Անկլավ/էքսկլավների հարց կա, բայց խնդրի լուծման առարկայական պայմանավորվածություն չկա․ Նիկոլ Փաշինյան
 |armenpress.am|
16:57 - 24 նոյեմբերի, 2023

Անկլավ/էքսկլավների հարց կա, բայց խնդրի լուծման առարկայական պայմանավորվածություն չկա․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում պետք է կարգավորվի անկլավ/էքսկլավների հարցը, հարցի լուծման տարբերակները մի քանիսն են, սակայն առարկայական պայմանավորվածություն դեռ չկա: 

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք բանակցություններում անկլավների հարց կա՞:

«Նման հարց, այո, կա: Սակայն ի՞նչ է նշանակում այդ հարցը, որտեղի՞ց կա և ինչո՞ւ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքների հիման վրա: Երբ ասում ենք Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է որևէ ձևով հասցեագրվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է, և ինքը չի կարող ուղղակի ասել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունի:

«Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և Խորհրդային միության քարտեզներով ու որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել: Եթե մենք ասենք, որ անկլավների հարց չկա, ուրեմն պետք է ասենք նաև, որ էքսկլավի հարց չկա՝ Արծվաշենի հարց չկա: Բայց երկու հարցերն էլ կան: Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարբերակները մի քանիսն են: «Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Բազմաթիվ հարցեր կան այստեղ: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, որովհետև պետք է վերահաստատել, թե ինչքան է այդ էքսկլավի տարածքը: Երկրորդը՝ եթե մենք հենց այս ֆիզիկական պարամետրերով ենք այս հարցը լուծում, հարց կա՝ անմիջական սահման Արծվաշենի հետ մենք չունենք, ինչպե՞ս ենք մենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման գոյություն ունեցող տարածքն անցնելու և համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր հերթին այդ պարագայում»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հարցը կարող է լուծվել նաև ուրիշ տարբերակով՝ այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե Հայաստանի տարածք, այն, որ պարփակված է Ադրբեջանի տարածքով, սկսում է համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է  նաև Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվի:

Բանակցություններում այդ թեմայով քննարկումներն, ըստ վարչապետի, եղել են: Այս թեմայով կոնկրետ առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն չկա:

«Անկլավ-էքսկլավների հարց, այո, կա, այդ հարցի լուծման տարբերակները ես մոտավորապես ասացի»,-նշեց նա՝ հավելելով, որ հարցի լուծման տարբերակի շուրջ համաձայնություն հիմա չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել