hetq.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Գազայի հատվածում վերսկսում է ռազմական գործողությունները՝ «պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման սադրանքներից հետո»: Երևանի ժամանակով ժամը 07:54-ին ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Գազայի հատվածից արձակված հրթիռը:
«ՀԱՄԱՍ-ը խախտել է օպերատիվ դադարը և կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը տարածվել է բանակի տելեգրամյան ալիքում։
Գազայի հատվածից հրթիռային արձակումների մասին նախազգուշացնող ազդանշանները հնչել էին տեղի ժամանակով առավոտյան մոտ ժամը 6-ին և 7-ին:
Դեռ այս գիշեր The Wall Street Journal թերթը, հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին, պնդում էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարի ռեժիմը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ պայմանավորվածության շրջանակներում պետք է ազատ արձակվեին ևս 10 պատանդներ՝ հիմնականում կանայք և երեխաներ:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտել անցած ուրբաթ: Այն ձեռք էր բերվել Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Պայմանավորվածությունը ներառում էր Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը և իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի բանտարկյալների հետ՝ «երեք բանտարկյալ մեկ պատանդի դիմաց» սկզբունքով: Նախնական պայմանավորվածությունը ենթադրում էր քառօրյա հրադադար։ Դրանից հետո պայմանավորվածությունը երկարաձգվեց ևս 2 օրով, իսկ հետո՝ 1-ով։
Հրադադարի յուրաքանչյուր լրացուցիչ օրվա պայմանը ևս 10-ը պատանդների վերադարձն էր։ Նախօրեին ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել ընդամենը 8 մարդու, սակայն Իսրայելը համաձայնել էր երկարաձգել հրադադարը: Ենթադրվում էր, որ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի ևս մի քանի օրով։ Այդ ուղղությամբ աշխատում էին միջազգային միջնորդները, այդ թվում՝ նախօրեին Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հրադադարի մեկ շաբաթվա ընթացքում ազատ է արձակվել իսրայելցի 81 պատանդ: Գերության մեջ շարունակում է մնալ ևս 137-ը։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ նրանցից մի քանիսը ողջ չեն։
comment.count (0)