Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան
23:00 - 16 նոյեմբերի, 2023

Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Կանադայի Խորհրդարանական Կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի և ծրագրի փորձագետ Փինա Դի Ինթինոյի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպման նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ նախանշել առաջիկայում իրականացվելիք աշխատանքային ուղղություններն ու առաջնահերությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք ոլորտային փորձագետի հետ քննարկել են անձնական օգնականի ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման առնչությամբ հարցեր:

Անահիտ Մանասյանն ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

«Մեզ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ծրագրային դրույթներ ամրագրենք, այլ նաև համատեղ ջանքերի արդյունքում նպաստենք ծրագրի արդյունավետ իրականացմանը բոլոր այն խնդիրների տեսանկյունից, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է կառուցվի մեր աշխատանքը»,- ասել է Պաշտպանը։

Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը իր հերթին շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության համար՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և երկարաժամկետ համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել