armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատը վերցնելուց ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին աջակցություն հայտնելու համար:
Նազարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուն:
Գեղամ Նազարյանը նախ Լևոն Քոչարյանի հետ կապված քրեական գործը որակեց շինծու:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս դեպքում պատգամավորական մանդատը վերցնելը վահա՞ն չէ՝ ազատության մեջ հայտնվելու համար՝ Նազարյանն ասաց. «Եթե կա Քրեական օրենսգիրք, կա Սահմանադրություն և, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի այնքան մեծամասնություն խորհրդարանում, որ կարող է ցանկացած պահի քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն, ես չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է: Համաձայն չեմ մեկնաբանության հետ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը: Կհարցնեք, թե ինչո՞ւ 3 հոգի հրաժարվեցին մանդատից. հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջն աջակցություն հայտնելու համար»:
Ըստ պատգամավորի՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած այդ 3 անձինք գտնում են, որ ավելի ճիշտ է, որ այս պահին Լևոն Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք:
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին մանդատը տվեց ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։
Այդ պահի դրությամբ Լևոն Քոչարյանը կալանավորված էր, նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նույն օրն՝ ավելի ուշ, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։
comment.count (0)