1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է.
«Այս հակամարտությունը տարածաշրջանում ԽՍՀՄ և Ռուսաստանի ներգրավվածության ժառանգությունն է: Մենք գործ ունենք դարեր ի վեր այդ դերակատարության հետ, խոսքը հատկապես վերջին երեք տասնամյակի մասին է: ԼՂ-ից արմատախիլ արվեց, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, 100 հազար մարդ: Նրանց հետ այնտեղից հեռացավ նաև մի ամբողջ մշակույթ, առնվազն՝ ժամանակավորապես:
Մենք պնդում ենք, որ մարդիկ պետք է հասանելիություն ունենան այդ տարածաշրջանի հանդեպ, ունեցվածքի, մշակույթի հանդեպ: Նաև պետք է երաշխավորել, որ մարդիկ հավաստի տեղեկություններ ստանան վերադառնալու վերաբերյալ բոլոր հնարավորությունների մասին: Նրանք պետք է իմանան, որ կարող են վերադառնալ և ապրել ԼՂ-ում, եթե նման որոշում կայացնեն:
Ինձ համար ոգևորող էր, որ ՄԱԿ-ը և ԿԽՄԿ-ն զեկուցել են, որ անխոչընդոտ հասանելիություն ունեն դեպի ԼՂ, որպեսզի հաստատեն տեղում ստեղծված պայմանները: Մենք աշխատում ենք, որպեսզի վստահ լինենք, որ նրանք նաև կարողացել են հանդիպել Հայաստանում գտնվող փախստականների հետ, որպեսզի նրանց տրամադրվի հստակ և վստահելի տեղեկություն:
Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որպեսզի այդ մարդիկ ունենան կենսունակ որոշում կայացնելու հնարավորություն, ունենան տեղեկություն և իրավունքներ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար: Մենք սեպտեմբերին արդեն գումար հատկացրել ենք փախստականներին օգնելու համար: Ես նաև հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի հետ՝ փախստականներին հետագա աջակցության տրամադրմանն ուղղված մեր այլ քայլերը քննարկելու համար: Պետքարտուղարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետաքննում է ստեղծված իրավիճակը, վերլուծում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Երբ մեր զեկույցը պատրաստ լինի, մենք ուրախ կլինենք այն ներկայացնել ձեզ:
Երկրորդ ուղղությունը, որտեղ աշխատում ենք, Հայաստանին տրամադրվող աջակցությունն է: Անցած երկու տարվա ընթացքում ես Հայաստանի հետ աշխատելու հնարավորություն ունեցել եմ՝ որպես պետքարտուղարությունում պատժամիջոցների համակարգող: Շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությամբ՝ կատարելու բարեփոխումներ և դիվերսիֆիկացնելու գործող տնտեսական, քաղաքական, էներգետիկ և անվտանգային հարաբերությունները, հատկապես՝ անդրատլանտյան համայնքի հետ: Կարծում եմ՝ մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին այս դժվարին իրավիճակում: Այն որոշումները, որոնք Հայաստանում խիզախորեն կայացվում են, ի վիճակի կլինեն ժողովրդի համար ապագայում երաշխավորել անվտանգ, կայուն և բարգավաճ ապագա: Մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք՝ Հայաստանին առաջիկա ամիսների ընթացքում աջակցություն առաջարկելու ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանի հետ ուրբաթ օրվա իմ հանդիպման ընթացքում դա նույնպես քննարկվել է: Կարևոր է, որ մենք աջակցենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը և նրանց կայացրած որոշումներին:
Երրորդ ուղղությունը խաղաղության համաձայնագիրն է, որի ուղղությամբ աշխատում ենք: Կողմերն արդեն մի քանի անգամ հանդիպել են, ԵՄ-ն նույնպես միջնորդական ջանքեր է իրականացնում: Այսօր էլ կողմերից մեկի հետ հանդիպում է լինելու: Առաջիկա երկու շաբաթը հույժ կարևոր է լինելու՝ ստուգելու համար կողմերի պատրաստակամությունը՝ բարի ցանկություն հայտնելուց անցնել՝ ԱՅՈ ասելուն: Բոլորս էլ գիտենք, որ բանակցություններում ամենադժվարը ԱՅՈ ստանալն է: Մենք դրան հասնելու համար լուրջ ջանքեր ենք գործադրում: Սեպտեմբերից սկսած՝ բարձրաստիճան պաշտոնյաների 13 այց է տեղի ունեցել դեպի Երևան և Բաքու, ինչպես նաև կողմերի միջև կայացած հանդիպումները: Մենք նաև սերտ համագործակցում ենք մեր թուրք գործընկերների հետ:
Մենք հստակ ասել ենք, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք: Այս ընթացքում մենք չեղարկել ենք մի քանի բարձր մակարդակի այց, դատապարտել ենք գործողությունները: Սակայն 907-րդ բանաձևի կիրառման արգելքի որոշումը կկայացվի առաջընթացը քննարկելուց հետո:
Ինչու՞ ենք հատկապես հիմա խոսում խաղաղության մասին, այլ ոչ թե տարիներ առաջ: Առաջին հերթին տնտեսական շահերն են, որ գոյություն ունեն: Ասիայի երկրներն ուղիներ են փնտրում իրենց ապրանքները դեպի Արևմուտք արտահանելու համար: Դրանք կարող են անցնել Ադրբեջանով, Վրաստանով կամ Հայաստանով՝ դեպի Թուրքիա: Մենք ասել ենք՝ ուժի որևէ կիրառում անընդունելի է: Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ, ինչը կբերի տարանցման բումի՝ տարածաշրջանի երկրների և գլոբալ շուկաների համար, քանի որ հասանելիություն կապահովվի նշված ապրանքների հանդեպ:
Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի: Դա հաջողության չի հանգեցնի, ընտրությունը պարզ է: Մեկ այլ ասպեկտն էլ այն է, թե այս երկրներն ապագայում ինչ քաղաքական հարաբերություններ են ցանկանում ունենալ: Կարծում եմ, ապագան, որը կառուցված է լինելու Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների շուրջ, կլինի անկայուն և անցանկալի՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար: Նրանք այսօր ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, և մենք հիմա փորձում ենք հստակեցնել դա: Հույս ունեմ՝ առաջիկայում այդ մասին ավելի բարձրաստիճան արձագանքներ կունենանք»:
comment.count (0)