ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Ղազարյան
 |armeniasputnik.am|
16:34 - 12 նոյեմբերի, 2023

ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Ղազարյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարությունը, այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։

Ղազարյանը շեշտեց, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։

«Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն և մենք ունեինք այդպիսի իրավիճակ։ Սա կոլեկտիվ կերպով մարդկանց մի խմբի պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի` բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ անձնանց փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը (ծագման վայրում մարդու իրավունքների զանգվածային, հասարակական խախտումներ)։ Այս ամենից ելնելով ԼՂ բնակչությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցվել և ճանաչվել նաև փախստական»,- նշեց նա։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև ընդգծեց, որ դրանից հետո անձինք անհատական կարգով հնարավորություն ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվել բոլոր իրավունքներից և պարտականություններից, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։

Փախստականները չեն օգտվում քաղաքական իրավունքների ծավալից, ընտրելու և ընտրվելու իրավունքներից։

Հիշեցնենք, որ ԼՂ բնակչությանը տրամադրված կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են և ոչ թե քաղաքացիության հավաստում։ ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար միջազգային ատյաններ դիմելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել