Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
19:39 - 18 նոյեմբերի, 2023

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես եկան հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
 
ԵՀԽ-ն իր զորակցություն է հայտնում հայ ժողովրդին, Եկեղեցուն և հատկապես բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձություններից հետո ստիպված են եղել փախուստի դիմել իրենց հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։
 
Ժողովականները նաև ափսոսանք են հայտնել, որ 1992-1994 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո չեն գտնվել ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:
 
ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին և կարիքավորներին։
 
ԵՀԽ անդամները նաև կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել այն էթնիկ հայերի անվտանգությունն ու հավասար իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը (ներառյալ կրոնական և պաշտամունքային վայրեր այցելելը), ինչպես և հնարավորություն ընձեռնել ու դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության այցը տարածաշրջան և փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:
 
Ժողովականները դիմեցին Եվրամիությանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելությունը՝ ապահովելով բավարար անձնակազմ և միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։
 
ԵՀԽ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնամուխ լինել այդ խնդրի կարգավորմանը, և ձեռնարկել արագ ու վճռական գործողություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում։
 
Ժողովականները խնդրեցին ԵՀԽ գլխավոր քարտուղարին շարունակաբար հետևել 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան այցելած ԵՀԽ պատվիրակության դիտարկումներին և եզրակացություններին։
 
ԵՀԽ-ն հրավիրեց անդամ բոլոր Եկեղեցիներին աղոթել տուժած անձանց համար, աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հայ ժողովրդին ցավալի և ապագայի նկատմամբ անորոշ այս ժամանակներում ծառայություն իրականացնելիս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել