անասնապահության նորագույն մեթոդներով կազմակերպմանը, նոր մշակաբույսերի ներմուծմանն ու ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:
Պետրոս Թերզյանը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության, բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված նախատեսվող ծրագրերի մանրամասները, որոնք կիրականացվեն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը պետք է ընդհանրական բնույթ ունենան և միտված լինեն Հայաստանում գյուղատնտեսության կազմակերպման նորագույն մեթոդների ներդրմանն ու համապատասխան մասնագետների պատրաստմանը: Այս համատեքստում կարևորվել է, մասնավորապես, Տավուշում հիմնված գյուղատնտեսական դպրոցը, որտեղ համապատասխան գիտելիքներ և փորձ է ստանում դպրոցի շուրջ 40 սան:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համայնքներում էկոտնտեսությունների հիմնադրման և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
comment.count (0)